Պերմյակովն իր պատիժը պետք է կրի Ռուսաստանում. Լուսինե Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ի սկզբանե Պերմյակովը Հայաստանին հանձնված չի եղել: Եթե հանձնված լիներ Հայաստանի Հանրապետությանը՝ դրանից հետո նոր կարող էր քննարկվել, թե պատիժը նա որտեղ է կրելու: Այսպես թե այնպես նա գտնվել է Ռուսաստանի իրավազորության ներքո»: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ռուս զինծառայող, Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի պատիժը կրելու վայրին, այս մասին նշեց Ավետիսյանների սպանության գործով տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը:

Ըստ Լուսինե Սահակյանի՝ Պերմյակովը կարող էր պատիժը կրել Հայաստանում, եթե Հայաստանի Հանրապետությունը համապատասխան գործողություններ ձեռնարկեր: Նրա կարծիքով՝ դա հնարավոր չէր լինի իրականացնել դատական ակտի կայացումից հետո:

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վ.Պերմյակովին դատարանը վճռեց հանցավոր ճանաչել ՀՀ Քր. օր. 104 հոդվածի 2-րդ մասի 1, 5, 8 կետերով նրան դատապարտել ցման ազատազրկման, Քր. օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նրան դատապարտել տասը տարվա ազատազրկման:

Հավելենք, որ այսօր Ավետիսյանների հարազատները լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել էին, որ Վ.Պերմյակովը մենակ չի գործել: Նրանք զարմանալի են համարում այն փաստը, որ իրավապահ մարմիններին այդպես էլ չհաջողվեց Հայաստան բերել Պերմյակովի անմիջական հրամանատարին, ով վերջինիս բերել է Գյումրի:

Ավետիսյանների հարազատները ցանկություն են հայտնել տունը մատուռ կամ սրբատեղի դարձնել` ի հիշատակ իրենց  զոհված հարազատների:




Լրահոս