«Տնփեսա»-ի Սիլվան ուրախ է, որ հեռուստաեթերում ինքը չկա (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հեռուստատեսային նախագծերից եւ սերիալներից հայտնի դերասանուհի Լուսինե Արշակյանին վերջին շրջանում էկրաններին չենք տեսնում: Այնինչ՝ «Տնփեսա» սիթքոմում նրա մարմնավորած կերպարը` Սիլվան, հասցրեց սիրվել ոչ միայն Անուշավան պապի (Մկոյի կերտած կերպարի), այլեւ հեռուստադիտողների կողմից: «Ժողովուրդ»-ը հետաքրքրվել է` արդյոք դերասանուհուն առաջիկայում կտեսնենք այլ նախագծերում, արդեն` նոր դերերում:

14055526_1119392061475192_2085477754_n

«Շատ հավանեցի Սիլվային եւ մեծ սիրով, զգուշությամբ մոտեցա ինձ վստահված դերին: Դիտելով սիթքոմը զուտ որպես հեռուստադիտող` ինքս հաճախ մեծ բավականություն էի ստանում»,-ասաց Լուսինեն` հավելելով, որ եթե հրավեր ստանա նմանատիպ մի նախագծից, որի շրջանակում մատուցվելիք հումորն աչքի կընկնի զսպվածությամբ, անպայման կընդունի այն:

14081023_1119392064808525_592603854_n

Դերասանուհին, սակայն, տեղեկացրեց, որ այժմ որեւէ նախագծից հարմար առաջարկ դեռ չունի: Այդ փաստը, ամեն դեպքում, չի մտահոգում նրան, հակառակը` նույնիսկ ուրախացնում է. «Երկար ժամանակ եթերում լիելով` կարոտել էի իմ սիրելի թատրոնն ու կերպարներիս»,-խոստովանեց նա:

14080925_1119392044808527_786428618_n

Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհին այժմ վայելում է ամառային արձակուրդը, որպեսզի թարմ ուժերով դիմավորի նոր թատերաշրջանը. «Ունենալու եմ գերհագեցած աշխատանքային գրաֆիկ` փորձեր, ներկայացումներ եւ այլն… Ի դեպ, նշեմ, որ նոր թատերաշրջանում պատրաստվում ենք վերականգնել «Չարենցի ուղղիչ տունը» ներկայացումը (հեղինակ` Աղասի Այվազյան), որտեղ մարմնավորում եմ իմ շատ սիրելի Մանիշակին»,-մանրամասնեց նա:

Լուսինեն, խոսելով հայ թատրոնի այսօրվա խնդիրների մասին, նկատեց, որ այն միշտ կանգուն է, պարզապես երբեմն բժշկության կարիք ունի. «Պակասում են ներկայացումները, որտեղ կարծարծվեն հոգեւոր թեմաներ: Թատրոնի «հիվանդանալու» պատճառը հենց հոգեւոր սննդի բացակայությունից է»,-շեշտեց նա:

Ի դեպ, քչերը գիտեն, որ Լուսինեն սովորել է Երեւանի թատերական ինստիտուտի երաժշտական թատրոնի դերասանի բաժնում` Արթուր Գրիգորյանի արվեստանոցում: Նա ունի տեսահոլովակներ, տասնյակ թվով ձայնագրած երգեր. «Սիրում եմ երգել ու ստեղծագործել: Պարբերաբար մասնակցում եմ համերգների. շատերի համար դա անակնկալ բացահայտում է լինում, որն ինձ ուրախացնում է: Այժմ իմ մտահորիզոնում երերում է այն երգը, երաժշտությունը, որը դեռ չի հասունացել, բայց մի օր անպայման կծնվի…»,- եզրափակեց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս