Վերջերս երբ հրապարակվեց ևս մեկ որոշում այն մասին, որ ՀՀ Կառավարությունը պետական բյուջեից պետք է 18 հազար 255 եվրո գումար փոխհատուցում տրամադրի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)՝ «Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի» վճռի կատարման համար, վարչապետ Հովիկ Աբրահամյանը բարկացավ և հանձնարարեց վերանայել դատավորների աշխատանքը, որպեսզի նման դեպքեր չկրկնվեն:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց իրավաբան Արա Ղազարյանի հետ, ով նշեց, պետությունների պարտությունները ՄԻԵԴ-ում բնական գործընթաց են. «Բոլոր պետություններն էլ Եվրոպական դատարանում պարտվում են, դա դեռևս չի նշանակում, որ դատավորը թույլ է տալիս կամայականություն, որը սակայն երբեմն հանդիպում է: Եթե կա կամայականություն, որը վարքագծի մաս է, այդ դեպքում իշխանությունները կարող են քրեական վարույթ հարուցել դատավորի նկատմամբ»:
Անդրառնալով դատավորների այն պնդմանը, որ պարտությունները կապված են օրենքի բացի հետ, իրավաբանը նշեց, որ դա ևս չի բացառվում. «Կարող է լինել օրենքի բաց, դա կարող է լինել օրենքի հնացած մեկնաբանություն, ժամանակակից իրավունքը պահանջում է նոր մեկնաբանություն: Կարող է լինել կամայականություն և իհարկե պատճառը կարող է լինել նաև տարիների պրակտիկան, որը մեկ օրում չի կոտրվի»:
Իսկ այն հարցին, թե ինչու հանկարծ հիմա հիշեցին, որ պետք է խոսել խնդրի մասին, իրավաբանը նշեց, որ կրկնվող պրոցես է. «Ամեն անգամ, երբ կառավարությունը պետբյուջեից գումար է հատկացնում որոշումների համար, խնդրի մասին սկսում են խոսել»:
Լիլիթ Շաբոյան