Գագիկ Մադոյանը` դերասանությունը թողնելու փորձերի, առաջին սիրո եւ բնավորության անտանելի գծերի մասին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ընթերցողներին ներկայացնել բլից հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Մենք միասին կբացահայտենք նրանց բնավորության բնորոշ գծերը, կանդրադառնանք արդեն ճանաչված մարդկանց կյանքի` քչերին հայտնի դրվագներին: Այս անգամ «Ժողովուրդ»-ը զրուցել է դերասան, ռեժիսոր Գագիկ Մադոյանի հետ:

14218576_1133152356765829_223656231_n

-Գագի՛կ, լավ օրվա նախապայմանը ո՞րն է:

-Մեկ բաժակ սուրճն ու ծխախոտը, նաեւ` գիշերվա հանգիստ քունը, քանի որ դրանից է կախված քո` ողջ օրվա տրամադրությունը: Իհարկե, լավ օրվա կարեւոր նախապայման է նաեւ լավ մարդկանց հետ շփումը:

-Ձեզ կարող է ոգեշնչել անգամ…

-Եթե խոսքը վերաբերում է ստեղծագործական կյանքին, ապա փողոցում երկու կանանց խոսակցությունը, որեւէ կտավ, սիրահարված լինելը, մինչեւ անգամ` սթրեսը:

-Ո՞ր դեպքում եք ինքներդ Ձեզ հետ ներդաշնակ:

-Ես սիրում եմ անդորր, երբ դա ինձ մոտ խախտվում է, ներդաշնակությունն էլ կորչում է:

-Տրամադրությա՞ն մարդ եք:

-Չեմ սիրում իմ տրամադրությունը փաթաթել ուրիշների վզին: Ապրումներիս մասին կարող են իմանալ միայն մտերիմներս:

– Ինչպիսի՞ն էին բեմում կատարած Ձեր առաջին քայլերը:

-Ես շատ վախեցած էի: Դա 1999 թվականն էր: Դեռ առաջին կուրսում էի եւ շատ բարդ դեր էի խաղում: Նույնիսկ հիշում եմ, որ չէի ուզում բեմ դուրս գալ, եւ իմ դասախոսը` Դավիթ Հակոբյանը, ուղղակի շպրտեց ինձ այնտեղ: Դրանից հինգ րոպե հետո արդեն ես մոռացել էի` ինչ է սթրեսը եւ վախը:

14182332_1133152360099162_313396474_n

-Մասնագիտություն, աշխատանք, որ երբեք չէիք ընտրի:

-Քաղաքական գործչի աշխատանքը: Վերջինս իր նպատակին հասնելու համար ընդունակ է ամեն ինչի: Իսկ ես այդպիսին լինել չեմ կարող:

-Եթե բիզնես հիմնելու հնարավորություն ունենայիք, ո՞ր ոլորտում կգործեիք:

-Դա կլիներ գիտական ուղղվածության բիզնես: Այսինքն՝ ինչ էլ անելու լինեինք, հիմքում գիտությունը կլիներ: Վստահ եմ` հետագայում լավ գիտնականների համատեղ աշխատանքը նաեւ մեծ եկամուտ կարող էր բերել:

-Գնումներ կատարելիս առաջինը ուշադրություն եք դարձնում…

-Որ հանկարծ ապրանքը ժամկետանց չլինի: Սննդի դեպքում ինձ համար շատ կարեւոր է նաեւ դրա որակը: Իսկ, օրինակ, հագուստի պարագայում էական է, որ այն ինձ սազի, եւ կարեւորը` թուրքական չլինի. դա արդեն սկզբունքի հարց է:

-Ձեր բնավորության ամենաանտանելի գիծը:

-Ես ամեն բան ասում եմ մարդու երեսին` առանց մտածելու` պետք է դա, թե ոչ:

-Խենթություններ շա՞տ եք արել:

-Այո, դրանք հիմնականում արել եմ հանուն սիրելի էակի: Հիմա էլ պատրաստ եմ խենթության հանուն նրա, ում կսիրեմ:

-Նախաձեռնո՞ղ եք, թե՞ կատարող:

-Որպես կինոռեժիսոր` նախաձեռնող եմ, որպես դերասան` կատարող: Երկու պարագան էլ ինձ համար հաճելի է:

-Հաղթանակը պատկանում է այն մարդուն, որը…

-Որը տաղանդավոր է: Թեեւ ոչ բոլոր տաղանդավոր մարդիկ են փայլում իրենց մարդկային որակներով, բայց, այնուամենայնիվ, պետք է հաղթի հենց տաղանդավորը:

-Այս երեք որակներից ո՞րն է Ձեզ ավելի համապատասխանում` ալարկոտ, ցրված, ցինիկ:

-Ես, այսպես ասած, մեղմ ցինիկ եմ: Իմ հումորը կարող է ցինիզմի տարրեր ունենալ:

-Ո՞վ կամ ի՞նչը կարող է դուրս բերել Ձեզ հուսահատությունից:

-Ես լավատես մարդ եմ, եւ վստահ եմ, որ աշխարհը պատկանում է հենց լավատեսներին: Ցանկացած իրավիճակից կարողանում եմ դուրս գալ ինքնուրույն կամ ընկերներիս օգնությամբ: Իմ կյանքում եղել են այնպիսի փուլեր, երբ փորձել եմ հրաժարվել դերասանի մասնագիտությունից, հրաժարվել եմ ֆիլմերում նկարահանվել. արդեն հոգնել էի:

Բայց ընկերներս ինձ ստիպել են, որ չհուսահատվեմ: Իհարկե, այդ հարցում մեծ դեր կարող է ունենալ նաեւ գեղեցիկ սեռի ներկայացուցիչը: Կինը մի վայրկյանում կարող է տղամարդուն դուրս հանել հուսահատությունից եւ հակառակը` նետել դրա ճիրանները, կարող է թեւեր տալ եւ կոտրել դրանք: Իրականում հենց կանայք են ուժեղ սեռի ներկայացուցիչները:

14218146_1133152353432496_1220073819_n

-Հեռանում եք լո՞ւռ, թե՞ կոնֆլիկտով:

-Չէ, ես կոնֆլիկտներ չեմ սիրում, բայց հեռանում եմ ոչ թե լուռ, այլ բոլոր հարցերը պարզաբանած: Միայն այդպես կարող եմ հանգիստ ապրել: Նման դեպքերում պետք է ամեն բան փոխհամաձայնեցված լինի, որպեսզի ոչ ոք ցավ չապրի, վատ հիշողոթյուններ չունենա:

-Ձեր առաջին սիրուն հիշո՞ւմ եք:

-Այո, երբ առաջին անգամ սիրահարվեցի, շատ փոքր էի: Հետո այդ աղջիկը մեկնեց ԱՄՆ, եւ ես նրան տեսա շատ տարիներ անց, ու…խորը հիասթափություն ապրեցի. շատ էր փոխվել: Այդ ժամանակ արդեն միջին տարիքի դպրոցական էի. դա իմ կյանքի առաջին սթրեսն էր:

-Ամեն մարդ պետք է հասցնի…

-Երեխա ունենալ, զբաղվել սիրելի աշխատանքով, գոնե մեկ անգամ ամուսնանալ, որպեսզի իմանա` դա ինչ բան է: Ֆաինա Ռանեւսկայան ասել է` կամուսնանաք, այն ժամանակ կզգաք` ինչ է երջանկությունը, բայց արդեն ուշ կլինի (ծիծաղում է):

Աննա Բաբաջանյան




Լրահոս