ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձգձգման պատճառներից մեկը համարում է հակամարտող կողմերի արժեքների տարբերությունը: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ «Բազե2016» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը, պատասխանելով հարցին՝ որքա՞ն է ձգձվելու հակամարտությունը, Սեյրան Օհանյանն ասաց. «Մեզ մոտ և մեր հակառակորդի մոտ հերոսության դրսևորումները տարբեր են: Մեզ մոտ հերոսանալ, նշանակում է նետվել պատերազմի հորձանուտի մեջ, կյանքը տալ հանուն հայրենիքի, անմահանալ, իսկ մեր հակառակորդի մոտ հերոսանալ, նշանակում է քնած մարդուն կացնով սպանել, գլուխներ կտրել և այլն: Նրանք իրենց այդ դեմքը ցույց տվեցին նաև ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում», ասաց նախարարը: Նախարարը հավելեց, որ ԼՂ հակամարտությունը դեռ երկար ժամանակ կշարունակվի, քանի դեռ հակամարտող կողմերը արժեքների համադրման եզրեր չեն գտել:
«Այն կշարունակվի այնքան, քանի դեռ լուծման միասնական տարբերակներ չեն գտնվի, քանի դեռ չեն ձևավորվի անվտանգության համակարգերի ձևավորման միասնական մոտեցումներ», ընդգծեց Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով՝ ապրիլյան քառօրյա պատերազմը որոշակի արագություն է հաղորդել հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին: «Բանակցային գործընթացի շրջանակներում մենք տեսնում ենք, որ կան հանդիպումներ, կան պայմանավորվածություններ: Հանդիպումների նպատակը բանակցային գործընթացի շարունակումն է, վստահության մեխանիզմների ձևավորումը: Մենք մշտապես ասել ենք, որ պետք է վստահության մթնոլորտ ձևավորվի, որպեսզի հնարավոր լինի բանակցությունների արդյունքում հասնել հակամարտության կարգավորմանը: Այսինքն, սա նշանակում է, որ չպետք է լինեն հրադադարի խախտումներ, դիվերսիոն հարձակումներ, ռազմական հռետորաբանություն: Մենք միշտ համանախագահող երկրներին ասում ենք, որ դա իրենց պարտականությունն է՝ միջազգային հետաքննության մեխանիզմների համար համապատասխան կարգավորումներ պետք է լինեն: Ես համանախագահներին նաև ասել եմ, որ իրենք երկրագնդի ամենափոքր կենդանու շարժը տեսնելու արբանյակային հնարավորություն ունենում են, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար այդ հնարավորությունը չեն կարողանում գտնել, որպեսզի տեսնեն, թե որ կողմն է իրականում խախտում հրադադարը», ասաց Օհանյանը: Նախարարն ընդգծեց, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով. դա է հայկական կողմի դիրքորոշումը:
«Բայց վերջին տարիներին ուժի գործադրման միջոցով Ադրբեջանի իշխանությունները փորձում են ճնշում գործադրել հայկական կողմի վրա և միակողմանի հաջողություններ արձանագրել: Եթե կռիվ լինի, մենք կռվելու ենք մինչև վերջ և պահելու ենք մեր արժանապատվությունը: Հիմա մենք գտնվում ենք բանակցային փուլում: Եթե հակառակորդը ուղղակի բանակցությունների իմիտացիա չի անում և դրան զուգահեռ ուժեր չի կուտակում նոր հարձակման համար, ապա կարելի է ինչոր արդյունք ակնկալել: Եթե նա այլ նպատակներ ունի, ապա հարցի լուծման միակ ճանապարհը Արցախի և Հայաստանի հզորացումն է»,- եզրափակեց Սեյրան Օհանյանը: