«ՉԱՐ ԱՍԵԿՈՍԵՆԵՐՈՎ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԱՆՁՆԱԿԱՆՍ ՀԱՆՐԱՅՆԱՑՆԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել բլից-հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Դրանց շնորհիվ ընթերցողների կողմից ճանաչված անձինք կբացահայտվեն իրենց էության նոր, հետաքրքիր կողմերով, կպատմեն իրենց կյանքից քչերին հայտնի դրվագներ, հնարավոր է` երբեմն բացեն նաեւ գաղտնիքներ: Այս անգամ մենք զրուցել ենք Երեւանի Ս. Սարգսյանի անվան պետական համազգային թատրոնի դերասանուհի Արմինե Պողոսյանի հետ, ով հայտնի է «Տարտյուֆ», «Ծննդյան տոները սենյոր Կուպելոյի տանը», «Շխոնց Միհրան», «Պատվի համար», «Բլեզ», «Հացի խնդիր» եւ այլ ներկայացումներում իր կերտած կերպարներով, «Ալա Բալա Նիցա», «Եթե բոլորը», «Սուպեր մամա», «Սիրո գործակից» ֆիլմերում խաղացած դերերով: Հեռուստադիտողները նրան ճանաչում են նաեւ հեռուստասերիալներից եւ «Կարգին հաղորդում» հումորային նախագծից:

-Արմինե՛, մարդկանց հետ ծանոթանալիս, սովորաբար, ինչի՞ հիման վրա եք կազմում Ձեր առաջին տպավորությունը:
-Տվյալ անձնավորության` շփման մեջ անկեղծ լինելու չափաբաժնի: Դա երեւում է զրուցակցի աչքերից եւ միմիկայից:
-Նկարագրեք Ձեր մանկությունը մի քանի բառով:
-Լիարժեք, անհոգ մանկություն եմ ունեցել, շրջապատված եմ եղել սիրող ու հոգատար ծնողներով եւ հարազատներով։
-Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում ճանաչվելուց հետո. նշեք մեկ դրական եւ մեկ բացասական միտում:
-Լավը մարդկանց սերն է իմ արվեստի նկատմամբ: Իրոք, հաճելի է, երբ նրանք փողոցում կամ այլ վայրում ճանաչում են ինձ եւ գովեստի խոսքեր են ասում` նշելով, որ սիրում են իմ կերտած կերպարները: Բացասականն էլ այն է, որ շատերն իրենց չար ասեկոսեներով փորձում են իմ անձնական կյանքը հանրայնացնել:
-Ամենաանսպասելի քայլը, որ երբեւէ արել եք:
-Անգամ ինձ համար անսպասելի էր իմ ամուսնությունը։
-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ առավելությունը եւ թերությունը:
-Թերեւս, իմ ամենամեծ առավելությունը, որը կարող եմ միաժամանակ համարել թերություն, նվիրվածությունն է մարդկանց եւ նրանց հանդեպ մեծահոգի լինելը:
-Մարդկանց Ձեր բնավորության ո՞ր գիծը կարող է նեղացնել:
-Նեղացնելը չեմ կարող ասել, սակայն նրանց նյարդայնացնում, անգամ հունից հանում են իմ հանգստությունն ու հավասարակշռվածությունը:
-Կարող եք աչք փակել մարդկանց թերությունների առաջ, եթե…
-Եթե նրանք գիտակցում են եւ իրոք փորձում են շտկել դրանք։
-Այս երեք որակներից ո՞րն է առավել բնորոշ Ձեզ` հնարամիտ, արագ կողմնորոշվող, թե՞ նրբանկատ:
-Նրբանկատ:
-Իսկ ա՞յս երեքից` անուշադիր, ալարկոտ, թե՞ անփույթ:
-Թող մեծամտություն չհնչի, բայց այս հատկանիշներից ոչ մեկն ինձ բնորոշ չէ:
-Ո՞ր դեպքում եք այրում հետդարձի կամուրջները:
-Երբ ինձ ստում, դավաճանում են:
-Ֆոբիաներ ունե՞ք:
-Այո ունեմ, մեկը` բարձրությունից (հատկապես` ինքնաթիռով ճանապարհորդությունից), մյուսը` ջրից:
-Գրող, որը Ձեզ համար անգերազանցելի է:
-Նրանք երկուսն են` երկու Ուիլյամները՝ Շեքսպիր եւ Սարոյան:
-Տղամարդիկ միշտ նկատում են Ձեր ո՞ր հատկությունը:
– Աշխուժությունն ու էնտուզիազմը:
-Կինը սեքսուալ է, երբ…
-Երբ խելացի է:
-Անձնական կյանքում Ձեզ լիարժեք կերպով երջանիկ զգալու համար պակասում է միայն…
-Անձնական կյանքս արդեն իսկ լիարժեք է:
-Աստծո հետ Ձեր հարաբերություններն ինչպիսի՞ն են:
-Որպես հայ քրիստոնյա եւ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ` հավատում եւ սիրում եմ իմ Աստծուն եւ պարբերաբար այցելում նրա սուրբ տուն՝ եկեղեցի։
-Ապրելու համար Ձեզ բավական է միայն…
-Հարազատ մարդկանց նվիրվածությունն ու սերը:

 

 

 

 

Ո՞ՒՐ Է ԿՈՐԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

«Մի կաթիլ մեղր», «Իրական պատմություններ» ծրագրերից, «Իմ տունը քո տունը չէ» սերիալից, «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Կորցված եւ գտնված Հայաստանում», «Հրաձիգ 4» ֆիլմերից հայտնի դերասան Վարուժան Մանուկյանը վերջին շրջանում էկրաններին չի երեւում: Երկրպագուները անհանգստացած են եւ հետաքրքրվում են` ուր է «կորել» նա եւ ինչով է այժմ զբաղված:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում դերասանը հույս հայտնեց, որ առաջիկայում իր լսարանին ուրախացնելու առիթ կունենա: Նա տեղեկացրեց, որ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունից առաջարկ է ստացել նկարահանվելու նոր հեռուստածրագրում, որի շրջանակում կներկայացվեն ընտանեկան հարաբերություններին եւ սոցիալական խնդիրներին առնչվող սքեչեր. «Հաղորդումը, ամենայն հավանականությամբ, եթերում կլինի սեպտեմբերից: Եթե հեռուստադիտողը հիշում է, ես տարիներ առաջ նմանատիպ ծրագրերում հանդես եկել եմ»,-ասաց Վարուժանը:
Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանից հետաքրքրվեցինք` միայն թատրոնի աշխատավարձով ինչպես է կարողանում գոյատեւել եւ ընտանիք պահել. «Ես ինձ ավելի շատ համարում եմ թատրոնի դերասան, արդեն 15 տարի է` այնտեղ եմ աշխատում: Ամռանը մեզ մոտ երկու պրեմիերա եղավ, հիմա արձակուրդի շրջանում ենք, սեպտեմբերից կրկին կլինենք բեմում: Բայց պետք է նշեմ, որ միայն թատրոնում չէ, որ աշխատում եմ. ես նաեւ Հանրային հեռուստաընկերությունում ֆիլմերի ու մուլտֆիլմերի կրկնօրինակումներով եմ զբաղվում, անպես որ, պարապ չեմ մնում»,-ծիծաղելով պատասխանեց Վարուժանը:
«Արտավազդ» մրցանակի արժանացած դերասանը նաեւ հավելեց, որ եթե սերիալներից հարմար, հետաքրքիր առաջարկ ստանա, անպայման կընդունի այն:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ԿՆՎԻՐՎԻ 90-ԱՄՅԱԿԻՆ
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում օգոստոսի 20-ին տեղի կունենա «Հիշողության ծիսակամուրջ» խորագրով գիտաժողով-ցուցահանդեսը` նվիրված ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 90-ամյակին: Ինչպես տեղեկացնում են կենտրոնից՝ ցուցահանդեսը կգործի մինչեւ օգոստոսի 26-ը: Բացմանը կներկայացվի Հ. Շարամբեյանի գեղանկարչական աշխատանքներին նվիրված նորաստեղծ կայքէջը, ինչպես նաեւ կցուցադրվի նկարչի մասին պատմող ֆիլմ (ռեժիսոր՝ Կարեն Ադամյան): Գիտաժողովին զեկույցներով հանդես կգան անվանի գիտնականներ եւ արվեստագետներ, որոնք կներկայացնեն Հ. Շարամբեյանին` ոչ միայն որպես գեղանկարիչ, այլեւ որպես ոլորտի նվիրյալ:
Հիշեցնենք, որ Հ. Շարամբեյանը այնպիսի կտավների հեղինակ է, ինչպիսիք են` «Կոմիտաս», «Դիլիջան», «Նվիրում խաչքարին», «Գյուղական բակ Լճաշենում», «Խոր Վիրապ», «Վանի կարպետ», «Հեթանոսական տաճարի ավերակները», «Էջմիածնի հին տները» եւ այլն: Նա եղել է «Անուշ» ֆիլմի գլխավոր նկարիչը:

 

 

ՏԵՍԱՐԺԱՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի Պալերմո թաղամասում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին պաշտոնապես ընդգրկվել է քաղաքի տեսարժան վայրերի ցանկում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ զբոսաշրջիկների համար նախատեսված քաղաքի ուղեցույցը մատնանշում է այն հիմնական թաղամասերը, այգիները, հուշարձանները, թատրոնները եւ մի շարք մշակութային կոթողներ, որոնք խորհուրդ է տրվում այցելել:
«Ճանաչենք Բուենոս Այրեսը» ծրագրի կազմակերպիչներն այդ ցանկում ներառել են նաեւ հայկական տաճարը` ցույց տալու համար քաղաքում հայկական նշանակալի ներկայությունը:
Այդ առիթով Արգենտինայում եւ Չիլիում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ, արքեպիսկոպոս Գիսակ Մուրադյանը ընդունել է մի շարք զբոսաշրջավարների: Արքեպիսկոպոսը նրանց փոխանցել է հայ եկեղեցու պատմությանն առնչվող գրականություն, ինչպես նաեւ ուղղորդել սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատմությունը զբոսաշրջիկներին ներկայացնելու հարցում:

 

 

«ՀԱՐՁԱԿՈՒՄ» ԲԻԲԵՐԻ ՎՐԱ
Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը ջնջել է Instagram-ի իր հաշիվը` երգչուհի, իր նախկին ընտրյալ Սելենա Գոմեսի երկրպագուների թունոտ մեկնաբանությունների պատճառով: Associated Press-ի փոխանցմամբ` Գոմեսի երկրպագուները ագրեսիվ կերպով են արձագանքել Բիբերի այն լուսանկարներին, որտեղ նա իր ներկայիս ընկերուհու` մոդել Սոֆիա Ռիչիի հետ է: Պատասխանելով բացասական մեկնաբանություններին` Բիբերը խոստացել է, որ եթե այդ մարդիկ չդադարեն ատելությամբ լի գրառումներ անել, ինքը կփակի էջը: Զգուշացումները, սակայն, չեն սթափեցրել օգտատերերին:




Լրահոս