Երևանի քաղաքապետի տեղակալներն ու քաղաքապետարանի պաշտոնյաներն այցելել են մայրաքաղաքի դպրոցներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուսումնական տարվա մեկնարկը Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում ազդարարվել է տոնական միջոցառումներով: Մայրաքաղաքի տարբեր դպրոցներ են այցելել Երևանի քաղաքապետի տեղակալները, քաղաքապետարանի աշխատակազմի պաշտոնատար այլ անձինք, վարչական շրջանների ղեկավարներ: Միջոցառումները մեկնարկել են Գիտելիքի և դպրության օրվա առթիվ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձի ընթերցումով:

Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկա է գտնվել Գևորգ Չաուշի անվան թիվ 188 դպրոցում կազմակերպված միջոցառմանը: Շնորհավորելով բոլոր աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին՝ Կամո Արեյանն ընդգծել է դպրոցի կարևոր դերն ու առաքելությունը, նաև համոզմունք հայտնել, որ շնորհիվ ուսուցիչների նվիրված ու պատասխանատու աշխատանքի՝ կկրթվեն երկրին ու պետությանն իրապես արժանի քաղաքացիներ:

Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց է այցելել քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Առաջին զանգի հանդիսավոր արարողությունից հետո առաջինցիներն առաջին անգամ որպես աշակերտ մուտք են գործել դպրոց, զբաղեցրել աշակերտական նստարաններն ու անցկացրել իրենց առաջին դասը:

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն էլ ուղեկցելով որդուն առաջին դասարան՝ սեպտեմբերի 1-ը դիմավորել է Եղիշե Չարենցի անվան թիվ 67 հիմնական  դպրոցում: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, քաղաքապետարանի աշխատակազմի մի շարք այլ պաշտոնյաներ:

Մայրաքաղաքի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի դռները սեպտեմբերի 1-ին բաց էին նաև գործընկեր քաղաքների հյուրերի համար: Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ուղեկցությամբ դպրոց էր այցելել ՌԴ վերահսկիչ պալատի նախկին նախագահ, պետական և քաղաքական գործիչ, այժմ հետխորհրդային երկրների կրթամշակութային կապերի խորացման հարցերով պատասխանատու Սերգեյ Ստիպաշինը:

Գիտելիքի օրվա միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն էլ ներկա է գտնվել մայրաքաղաքի թիվ 181 դպրոցի առաջին զանգի միջոցառմանն ու շնորհավորելով դպրոցականներին՝ բարի երթ ու հաջողություններ է մաղթել նոր ուսումնական տարում:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանն էլ Երևան քաղաքի ավագանու «Հանրապետական» խմբակցության մի շարք անդամների և քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ տոնական օրն այցելել է Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց, ծաղիկներ խոնարհել երջանկահիշատակ վարչապետի կիսանդրու մոտ, ապա մասնակցել օրվա խորհուրդն ամփոփող տոնական միջոցառմանը: Աշակերտներն իրենց հերթին խոստացել են ուսանել բարձր առաջադիմությամբ և մշտապես բարձր պահել հարազատ դպրոցի և սիրելի մայրաքաղաքի պատիվը:




Լրահոս