Շիրակի թեմի առաջնորդը պատարագ է մատուցել սահմանամերձ Մեղրաշատ գյուղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի օգոստոսի 21-­ին կիրակնօրյա պատարագ մատուցվեց սահմանամերձ Մեղրաշատ գյուղում: Թուրքիային սահմանակից գյուղը եկեղեցի ունի՝ այն էլ տարածաշրջանում ամենամեծը, սակայն հիմնականում 1988 թվականի երկրաշարժի պատճառով վթարային դարձած կառույցի վերականգնման փորձեր այսքան տարիների ընթացքում չեն արվել: Մեղվապահների մեծ թիվ ունենալու պատճառով 1946 թվականից Մեղրաշատ վերակոչված Ղարամամադ պատմական անվանումն ունեցող տարածքի բնակչությունը հիմնականում գաղթականներ են Բասենից ու Մուշից, ովքեր հիմնվելով Ախուրիկ գետի վերին հոսանքում, առաջինը կառուցում են եկեղեցի նախ փայտաշեն, ապա արդեն ավելի ուշ՝ 1901 թվականին՝ քարաշեն, որը հեռվից թվում է թե բազիլիկ է, սակայն մոտիկից իրականում միագմբեթ է, որը փլուզված է: Եկեղեցին զանգակատուն էլ է ունեցել, սակայն հիմա պահպանվում է միայն զանգակատան մի սյունը: Գյուղում թեև ժամանակին ապրել են նաև հույներ, սակայն այսօր միայն Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ են բնակվում: Սուրբ Աստվածածնի անունը կրող եկեղեցում Աստվածամոր բարեխոսությամբ մատուցված պատարագից հետո թեմակալ առաջնորդը խորհուրդ տվեց մեղրաշատցիներին՝ եկեղեցու վերականգնման խնդիրը «չբարդել» ուրիշների ուսերին, այլ սեփական նախաձեռնությամբ ու սեփական միջոցներով վերականգնել այն. հատկապես սահմանային գյուղերը, որոնք այնքան մոտ են թուրքական գյուղերին, պետք է նորոգ եկեղեցիներ ունենան՝ բարձր խաչով ու զանգակատնով: Այս եկեղեցիներից ավելի բարձր պատարագի ու շարականի ձայն պետք է լսվի՝ խլացնելով նամազի ձայնը:

150 տարի առաջ մեղրաշատցիներն այնքան էլ ավելի լավ վիճակում չէին քան հիմա, սակայն նախ կառուցել են Աստծո տունը, ապա նոր այլ կառույցներ: «Ցանկացած համայնք բարեկեցիկ չէ, եթե եկեղեցին բարեկեցիկ չէ: Հարյուր տարի առաջ այս գյուղի նախնիները հարուստ ու բարեկեցիկ չեն եղել, բայց կառուցել են այս հիասքանչ տաճարը, ուրեմն մեղրաշատցին ինչպիսի՜ հավատք է ունեցել 100-­150 տարի առաջ, որ փոքր մատուռ չի կառուցել, այլ իր հավատքին արժանի նման մեծ կառույց, և այսօր զարմանում եմ այսօրվա մեղրաշտցիների հավատքի չափով՝ պասիվ ու կրավորական կեցվածքով, որ ինչ որ մեկը գա ու այս եկեղեցին նորոգի»,­ իր խոսքում նշեց Միքայել սրբազանը:




Լրահոս