«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հատուկ քննչական ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել մեկ տարի առաջ տեղի ունեցած բռնությունների գործով: Պարզվում է` 2015 թվականի հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների դեմ բռնություն կիրառելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով ոստիկանության 4 ծառայողների վերաբերյալ գործի նախաքննությունն ավարտվել է: Մեղադրյալներից մեկը ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ, փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանն է, որը հունիսի 23-ին եղել է քաղաքացիական հագուստով:
Ինչ են պարզել իրավապահները
2015թ. հունիսի 23-ին՝ ժամը 05:30-ի սահմաններում, երբ ՀՀ ոստիկանության ծառայողները ջրանետ հատուկ միջոցի գործադրմամբ ցրել էին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Երեւանի Բաղրամյան պողոտայում անցկացվող հավաքը եւ բերման էին ենթարկել դրա մասնակիցների մի մասին, ոստիկանության ծառայողներ Տաճատ Նորատունկյանը եւ Արթուր Այվազյանը, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ Ֆրանսիայի հրապարակին հարակից տարածքից ապօրինաբար բերման էին ենթարկել «Ֆոտոլուր» լրատվական գործակալության ֆոտոլրագրող Հայկ Բադալյանին` խոչընդոտելով նրա մասնագիտական գործունեությունը: Նկատենք, որ լրատվամիջոցներում հայտնված տեսանյութերում հստակ երեւում է, որ ֆոտոլրագրողը ցույց է տալիս իր լրագրողական վկայականը, սակայն դա չի օգնում ոստիկաններից ազատվելու հարցում:
Փոխգնդապետը` ջարդարար
Այս պատմության մեջ ուշագրավը ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ, փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանի մասնակցությունն է:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ոստիկանության փոխգնդապետը Ազատության հրապարակում խոչընդոտել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը կատարող, տեսանելի ձեւով լրագրողական անվանաքարտ (բեյջ) կրող «Ուտոպիանա.ամ» մշակութային ստեղծագործական ՀԿ-ի «ACTV» առցանց հեռուստաընկերության լրագրող Աշոտ Բոյաջյանի լրագրողական աշխատանքին. նրանից խլել է ընկերությանը պատկանող «Canon EOS 6D» մոդելի թվային ֆոտոխցիկը եւ մի քանի անգամ հարվածելով գետնին՝ դիտավորությամբ վնասել այն՝ հիշյալ ՀԿ-ին պատճառելով 485 հազ. ՀՀ դրամի գույքային վնաս»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: