Իմ զբաղեցրած պաշտոնը թույլ չի տալիս իջնել իր մակարդակին. Գեղարքունիքի մարզպետն արձագանքում է Սևանի քաղաքապետի խոսքերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գեղաքունիքի մարզպետ Ռաֆիկ ԳրիգորյանՆ արձագանքել է  «Հրապարակ» օրաթերթում հրապարակված Սևանի քաղաքապետի հարցազրույցին:

«Ես այսօր առավոտյան կարդացի «Հրապարակ» օրաթերթում հրապարակված Սևանի քաղաքապետի հարցազրույցը և չեմ կարող չարձագանքել դրան:

Չնայած, որ իմ պատվից ցածր եմ համարում նման «պաշտոնյային» արձագանքելը, բայց չեմ կարող անտեսել սևանցիների և մյուս ընթերցողների կարծիքը: Սևանցիները մեկ անձով չեն ներկայացվում, ուստի հարկ եմ համարում ձեզ հետ կիսվել որոշ տեղեկություններով:

Ի՞նչն է նրան ստիպել ափերից դուրս գալ, որի մասին քաջատեղյակ են և՛ նրան ճանաչողները, և՛ սևանցիները:Քաղաքապետը երջանիկ մոլորության մեջ է, հայտարարելով, թե իբր ես իր մոտ գյուղապետ եմ աշխատել։ Նա լինելով համայնքի ղեկավար, թերևս անգամ պատկերացում չունի իր իրավասությունների մասին: Եթե իրավիճակն այնպիսին լիներ, ինչպես ինքն է պատկերացնում, ապա ես իրեն անմիջապես կհեռացնեի աշխատանքից։

Կարծում եմ, որ ողջ Սևանը գիտի, թե ինչպես է նա համայնքի ղեկավար ընտրվել, բայց ի տարբերություն նրա, ես աշխատում էի արտերկրում և այդ ընթացքում արդեն ընտրվեցի համայնքի ղեկավար ու եկա աշխատելու՝ գիտակցելով, որ համայնքի ղեկավարի պաշտոնը ծառայություն է և ոչ թե իրավունք:

Ցավոք միայն նրա փոքր ուղեղում կարող էր միտք առաջանալ, որ արտերկրում բնակվող մեր մոտ 7 մլն հայրենակիցները խոպանչիներ են։ Բոլորը տեղյակ են, թե համայնքում իմ պաշտոնավարման 3 տարիների ընթացքում ինչ աշխատանքներ են կատարվել, երբ չկար պետական որևէ տեսակի ֆինանսավորում, իմ ողջ գործունեության ընթացքում երբևէ օրենքի հետ հակասության մեջ չեմ մտել:

Իսկ ինքն իր աշխատանքային գործունեության ընթացքում տարբեր քրեական գործերով է անցել և փորձում է իր այդ գործելաոճը շարունակել նաև իմ մարզպետ աշխատած տարիներին, որը ես թույլ չտվեցի: Իմ լիազորությունների շրջանակում, վարչական վերահսկողության ընթացքում բացահայտվեցին տարբեր տեսակի խախտումներ: Թերևս մեկ օրինակը բավական է նրա գործունեության մասին պատկերացում կազմելու համար:

Պետական միջոցներից համայնքին տրվող ֆինանսական միջոցները, որոնք պետք է ծախսվեին կոնկրետ ուղղվածությամբ, այլ տեղ են գնացել, իր ոճին համապատասխան: Այս ծրագրերի ֆինանսավորումն իմ լիազորությունների շրջանակներում դադարեցվել է: Նա իր գործունեության մոտ չորս տարիների ընթացքում, երբ որ համայնքը ֆինանսավորվել է այս կամ այն ծրագիրն իրականացնելու համար, անմիջապես տեղական հեռուստաընկերություններով փորձել է վերագրելիրեն:

Մինչդեռ ՀՀ նախագահի նախընտրական ծրագրով նախատեսված մարզերի համաչափ զարգացման նպատակին են ուղղվել դրանք, ընդ որում նման ծրագրերը միայն Սևան քաղաքին չեն տրամադրվել, այլ մարզին և մյուս համայնքներին, ինչպես նաև հանրապետության այլ մարզերին: Ես համոզված եմ, որ իրավապահ մարմինները կարձագանքեն և ես կներկայացնեմ վարչական վերահսկողության ընթացքում կազմված արձանագրությունը, և առանձին տեղեկանք կտրամադրեմ այլ խախտումների վերաբերյալ:

Սևանցիները և հասարակությունը կտեղեկանան «ինքնագոհ քաղաքապետի» գործունեությունից: Կարծում եմ ասվածը բավական է ընթերցողներին կարծիք կազմելու համար, իսկ ինչ վերաբերվում է իմ և իր հարաբերությունների հետագա ընթացքին, ապա ես համոզված եմ, որ նա ինձ լավ է ճանաչում: Իմ զբաղեցրած պաշտոնը թույլ չի տալիս իջնել իր մակարդակին, իսկ մնացածի պատասխանն արդեն կտա ժամանակը»:

ՀՀ Գեղաքունիքի մարզի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան




Լրահոս