Աննախադեպ թեմա` հայկական սերիալում. լինել փոխնակ մայր, թե՞ ոչ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 2-ից «Շանթ» հեռուստաընկերությամբ ցուցադրվում է նոր սերիալ, որը կոչվում է «Փոխնակ մայրը»: Բնօրինակ սցենարով բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմի մտահղացումն ու սյուժեն Ռոման Մուշեղյանինն է (սցենարի համահեղինակ` Էդուարդ Զորիկյան), իսկ ռեժիսորը Արտյոմ Հարությունյանն է: Հեղինակների խոսքով` սերիալում արծարծվող թեմային հայ իրականության մեջ առաջին անգամ է նման ֆորմատով անդրադարձ կատարվում: «Ժողովուրդ»-ը հեռուստադիտողներին սպասվող զարգացումների եւ սերիալի շեշտադրումների մասին զրուցել է Ռոման Մուշեղյանի հետ:

-Ռոմա՛ն, սերիալի համար բավական նուրբ եւ զգայուն թեմա եք ընտրել: Պարտավորեցնող չէ՞ր դրան «մոտենալը»:

14193627_1133138983433833_1170668118_n

-Բնականաբար, այո, սակայն մեզ պետք էր նոր մի բան, որը չէր լինի հերթական հայկական սերիալային պատմություն: Սցենարը հիմնականում կառուցված է հետեւյալ թեմայի վրա` լինե՞լ փոխնակ մայր, թե՞ ոչ: Հերոսուհու համար կշեռքի մի նժարին դրված է այդ հարցը, մյուսին` ոչ պակաս կարեւոր մեկ այլ հարց: Հեռուստադիտողը պատկերացում կկազմի, թե ինչ ապրումներ կարող է ունենալ կինը, որը պատրաստվում է դառնալ փոխնակ մայր, եւ կինը, որը համաձայն է, որ իր զավակին կրի մեկ ուրիշը: Հիմնական սյուժետային գծին զուգահեռ սերիալում կարծարծվեն, առհասարակ, մայրական զգացումներին առնչվող թեմաներ, կներկայացվի, օրինակ, այն մոր զգացումները, որը կորցրել է զավակին, կամ այն զավակի ապրումները, որն ապրում է խորթ մոր մոտ` առանց այդ մասին իմանալու եւ այլն: Ի դեպ, նշեմ, որ նախկինում էլ ես անդրադարձել եմ մայրերի, ավելի կոնկրետ` զավակասպան մայրերի թեմային: Հանրությանը միշտ էլ հետաքրքրում է այն դրամատիկ հիմքը, որն ազդում է մարդու հուզական աշխարհի վրա:

-Փոխնակ մոր թեմային անդրադառնալուց առաջ բժիշկների, հոգեբանների մասնագիտական խորհրդատվությանը դիմե՞լ եք:

14218370_1133138980100500_1255060249_n

-Նման խորհրդակցություններ, այո, եղել են, հիմնականում` բժիշկների հետ: Հոգեբանների դեռ չենք դիմել, բայց եթե դրա կարիքը խիստ զգացվի, կգնանք նաեւ այդ քայլին:

-Իսկ հայ կանանց շրջանում փոխնակ մայրերի թվի վերաբերյալ որեւէ վիճակագրություն ուսումնասիրե՞լ եք:

-Ասեմ, որ ինքս ծանոթ եմ կանանց, որոնք դիմել են փոխնակ մոր օգնությանը, բայց որեւէ վիճակագրության ծանոթ չեմ, կարծում եմ` դրա կարիքը չկա: Թերեւս այս դեպքում սերիալի սյուժեն կհետաքրքրի ցանկացած կնոջ, որը կփորձի սեփական պրիզմայով անցկացնել իրադարձությունները` հասկանալու համար, թե ինքն ինչպես կվարվեր այս կամ այն պարագայում: Ի վերջո, սերիալն ունի գեղարվեստական հիմք, որտեղ ներկայացվում է մարդկային դրամա:

-Մայրությանն առնչվող թեմաներից զատ` սերիալում սյուժետային է՞լ ինչ գծեր կան:

14171863_1133138976767167_255227785_n

-Հեռուստադիտողները ականատես կլինեն երկու ընկերների անցյալի մութ դրվագների, սիրային պատմությունների, խարդավանքների, եւ այլն: Սյուժեն հագեցած կլինի նաեւ դետեկտիվ տարրերով, եւ ամեն սերիա իրենով բացահայտում կլինի:

-Իսկ որքա՞ն կտեւի «Փոխնակ մայրը»: Կարծես թե հայ հեռուստադիտողը ձանձրացել է երկար ձգձգվող, «ծամծմվող» սերիալներից:

-Հստակ չեմ կարող ասել, բայց այն չի լինի Ձեր նշած սերիալներից մեկը:
Հավելենք, որ սերիալում գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Մարինկա Խաչատրյանը: Դերասանական կազմում են նաեւ Տիգրան Ներսիսյանը, Անահիտ Քոչարյանը, Ելենա Բորիսենկոն, Հովակ Գալոյանը, Եվա Բաղդասարյանը, Լիա Զախարյանը, Հայկ Պետրոսյանը եւ այլք:

Աննա Բաբաջանյան




Լրահոս