Օրեր առաջ մերժվեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի որդու Արամ Մանուկյանի վերաքննիչ բողոքը: Կալանքը վերացնելու մասին միջնորդությունը մերժած դատավորը Սևակ Համբարձումյանն է:
ArmLur.am-ն ուսումնասիրել է նրա` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողով ներկայացրած ունեցվածքի և եկամուտի մասին հայտարարագիրը։ Սակայն, հայտարարագրի տվյալներով, 2015 թ. որևէ շարժական և անշարժ գույք չի գնել, փոխառություն չի հանձնել, չի ստացել։ Դատավորը միայն դրամական միջոցներ է հայտարարագրել, որը տարվա սկզբին կազմել է 9.5 միլիոն դրամ, իսկ տարվա վերջում` 10.7 միլիոն։ Դատավորը 2015թ. եկամուտ է ստացել միայն աշխատավարձից, և այն կազմել է ավելի քան 10.5 միլիոն դրամ։
Դատավորի կինը Վարդիթեր Էքսուզյանը, հայտարարագրել է միայն 3 միլիոն դրամ։ Նա չի աշխատում և եկամուտի որևէ աղբյուր չունի: Իսկ նրանց զավակի՝ Ժորա Համբարձումյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ դրամական միջոցներ չունի, իսկ եկամուտը գոյացել է երկու տարբեր աշխատավարձերից` կազմելով ընդամենը 1.3 միլիոն դրամ։ Նրանց դուստրը՝ Մարիամ Համբարձումյանը, նույնպես որևէ դրամական միջոց չի հայտարարագրել, սակայն աշխատավարձի շնորհիվ ստացել է 1.8 միլիոն դրամ եկամուտ:
Հավելենք, որ Սևակ Համբարձումյանը Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր է 1999թ.-ից սկսած: Մինչ այդ նա 1995 թվականի հունվար ամսից փոխադրվել է ՀՀ Գերագույն դատարանի ֆինանսատնտեսական բաժին՝ որպես պետի ժամանակավոր պաշտոնակատար։ 1996 թվականից աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության ղեկավար։