Տարոն Մարգարյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

Սիրելի՛ դպրոցականներ, մանկավարժնե՛ր, հարգելի՛ ծնողներ,
ջերմագին շնորհավորում եմ բոլորիդ` սեպտեմբերյան այս գեղեցիկ տոնի առթիվ և հղում լավագույն բարեմաղթանքներս:
Սեպտեմբերի 1-ը՝ որպես նոր ուսումնական տարվա սկիզբ և Գիտելիքի օր, իր ուրույն խորհուրդն ունի:

Տոնական տրամադրությունը, որն իշխում է այսօր մեր քաղաքում, թող որ պահպանվի ձեր հոգիներում ուսումնառության ողջ ընթացքում, մղի ձեզ իմացության հանդեպ խոր հետաքրքրության ու ձգտումների:
Գիտելիքը բարձր արժեք է: Մեր ժամանակներում բանիմաց, զարգացած անհատը դառնում է նաև հասարակության շարժիչ ուժ և ժամանակի վրա թողնում իր կենարար ներգործությունը:

Հարգարժա՛ն ուսուցիչներ,
կրթված քաղաքացին մեր ազգային արժանապատվության, մեր պետականության պահպանման, մեր երկրի զարգացման ու հզորացման, ազգային անվտանգության ապահովման կարևոր գործոնն է, որի երաշխավորը հանդիսանում եք դուք։ Համոզվա՛ծ եմ` երևանցի դպրոցականների համար ուսումնառության տարիները կդարձնեք իրենց օժտվածության և տաղանդի բացահայտման, զարգացման, գիտելիքների ձեռքբերման փայլուն շրջան:
Կրկին շնորհավորելով Գիտության և դպրության օրվա առթիվ՝ նորանոր հաջողություններ եմ մաղթում բոլորիդ, ցանկանում ուժ ու եռանդ: Թող նոր ձեռքբերումներով ցնծա մեր հնամենի ոստանը` Երևանը, և հզորանա հայոց 25-ամյա պետականությունը:

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ




Լրահոս