Այդքան կրքեր բորբոքել տարածքների վերաբերյալ պետք չի. Կարինե Աճեմյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնը օրեր առաջ հրապարակել էր ղարաբաղյան կարգավորման 2011թ. Կազանի փաստաթուղթը, որը բավականին ուշագրավ նրբերանգներ է պարունակում: Մասնավորապես, այնտեղ հստակորեն խոսվում է Ադրբեջանին ԼՂՀ 5, ապա եւս 2 տարածքներ զիջելու մասին:

Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը մի քանի հարցեր է ուղղել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանյանին

-Տիկի՛ն Աճեմյան, ըստ էության, այժմ ԼՂՀ հակամարտության խնդրի շուրջ տարվող բանակցությունների սեղանին Կազանյան փաստաթուղթն է դրված, ինչը փաստում է, որ հայկական կողմը չի հրաժարվում Ադրբեջանին տարածքներ զիջել: Դուք այս մասով ի՞նչ կասեք:

-Այդքան կրքեր բորբոքել տարածքների վերաբերյալ պետք չի, երբ իրականում մենք գիտենք, որ դա հարց է, որ ամրագրված է ԼՂՀ Սահմանադրությամբ: Բակո Սահակյանն ինքն էլ շեշտեց, որ միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքով եւ հանրաքվեով կարող են նման հարցերը լուծվել: Այս ակտիվ շրջանում, երբ մեր թե՛ արտաքին եւ թե՛ ներքին մարտահրավերները տասնապատկվել են, դաշտում չափազանց զգույշ պետք է լինել:

Դա հարց չէ, որը կլուծվի թաքուն կամ ընդհատակյա: Այս օրերին ե՛ւ հարթակում կանգնած, ե՛ւ, առհասարակ, վերլուծություններ անելիս շատերին լսեցի, ովքեր հեռու են Ղարաբաղից, Ղարաբաղում ընդհանրապես չեն եղել, ընդամենը իշխանություններին հակադարձելու համար չի կարելի այդ հարցը այդքան շահարկել:

-Կազանյան փաստաթղթում նշված է, որ Լեռնային Ղարաբաղին հարակից ադրբեջանական բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, վերադարձվում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Սա նշանակում է, որ վտանգված է նաեւ հայ բնակչության բնականոն կյանքը:

-Տարիների ընթացքում եղել են մադրիդյան սկզբունքեր, Կազանյան փաստաթուղթ, հետագայում հանդիպումներ, եւ, չգիտես ինչու, հիմա կոնկրետ Կազանյան փաստաթուղթն է անընդհատ մեջբերվում կամ հղում արվում:

Ինքս համարում եմ, որ մեր երկրի ղեկավարները շատ ավելի ճկուն քաղաքականություն են վարում, եւ անհնար եմ համարում որեւէ փաստաթուղթ, որը մեր շահերին դեմ կլինի, մեր ժողովրդին կտարհանի կամ Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը կխարխլի:

-Տիկի՛ն Աճեմյան, շուրջ 8 ամսից Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են իրականացվելու: Չեք կարծո՞ւմ, որ ճիշտ չէ այժմ գործող իշխանության կողմից ԼՂՀ խնդրի շուրջ առարկայական բանակցություններ վարել, քանի որ հնարավոր է ընտրությունների արդյունքում իշխանության կազմը փոփոխվի:

-25 տարվա ընթացքում մենք ղարաբաղյան հարցում նույն տրամաբանությամբ գնացել ենք առաջ, այսինքն՝ ինշխանությունները միշտ նպատակաուղղված են եղել դեպի ինքնորոշման, հարցի ճանաչման, ԼՂՀ անվտանգության պահպանման: Չեմ կարծում՝ որեւէ իշխանություն եթե փոխվի կամ շարունակի գործել, այս տրամաբանությունից դուրս լինի:

Արփինե Թովմասյան




Լրահոս