ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկում տեղ են գտել նաեւ Հայաստանի կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունները: «Աշտարակ կաթ»-ը կաթնամթերքի շուկայում 46 տոկոս մասնաբաժին ունի եւ համարվում է գերիշխող դիրք ունեցող ընկերություն: Սակայն այս տարվա վեց ամիսներին ընկերությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զգալի նվազեցրել է հարկերը:
Այսպես՝ այս տարվա հունվար-հունիսին կաթնամթերքի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող «Աշտարակ կաթ» ընկերությունը 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 250-րդ տեղը եւ վճարել 236 մլն 985 հազար 700 հազար դրամ հարկ: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նշված ընկերությունը վճարել է 464 մլն 270 հազար 700 դրամ հարկ, իսկ 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 117-րդ տեղը: Ասել է, թե ընկերությունը այս տարվա հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 227 մլն 285 հազար դրամով քիչ հարկ է վճարել: Հիշեցնենք, որ «Աշտարակ կաթ» ընկերությունը նախորդ տարի ֆինանսական խնդիրներ ուներ եւ կաթի մթերման դիմաց կուտակված որոշակի պարտքեր էր կուտակել: Հավանաբար սա է պատճառը, որ ընկերությունը հարկերը նվազել են:
Իսկ, ահա, «Դուստր Մարիաննա» ընկերությունը նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատ այս տարի վճարած հարկի չափը ավելացրել է ավելի քան 63 մլն դրամով: «Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ընկերությունը վերոնշյալ ժամկետում վճարել է 389 մլն 993 հազար 500 դրամ հարկ եւ 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 150-րդ տեղը: Իսկ նախորդ տարվա հունվար-հունիսին վճարել է 326 մլն 672 հազար դրամ՝ զբաղեցնելով 167-րդ տեղը:
«Բիոկաթ» ընկերությունը նույնպես այս տարվա առաջին կիսամյակում ավելի քան 9 մլն դրամով է ավելացրել վճարած հարկերը: Այս տարվա վեց ամիսներին զբաղեցնելով 842-րդ տեղը՝ վճարել է 58 մլն 518 հազար 500 դրամ հարկ: Իսկ նախորդ տարի այս ընկերությունը զբաղեցրել է 955-րդ տեղը եւ վճարել 48 մլն 817 հազար 200 դրամ հարկ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ