ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից

Երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է կոշիկի արտադրությամբ զբաղվող «Փիրալյան» ընկերություն: Կառավարության ղեկավարին են ներկայացվել ձեռնարկության արտադրական գործունեությունն ու առաջիկա ծրագրերը: Հիշեցնենք, որ անցած տարի Գյումրիում գտնվող «Տավրոս» կոշիկի ֆաբրիկան հատուկ Հ. Աբրահամյանի համար ջայլամի կաշվից կոշիկ էր կարել եւ նվիրել նրան: Սակայն պարզվել էր, որ կոշիկը փոքր է, եւ այն հետ էր ուղարկվել ֆաբրիկա: «Տավրոս» ընկերությունը Հ. Աբրահամյանի համար նոր կոշիկ էր կարել: Ի դեպ, հետագայում ընկերության տնօրինությունը վարչապետի համար կարված կոշիկը աճուրդի է հանել Գյումրիում գործող իր խանութներից մեկում եւ բավականին թանկ գնով վաճառել:

 

 

 
ՀԱՐՑ. Իմ կենսաթոշակային տարիքը դեռ չի լրացել, բայց ես աշխատանքից դուրս եմ եկել: Հիմա չեմ աշխատում: Խնդրում եմ ասեք՝ ես իրավունք ունեմ ստանալ իմ կուտակային կենսաթոշակը մինչեւ 63 տարեկան դառնալը:

Մելանյա Պողոսյան (61 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Աշխատանքը կորցնելը բավարար իրավական հիմք չէ՝ նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը կուտակային կենսաթոշակը ստանալու համար: Մասնակիցը մինչեւ 63 տարին լրանալը կարող է ստանալ իր կուտակային միջոցները հետեւյալ դեպքերում՝
1) օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ.
2) առողջական ծայրահեղ ծանր վիճակում է, եւ հիվանդ է կենսական կարեւոր օրգանների անբուժելի ախտահարումներով, որը հավաստվում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության լիազոր մարմնի տված եզրակացությամբ.
3) ՀՀ-ում աշխատող օտարերկրացի մասնակից է եւ վերադառնում է իր մշտական բնակության երկիր:
Օրենքը նախատեսում է կուտակային միջոցների՝ մինչեւ 63 տարեկանը ստանալու եւս մեկ դեպք՝
Եթե լրացել է մասնակցի 55 տարին, եւ նրա կենսաթոշակային հաշվում առկա ֆոնդի փայերի հաշվարկային արժեքը այնքան է, որ բավարարում է հիմնական կենսաթոշակի 5-ապատիկի չափով ցմահ անուիտետ գնելու համար, ապա նա կարող է ստանալ իր կուտակած միջոցները 55 տարեկանից՝ կենսաթոշակային փայերի մի մասի մարմամբ կնքելով հիմնական կենսաթոշակի 5-ապատիկի չափով անուիտետ, իսկ մնացած մասը ստանալ իր նախընտրած տարբերակով: Սա կոչվում է վաղաժամ կուտակային կենսաթոշակի իրավունք:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Աշխատանքը կորցնելու եւ այլեւս եկամուտներ չունենալու դեպքում անձի պարտադիր կուտակային միջոցները կմնան անձի անհատական կենսաթոշակային հաշվին եւ կշարունակվեն կառավարվել կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից: Աշխատանք չունենալու ամբողջ ժամանակահատվածում անձի անհատական կենսաթոշակային հաշվին պարտադիր կուտակային վճարներ չեն կատարվում եւ կենսաթոշակային հաշվի ավելացման միակ աղբյուրը դառնում են պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի կառավարումից ստացված եկամուտները:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ սննդային հավելումներ ներմուծելու համար կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ: Ո՞ր փաստաթղթերի առկայության դեպքում է իրականացվում սննդային հավելումների ներմուծումը ՀՀ:

Էմմա Հակոբյան (37 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Է. Հակոբյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ արտահանող երկրի լիազոր մարմնի կողմից տրված բեռի տվյալ խմբաքանակի անվտանգությունը հավաստող փաստաթղթի կամ համապատասխանության կամ ծագման սերտիֆիկատների կամ բեռի տվյալ խմբաքանակի լաբորատոր փորձարկումների արձանագրությունների առկայության դեպքում:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ սննդային հավելման օգտագործումը հիմնավորվում է, եթե այն գերադասելի է, բացակայում է սպառողի առողջության վրա ռիսկային ազդեցությունը, սպառողին չի գցում թյուրիմացության մեջ եւ օգտագործվում է մեկ կամ մի քանի տեխնոլոգիական նպատակներով, որոնց հնարավոր չէ հասնել տնտեսապես եւ տեխնիկապես հասանելի այլ միջոցներով:




Լրահոս