ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից նախօրեին հրապարակած տեղեկագրերից մեկում առկա տվյալներից մեկը հնարավոր չէ այլ կերպ որակել, քան ողբերգության գույժ: «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում տարրական դասարաններում երեխաների ընդգրկվածությունը` համապատասխան տարիքի երեխաների թվաքանակից, 2015 թվականի արդյունքներով կազմել է 91,6 տոկոս: Այլ կերպ ասած՝ Հայաստանում դպրոց հաճախելու տարիքի երեխաներից 8,4 տոկոսը ներկայումս ուսում չի ստանում: Համեմատության համար նշենք, որ 2011 թվականին դպրոցահասակ երեխաների 99 տոկոսը հաճախել է տարրական դասարաններ: Բայց հաջորդած տարիներին դպրոց չհաճախող երեխաների թիվը գնալով աճել է եւ այժմ այն հասել է Հայաստանի համար աննախադեպ բարձր ցուցանիշի:
Ընթացիկ` 2016 թվականի տվյալները կամփոփվեն գալիք տարվա այս օրերին, բայց ակնհայտ է, որ իրավիճակը էապես բարելավված չի լինի, քանի որ Հայաստանի հանրային կյանքում ներկայումս տեղի ունեցող գործընթացները ոչ մի լավ բան չեն խոստանում: Հայաստանի բնակչության կենսամակարդակը գնալով նվազում է, այս անկման վերջը դեռեւս չի նշմարվում, իսկ ՀՀ իշխանությունները շարունակում են ջայլամի պես գլուխները ավազի մեջ մտցրած ձեւացնել, թե շուրջբոլորը տեղի ունեցող գործընթացները չեն նկատում:
Վերջին երկու շաբաթների պաշտոնական լրահոսին հետեւելիս կարելի է կարծել, թե Հայաստանում պետական կառավարման համակարգը լուծարվել է: Ամեն դեպքում այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում ոչ մի նախարար կամ այլ բարձրաստիճան պաշտոնյա չի մնացել: Պաշտոնյաներից մնացել է միայն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը շաբաթը մեկ ինչ-որ մարդկանց իր մոտ է հրավիրում, նիստ անում եւ հեռանում: Իրականում այս երեւույթը նորություն չէ: Ամեն անգամ, երբ Սերժ Սարգսյանն արձակուրդ է մեկնում, պետական կառավարման ողջ համակարգը, կարելի է ասել, կազմալուծվում է: Ու տպավորություն է, որ պաշտոնական լրատվությունը մեկ նպատակ է հետապնդում` Սերժ Սարգսյանին ցույց տալ, թե պաշտոնյաներից որն ինչ արեց: Իսկ եթե «շեֆը» տեղում չէ, ապա կարելի է աննկատ «ծլկել»: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը Հայաստանից դուրս է եկել օգոստոսի 10-ին եւ չի վերադարձել:
1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի կարծիքով՝ 1994 թվականի մայիսին, հրադադարի համաձայնագիր կնքելով, հայկական կողմը սխալ է գործել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա այս առնչությամբ ասաց. «Նրանք, ովքեր մասնակցել են բանակցություններին, մեծ սխալ են գործել: Պետք չէր ստորագրել կրակի դադարեցման մասին համաձայնագիր, պատերազմը հաղթածները երբեք այդպիսի պայմանագիր չեն ստորագրում, դա հիմարություն էր: Պետք էր ստորագրել փաստաթուղթ կապիտուլյացիայի, սահմանների եւ Արցախի անկախության մասին»: Իսկ ինչ վերաբերում է այս տարվա քառօրյա պատերազմից հետո կրակի դադարեցման համաձայնությանը, ըստ Տեր-Գրիգորյանցի, այն այլ պայմաններում է կայացել: Նրա կարծիքով ապրիլի համաձայնությունը ձեռք է բերվել, քանի որ ԵԱՀԿ-ն է ստիպել: Նորատ Տեր-Գրիգորյանցի խոսքով՝ նոր փաստաթուղթը ստորագրելու փոխարեն նախ անհրաժեշտ է Ադրբեջանին ստիպել, որ նախկինում ստանձնած պարտավորությունները կատարի: Մանրամասները ArmLur.am-ի տեսանյութում:
Հայաստանի իշխանությունները շարունակում են աղքատության ցուցանիշը գաղտնի պահել: Սովորաբար որեւէ տարվա աղքատության ցուցանիշը հրապարակվում է հաջորդ տարվա երկրորդ կեսին: Ինչպես հայտնի է՝ վերջին երկու տարիներին պաշտոնական վիճակագիրները փորձում էին հանրությանը համոզել, որ աղքատության մակարդակը նվազել է: Սակայն 2015 թվականի բոլոր ցուցանիշները վկայում են, որ այս ընթացքում աղքատությունն ավելացել է: Հիշեցնենք, որ անցած տարվա ընթացքում առեւտրի շրջանառությունը 121 միլիարդ դրամով նվազել էր նախորդ` 2014 թվականի համեմատ: Այս գործընթացը շարունակվել է նաեւ ընթացիկ տարում: Այսինքն՝ վերջին ավելի քան մեկուկես տարում սպառողները էապես աղքատացել են: Ի դեպ, անցանկալի թվերը «գաղտնի» պահելը Հայաստանի պետական կառավարման համակարգում գնալով ավելի տարածված երեւույթ է դառնում: Հիշեցնենք, որ ՀՀ ՊԵԿ-ը այդպես էլ չի հրապարակում, թե այս տարվա յոթ ամիսներին որքան հարկ է հավաքվել:
ԽԱԲՈՒՍԻԿ ԱՃ
Հայաստանից Ռուսաստան արտահանումը 2016-ի առաջին կիսամյակում ռեկորդային ցուցանիշի է հասել՝ 168 մլն դոլարի: Այս մասին երեկ լրագրողներին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Ու թեեւ նախարարն ընդգծել է, որ խոսքը բացարձակ ծավալի մասին է՝ առանց գնաճի ճշգրտման, նա այդ ցուցանիշը համարել է լավատեսության համար հիմքեր ստեղծող: «Այդ ցուցանիշը թույլ է տալիս ենթադրել, որ Հայաստանի իշխանություններին ու բիզնեսին հաջողվել է հաղթահարել ԵՏՄ հանրապետություններ արտահանման ընթացակարգերի ընկալման հարցում անորոշությունները, որոնք կային 2015-ին՝ Միությանը Հայաստանի անդամակցության առաջին տարում: Դրա համար էլ կարելի է ակնկալել արտահանման հետագա աճ Եվրասիական միություն՝ հատկապես Ռուսաստան»,- եզրափակել է Մինասյանը:
Ինչպես հայտնի է՝ ՀՀ-ից ՌԴ արտահանվող ապրանքատեսականու առյուծի բաժինը կազմում են գյուղմթերքն ու կոնյակը: Եվ այն հանգամանքը, որ այս տարվա վեց ամիսներին Հայաստանից զգալիորեն ավելի շատ գյուղմթերք է արտահանվել Ռուսաստան, բնականաբար, չէր կարող կապ չունենալ թուրքական գյուղմթերքների ներմուծման՝ ՌԴ կողմից սահմանված արգելանքի հետ: Ընդ որում, ինչպես փաստում են մասնագետները, թուրքական գյուղմթերքի արգելանքը կարող էր Հայաստանից արտահանման ծավալների վրա ազդել երկու ձեւով. մի դեպքում հենց տեղական գյուղմթերքն էր առավել շատ արտահանվում, ինչը, բնականաբար, շահավետ էր դառնում ինչպես միջնորդ կազմակերությունների, այնպես էլ հենց այդ բերքն աճեցնող գյուղացիների համար: Հետեւաբար, այս դեպքում դրա մուլտիպլիկատիվ էֆեկտն ավելի մեծ էր եւ իրական: Իսկ, ահա, մյուս տարբերակն այն էր, որ թուրքական գյուղմթերքը ներմուծվում էր Հայաստան, վերափաթեթավորվում եւ տեղական՝ հայկականի անվան տակ արտահանվում ՌԴ: Իհարկե, այս ոչ օրինական գործընթացի առկայությունն ապացուցող փաստեր չկան, սակայն հատկապես գարնան ամիսներին բանջարեղենի արտադրության եւ արտահանման ցուցանիշների համեմատականը այդ մասին էր խոսում: Ավելորդ է ասել, որ արտահանման աճի այս տարբերակից օգտվում էին մի քանի հոգի, եւ դա որեւէ դրական էֆեկտ չէր կարող ունենալ գյուղատնտեսության զարգացման համար:
Սակայն ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումից եւ տնտեսական սանկցիաների վերացումից հետո արդեն թուրքական ապրանքատեսակները կարճ ժամանակում կվերանվաճեն իրենց տեղը ռուսական շուկայում, եւ դա, բնականաբար, կունենա իր բացասական ազդեցությունը ՀՀ-ից արտահանման ծավալների վրա: Սա հաշվի չառնել կառավարությունը չէր կարող, եւ ուրեմն առաջիկա ամիսներին արտահանման ծավալների նվազման համար պետք է որ արդեն իսկ պատրաստ լինեն որոշակի պատճառաբանություններ: Թե կոնկրետ որոնք կգերադասեն ներկայացնել հայրենի կառավարությունում, պարզ կդառնա կարճ առաջիկայում: