ՀՀ արդարադատության նախարարությունում քննարկել են Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանի մոր` Սաթենիկ Պողոսյանի՝ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հասցեագրված դիմումը, որով նա խնդրել է իրեն աջակցել՝ որդու ազատ արձակմանը հասնելու հարցում:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում տիկին Սաթենիկն ասաց, որ արդարադատության նախարարությունից իրեն գրավոր պատասխանել են, թե իր կողմից բարձրացված հարցն իրենց իրավասություններից դուրս է, եւ, ըստ էության, իրեն չեն կարող օգնել:
Ի դեպ, արդարադատության նախարարի միջնորդությամբ արդարադատության խորհուրդը օրերս քննարկել է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտաշես Հովհաննիսյանին կարգապահական տույժի ենթարկելու հարցը, սակայն որոշման բովանդակությունը դեռեւս չի հրապարակվել: Արդարադատության խորհուրդն այսօր եւս նիստ է գումարելու, որի օրակարգում կրկին դատավորների կարգապահական տույժերի ենթարկելու հարցեր պետք է քննարկվեն: