ԵՐԿԱՐԱՎԻԶ ԿԱՆԱՆՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍԵՌԱՓՈԽ ՏՂԱՄԱՐԴԻԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի ամիս է` ATV-ի եթերում ցուցադրվում է Վարդան Սարգսյանի «Տնից հեռու» հաղորդաշարը, որի շրջանակում նա ճամփոդում է երկրե-երկիր եւ բացահայտում տեղի մշակույթը, տեսարժան վայրերը, ավանդույթները, զրուցում է ամենատարբեր աստղերի հետ: Վարդանը «Ժողովուրդ»-ին պատմել է, թե հեռուստադիտողների համար ինչ նոր հետաքրքիր զարգացումներ են սպասվում, եւ ինչ փորձությունների միջով է ստիպված եղել անցնել ինքը` ամենատարբեր թողարկումների նկարահանումների ընթացքում:

-Վարդա՛ն, Ձեր վերջին շրջագայությունը ո՞ր երկրում եք կատարել: Առաջիկայում ի՞նչ հետաքրքիր անակնկալներ են սպասվում հեռուստադիտողներին:
-Օրեր առաջ ավարտեցինք Աջարիային նվիրված հաղորդումների շարքը: Իսկ այժմ եթեր է հեռարձակվում Թաիլանդին նվիրված հաղորդումը: Ի դեպ, երեքշաբթի օրը հեռուստադիտողները ականատես կլինեն իմ այցելությանը երկարավիզ կանանց գյուղ` Կարեն: Ես ծանոթացել եմ այդ կանանց նիստուկացին, պարզել եմ` ինչպես են նրանք ողջ կյանքի ընթացքում կրում այդ ծանր վզնոցները: Բացի այդ` քանի որ Թաիլանդը հայտնի է սեռափոխությունների բարձր ցուցանիշով, մասնավորապես` կնոջ վերափոխված տղամարդկանց մեծ քանակով, ես հայկական հեռուստատեսության պատմության մեջ առաջին անգամ առիթ կունենամ ներկայացնելու հարցազրույց` կին դարձած տղամարդու հետ, որը իր նպատակին հասնելու համար ենթարկվել է մի շարք վիրահատությունների: Բացի այս ամենը, բնականաբար, հեռուստադիտողները կծանոթանան Թաիլանդի մշակույթին, այնտեղի հանրահայտ ու դեռեւս չբացահայտված վայրերին:
-Հիմա շատերը կնախանձեն Ձեզ` մտածելով, որ Դուք աշխատանքի բերումով շրջում եք ողջ աշխարհով եւ այդ կերպ կարողանում եք նաեւ հանգստանալ: Հետաքրքիր է` կադրից դուրս իրավիճակն ինչպիսի՞ն է:
-Եթե անկեղծ` երազում եմ տասնօրյա հանգստի մասին: Իսկ արտերկրի նկարահանումներն ինձ համար ոչ թե հանգստանալու տարբերակ են, այլ սթրեսի աղբյուր: Չէ՞ որ մինչեւ տվյալ երկիր մեկնելը հարկավոր է կազմակերպչական մի շարք աշխատանքներ տանել, գտնել հետաքրքիր մարդկանց, նկարահանման թույլտվություններ ստանալ եւ այլն: Քանի որ ինքս նաեւ նախագծի պրոդյուսերն եմ, ամեն բան իմ ուսերին է: Իսկ նկարահանումները, անկեղծ ասած, կարծես դժոխք լինեն. անդադար աշխատանք` վաղ առավոտից մինչեւ ուշ երեկո:
-Արդեն հասցրել եք մի շարք երկրներում լինել: Կառանձնացնե՞ք մի քանի հիշարժան, զվարճալի դրվագներ, որոնք պատահել են Ձեզ հետ տնից հեռու:
-Երբ նկարահանումների էինք մեկնել Հնդկաստան, շատ էի ցանկանում երկրի հայտնի աստղերից գոնե մեկի հետ ծրագրի շրջանակներում զրուցել: Եվ երբ վերջապես կարողացա կապ հաստատել հնդկական կինոյի դերասանուհի Մանդակինիի հետ, ու նա նկարահանումից մեկ օր առաջ համաձայնեց հանդիպել մեզ հետ, հանդիպման օրը՝ դերասանուհուն այցելելիս, մեր նկարահանող խումբը ավտովթարի ենթարկվեց… Սարսափելի էր… Փողոցի ամբոխը հավաքվել էր մեր շուրջ, բոլորը բղավում էին մեզ վրա, քանի որ վթարի մեղավորը մենք էինք: Իսկ այդ ընթացքում Մանդակինին մեզ էր սպասում: Հետո նրա որդին զանգահարեց եւ զգուշացրեց, որ եթե մի քանի րոպեից տեղում չլինենք, դերասանուհին այլեւս չի նկարահանվի մեր ծրագրում: Այդ ամենը բավական ծանր եմ տարել, բայց շատ ուրախ եմ, որ, ի վերջո, ոչ միայն հաջողվեց նկարահանել Մանդակինիին, այլեւ ընկերանալ նրա հետ: Հիմա երազում եմ վերջինիս հրավիրել Հայաստան:
Եվ կադրից դուրս տեղի ունեցող իրավիճակներից կարող եմ պատմել նաեւ մեկ այլ` այս անգամ զվարճալի պատմություն: Երբ նկարահանումներ էինք իրականացնում Շրի Լանկայում, եւ ես հայտնվել էի վայրի ցեղերի շրջանում, նրանց հետ կոնտակտ հաստատելը բավական դժվարությամբ էր ստացվում: Ծրագրում նկարահանվել նրանք համաձայնում էին միայն գումարի դիմաց: Եվ երբ ամեն անգամ նկարահանման 30 րոպեն լրանում էր, նրանք կանգնեցնում էին պրոցեսը եւ ստիպում հավելավճար կատարել: Անկեղծ ասած` չհասկացա, թե այդքան գումարը նրանք ջունգլիներում ինչ էին անելու (ծիծաղում է):
-Վարդա՛ն, իսկ երգարվեստով այժմ զբաղվո՞ւմ եք: Այնպիսի տպավորություն է, որ պասիվացրել եք երգչական գործունեությունը:
-Ես հաճախ հանդես եմ գալիս Հայաստանի եւ արտերկրի ակումբներում, մի քանի օրից էլ պատրաստվում եմ հյուրախաղերով մեկնել Ռուսաստան: Ի դեպ, հենց «Տնից հեռու» ծրագրի համար գրվել է մի երգ, այն կկատարեմ ես, դրա հիման վրա կստեղծվի նաեւ տեսահոլովակ. դա կլինի ծաղկաքաղ` հաղորդումների հետաքրքիր մասերից բաղկացած: Իհարկե, շատ եմ ցանկանում նկարահանել այլ տեսահոլովակներ եւս: Տեսնենք` ինչպես կստացվի…

 

 

 
«ԻՔՍ ՖԱԿՏՈՐ-4»-Ը ԵԹԵՐՈՒՄ ԿԼԻՆԻ ԱՇՆԱՆԸ

Շուտով սիրված հաղորդավար Գրիշա Աղախանյանը իր հայտնի, արդեն այցեքարտային դարձած «wow!»-ներով «Շանթ» հետուստաընկերության եթերից կրկին կողջունի հեռուստադիտողներին` «Իքս ֆակտոր-4»-ի շրջանակներում: Նա «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ երաժշտական շոու-մրցույթը եթերում կլինի աշնանից:

Մրցույթի մասին այլ մանրամասներ կհայտնենք ավելի ուշ: Իսկ մինչ այդ Գրիշայից հետաքրքրվեցինք նրա ներկայիս գործունեության մասին: Ինչպես հայտնի է՝ վերջինս, լինելով շոումեն, հանդես է եկել նաեւ մի քանի ֆիլմերում: Ուստի հարցրինք` արդյոք կան նոր առաջարկներ. «Ունեմ գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու երկու հրավեր: Կինոնկարներից մեկը, ի դեպ, կատակերգություն է: Ու թեեւ հանդիսատեսը ինձ կտեսնի հումորային կերպարում, ամեն դեպքում այն բավական կտարբերվի նախկինում մարմնավորած իմ կերպարներից»,-նշեց նա` հավելելով, որ ծրագրում է հանդես գալ նաեւ սթենդ-ափ շոու-ծրագրով, սակայն այդ մասին եւս մանրամասներ չհայտնեց:
Ի դեպ, Գրիշան նաեւ տեղեկացրեց, որ սերիալներում նկարահանվելու հրավերներ է ստանում, սակայն չի ընդունում դրանք. «Հավեսս փախել է, թեեւ երբեք էլ, այսպես ասած, սերիալային դերասան չեմ եղել: Համենայն դեպս, չեմ պատրաստվում այս տարիքում սերիալում նկարահանվել, այն էլ այն դեպքում, երբ հոնորարը ցածր է, տանջանքը` շատ: Հարց է ծագում` հանուն ինչի՞»,-նկատեց նա:
Քանի որ խոսք բացվեց տարիքի մասին, հետաքրքրվեցինք` արդյոք Գրիշան` որպես շոումեն, որոշակի տարիքից հետո ստվերում մնալու մտավախություն չունի. «Այդ նույն «վտանգը» սպառնում է նաեւ, օրինակ, արտիստներին, սպորտսմեններին: Համենայն դեպս, ինքս նման վախեր չունեմ: Դեռ ապրում, աշխատում եմ, բայց եթե գիտակցեմ, որ երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին իմ տեղը զիջելու անհրաժեշտություն կա, կդիմեմ այդ քայլին: Ժամանակը ցույց կտա»,-մեկնաբանեց նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
101 ՄԼՆ ԴՐԱՄ ԿՀԱՏԿԱՑՎԻ
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների կազմակերպման եւ անցկացման համար ՀՀ կառավարությունը բավականին լուրջ միջոցներ է հատկացնելու: Մասնավորապես՝ օգոստոսի 11-ի նիստում որոշվել է «Դասական երաժշտության աջակցություն» հասարակական կազմակերպությանը նվիրաբերություն տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացնել մոտ 101 մլն դրամ՝ 2016-ի պետական բյուջեով նախատեսված` կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
 

ՏՈՆ ՀԱՂԱՐԾԻՆՈՒՄ
Հաղարծնի վանքի տարածքը մեկ շաբաթով կվերածվի կենդանի քաղաքի: «Հաղարծնի մշակութային շաբաթ» ձեւով եւ բովանդակությամբ եզակի իրադարձությունը, որը տեղի կունենա օգոստոսի 15-21-ը, միտված է ցուցադրել Տավուշի հոգեւոր կենտրոն հանդիսացող Հաղարծնի վանքը (X-XII դդ): Այդ օրերին կանցկացվեն տեղական կաթնահունցի պատրաստման վարպետության հատուկ դասեր, քաղցրավենիքների եւ վանական կերակրատեսակների պատրաստում հնագույն վանական բաղադրատոմսերով, մոմերի ձուլում, բաց երկնքի տակ կինոդիտումներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ յոթ օրերի ընթացքում Հաղարծնի հյուրերը կարող են մասնակցել վարպետաց դասերի, խաղերի, պարերի: Այդ մեկ շաբաթվա ընթացքում երեկոյան ժամերին Ֆրեսկո փառատոնի շրջանակներում կկազմակերպվի Ռուսաստանից, Միջին Արեւելքից եւ Եվրոպայից ժամանած ռեժիսորների կարճամետրաժ հոգեւոր ֆիլմերի ցուցադրություն բաց երկնքի տակ:

 

 

ԼՈՊԵՍԸ` «ԹՄՐԱԲԱՐՈՆՈՒՀԻ»
Ջենիֆեր Լոպեսը HBO-ի նոր սերիալում կխաղա հայտնի թմրաբարոնուհի Գրիսելդա Բլանկոյի դերը: Variety-ի փոխանցմամբ` սերիալը կնկարահանվի Լոպեսի սեփական Nuyorican Productions company պրոդյուսերական ընկերության հետ համատեղ:
Նշենք, որ Բլանկոն 1970-1980-ականներին կոկաինի մաքսանենգության հիման վրա բիզնես գործունեությամբ զբաղվող առաջին թմրավաճառներից է եւ Ֆլորիդայի նահանգում ամենաազդեցիկ քրեական հեղինակությունը: Նա սպանվել է 2012-ի սեպտեմբերին` Մեդելինում:
«Տարիներ շարունակ ես հիանում էի նրանով: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ մարմնավորելու այդ կերպարը»,-ասել է Ջեյ Լոն:




Լրահոս