Սույն թվականի օգոստոսի 23-ին Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյա տարեդարձին նվիրված բացվեց «Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի կողմից կազմակերպված ցուցահանդեսին ներկայացվում է 1990-2016թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած կարևոր մշակութային, գիտական, քաղաքական, հասարակական, տնտեսական և այլ իրադարձությունները: Ավելի քան 133 լուսանկարները ներկայացվում են փաստագրական, արխիվային և գեղարվեստական ձևաչափով:
«Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» լուսանկարչական ցուցահանդեսում ներկայացվում են «Արմենպրես» լրատվական գործակալության, «Երևան Փրոդաքշնս» ընկերության, «PanPhoto» ընկերության լուսանկարները և լուսանկարիչներ՝ Մարտին Շահբազյանի, Հակոբ Բերբերյանի, այլ անհատների անձնական արխիվներից լուսանկարները: Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը ներկա էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և տարբեր ոլորտներից հրավիրված հյուրեր: «Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» խորագրով ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 5-ը (մուտքը ազատ է), որից հետո սեպտեմբերին այն կներկայացվի նաև Նյու Յորքում և Գլենդելում, իսկ հոկտեմբերին՝ Փարիզում և Մոսկվայում: Նշված քաղաքներում ցուցադրությունը կխմբագրվի համապատասխան տվյալ հասարակության առանձնահատկությունների:
«Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամը շնորհակալություն է հայտնում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ ցուցահանդեսը աջակցելու և հյուրընկալելու համար քաղաքապետարանի ճեմասրահում:
Ցուցահանդեսի աջակիցն է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: