ԸՕ կարևոր փոփոխությունները կյանքի կկոչվե՞ն. Արփինե Հովհաննիսյանը ներկայացնում է վերջնաժամկետից առաջ տարվող աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդամենը մեկ շաբաթ է մնացել ընտրացուցակների կազմման եւ մատնահետքերի բազայի ստեղծման համակարգի ներդրման համար օրենքով սահմանված վերջնաժամկետին, սակայն դեռեւս հայտնի չէ՝ արդյոք ԸՕ այս կարեւոր փոփոխությունները կյանքի կկոչվեն:

Տպավորություն է, որ իշխանությունն ամեն կերպ փորձում է ձախողել նոր համակարգի ներդրումը, քանի որ մի կողմից՝ այն նոր գլխացավանք է առաջացնելու իշխանությունների համար ինչպես սուբյեկտիվ՝ վերարտադրության պրոցեսի բարդացման, այնպես էլ օբյեկտիվ՝ զուտ տեխնիկական խնդիրների կարգավորման տեսանկյունից:

Մյուս կողմից էլ՝ արդեն իսկ կա Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դրական եզրակացությունն ու բարձր գնահատականը՝ 4+4+4 ձեւաչափով ձեռք բերված համաձայնության շուրջ, հետեւաբար իշխող ՀՀԿ-ին էլ պետք չէ նոր ջանքեր գործադրել՝ ընդառաջ գնալու ընդդիմության պահանջներին:
Բացի այդ, չմոռանանք, որ կա այդ համակարգերի ներդրման ֆինանսական կողմը՝ անհրաժեշտ 16 միլիոն եվրոյի հարցը, եւ մինչեւ հիմա պաշտոնապես չի հստակեցվում՝ արդյոք լուծվել է այդ խնդիրը, թե ոչ:

Ի վերջո, նոր համակարգի ներդրման համար ներկայումս ինչպիսի աշխատանքներ են տարվում սահմանված վերջնաժամկետից մեկ շաբաթ առաջ: Այս եւ ԸՕ փոփոխությունների հետ կապված այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ:

-Տիկի՛ն Հովհաննիսյան, սեպտեմբերի 1-ին պետք է ընտրացուցակների կազմման եւ մատնահետքերի բազայի ստեղծման համակարգի ներդրման հարցը վերջնականապես լուծվի, սակայն մինչեւ այժմ որեւէ հստակություն չկա:

Դուք կարո՞ղ եք պաշտոնապես հաստատել, որ ընտրացուցակների կազմման եւ մատնահետքերի բազայի ստեղծման համակարգի ներդրման համար անհրաժեշտ գումարի խնդիրը լուծվել է:

-Գումարի առկայության վերաբերյալ որեւէ պաշտոնական փաստաթուղթ չկա: Կան միայն բանավոր հավաստիացումներ:

-Հաշվի առնելով, որ ընդամենը մեկ շաբաթ է մնացել վերջնաժամկետին, կարո՞ղ եք նկարագրել, թե այդ աշխատանքները ներկայումս ինչ փուլում են գտնվում:

-Վերոնշյալի հիման վրա բանակցություններ են սկսվել մասնագիտացած կազմակերպության հետ, որը նշել է, որ տարեվերջից շուտ հնարավոր չի լինի ապահովել տասը մատնահետքերի ներդրման համար նախատեսված տեխնիկական սարքավորումները:

Այդուհետ, բանակցությունները վարվել են երկու մատնահետքի հետ կապված, բայց այդ առումով եւս նշվել է, որ պահանջվում է չորս ամիս ժամանակ, ինչը, մեր կարծիքով, անիրատեսական է՝ մեխանիզմները պատշաճ ներդնելու համար: Այդ իսկ պատճառով ներկայում իշխանությունը քննարկում է վերահսկողական լրացուցիչ մեխանիզմներ ներդնելու հնարավորությունը:

-Այս խնդիրը բուռն քննարկումների տեղիք է տվել եւ շարունակում է հանրության ուշադրության կենտրոնում մնալ: Լրագրողներիս մոտ տպավորություն է ստեղծվել, որ ՀՀ իշխանությունները, ի դեմս Ձեզ եւ Դավիթ Հարությունյանի, ամեն կերպ փորձում են խուսափել եւ ձախողել նոր համակարգի ներդրումը:

Կարո՞ղ եք փաստարկված ներկայացնել, որ Դուք Ձեզանից կախված ամեն ինչ անում եք՝ նոր համակարգի ներդրումն իրականություն դարձնելու համար:

-Ստեղծված տպավորությունները իրականության հետ որեւէ աղերս չունեն. դա է փաստում վերոնշյալը:

Արփինե Թովմասյան




Լրահոս