«Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքի գրավվմանը հաջորդող իրադարձությունների ժամանակ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն ակտիվորեն ներգրավված էր խմբի անդամների եւ իշխանության միջեւ տարվող բանակցություններում:
«Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան այն մասին, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների եւ իշխանության միջեւ բանակցությունները դեռ շարունակվում են, մասնավորապես նախկին դաշնակցական, ՀՀ ԱԺ-ում Սերժ Սարգսյանի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը դաշնակցական Արմեն Եղյանի հետ շարունակում է քննարկումները «Սասնա ծռեր» խմբի՝ արդեն կալանավորված անդամների հետ:
Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը մի քանի հարց է ուղղել «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին` պարզելու համար, թե ինչ բանակցությունների մասին է խոսքը:
-Պարո՛ն Իսագուլյան, տեղեկություններ կան, որ Դուք դաշնակցական Արմեն Եղյանի հետ բանակցություններ եք վարում «Սասնա ծռեր» խմբի արդեն կալանավորված անդամների հետ: Որքանով է նշված տեղեկությունը համապատասխանում իրականությանը, եւ ինչ բանակցությունների մասին է խոսքը:
-Անիմաստ է մեր իրականության պայմաններում թաքցնել, որ ես հանդիպում եմ Արմեն Եղյանի հետ: Մենք հանդիպում ենք, բայց ես այդպիսի հաճախականությամբ կամ գուցե ավելի հաճախ հանդիպում եմ հայաստանյան բոլոր քաղաքական գործիչներ հետ՝ Դավիթ Շահնազարյանի, Խաչատուր Քոքոբելյանի, Հրանտ Բագրատյանի, ցանկացած որեւէ մեկի հետ, բայց ասել, որ այդ հանդիպումները բանակցություններ են, եւ բանակցություններում ինչ-որ խնդիրներ են լուծվում, ճիշտ չէ:
-Նշեցիք, որ հանդիպումներ եք ունենում գրեթե բոլոր քաղաքական գործիչների հետ, իսկ նմանատիպ հանդիպումների շրջանակներում ի՞նչ թեմաներ եք քննարկում մասնավորապես դաշնակցական Արմեն Եղյանի հետ:
-Մենք զրուցում ենք տարբեր թեմաներով: Վերջերս երկու անգամ հանդիպել ենք, ես գնում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, խոստացել եմ, որ էլի կհանդիպեմ, բայց դա չի նշանակում, որ բանակցություններ են ընթանում «Սասնա ծռեր» զինված խմբի վերաբերյալ:
Սրանք ուղղակի զրույցներ են, որ կարելի է ունենալ ցանկացած մեկի հետ, եւ չեմ կարծում, որ դրանք այս փուլի համար ճիշտ է վերնագրել որպես բանակցություններ: Մենք իրար վաղուց ճանաչում ենք, զրուցում ենք, եւ հարցեր կան, որ իսկապես պետք է քննարկել, պետք է այդ հարցերի վերաբերյալ ընդհանուր տեսակետներ լինեն:
Ես նաեւ չեմ ուզում թաքցնել, որ այդ կարգի զրույցների մասին, բնականաբար, զեկուցում եմ իմ անմիջական ղեկավարությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահին, եթե անհրաժեշտություն կա՝ նաեւ այլ ընկերների կամ պետական կառույցների:
-Պարո՛ն Իսագուլյան, իսկ այդ քննարկումների առանցքում որքանո՞վ են առկա «Սասնա ծռեր» զինված խմբի գործողություններն ու դրանց հետեւանքները:
-Ինչքան խնդիր ունի թե՛ Հայաստանը, թե՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, կամ միջազգային արենայում ինչքան խնդիրներ կան, բնականաբար, մենք բոլոր խնդիրներին անդրադառնում ենք: Ինձ համար էլ է շատ ցանկալի իմանալ տարբեր կերպ մտածող մարդկանց տեսակետները այդ բոլոր խնդիրների վերաբերյալ:
Այդ թվում, ինչու չէ, նաեւ այն, թե ինչու հանկարծ Հայաստանում նման դեպք տեղի ունեցավ, ինչքանով էր դա ճիշտ, սխալ, ինչ հետեւանքներ կարող է ունենալ թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար, եւ ոնց կարելի է անել, որ այդ խնդիրները լուծվեն այն ձեւով, այն որակով, որ մենք այսուհետ խուսափենք նման իրավիճակների առաջացումից:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Արփինե Թովմասյան, Նարեկ Սարգսյան