Դերասան Լեւս Դավթյանը, ով հեռուստադիտողներին առավել հայտնի դարձավ «Եռաչափ սեր» սերիալից եւ «Yere1» ծրագրից, վերջին շրջանում էկրաններին այնքան էլ հաճախակի չի երեւում: Ուստի հեռուստադիտողներին հետաքրքրում է` ինչով է նա այժմ զբաղված, արդյոք առաջիկայում դերասանը հանդես կգա նոր նախագծում:
Եւ, ահա, վերջինս «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ նկարահանվում է հաղորդում-սերիալում, որը եթեր կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերությամբ. «Ներկայացվող տարբեր պատմությունների միջոցով անդրադարձ կկատարվի հոգեբանական, սոցիալական մի շարք խնդիրների: Կարծում եմ` նախագծի շուրջ դերասանական լավ կազմ է հավաքվել: Ինձ համար դրա շրջանակում աշխատելը հետաքրքիր էր այնքանով, որ ամեն անգամ նկարահանվելով փոքրիկ ֆիլմ-պատմության մեջ՝ հանդես եմ գալիս բոլորովին տարբեր կերպարներում եւ իմ մեջ բացահայտում եմ դերասանական նոր ունակություններ»,-մանրամասնեց նա:
Բացի այս նախագիծը` Լեւսը նկարահանվել է նաեւ 20 մասից բաղկացած սերիալում (ռեժիսոր` Հարություն Շատյան), որը կհեռարձակվի «Արմենիա» հեռուստաընկերությամբ. «Այստեղ հեռուստատեսային կյանքում առաջին անգամ բացասական դեր խաղացի (թատրոնում դրա նախադեպը եղել էր): Այս նոր փորձառությունը եւս մասնագիտական առումով ինձ համար հետաքրքիր էր, բայց միաժամանակ նաեւ բարդ: Սերիալի հիմքում կա սիրային պատմություն, ես մարմնավորել եմ գլխավոր կերպարներից մեկը»,-ասաց նա:
Մենք հետաքրքրվեցինք` ինչ փուլում են երեխաների համար դերասանական այն ստուդիայի աշխատանքները, որը բացել էին դերասաններ Սոնա Մաթեւոսյանը, Անաիս Սարդարյանը եւ ինքը` Լեւսը: Վերջինս տեղեկացրեց, որ ստուդիայի գործունեությունը կիսատ է մնացել, քանի որ դերասաններից բոլորի աշխատանքային գրաֆիկը բավական հագեցած է, եւ նրանք չեն հասցնում լիարժեք ժամանակ տրամադրել այդ գործին:
Մենք Լեւսին նաեւ հիշեցրինք, որ նախորդ տարի «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա նշել էր, թե հայրենիքում իրեն պահող հանգամանքներից մեկն անձնական կյանքն է: Ուստի հետաքրքրվեցինք` այդ առումով որեւէ փոփոխություն դերասանի կյանքում կա, թե ոչ. «Չեմ ուզում անդրադառնալ դրան, կասեմ, որ անձնական կյանքում դեռ փոփոխություններ չկան: Ամեն դեպքում ես միշտ պատրաստ եմ լուրջ հարաբերությունների, եթե մի բան պետք է ստացվի, կստացվի»,-պատասխանեց նա:
Մենք հարցրինք` Լեւսը կցանկանար արդյոք, որ իր կյանքի ընկերուհին լիներ դերասանական ասպարեզից. «Քանի որ ես չափազանց խանդոտ եմ, դա կարող է խանգարող հանգամանք հանդիսանալ մեր հարաբերություններում, բայց հնարավոր է նաեւ, որ մեր համատեղ կյանքը հետաքրքիր ստացվի: Ամեն դեպքում, իմ խառնվածքն իմանալով` կարող եմ ասել, որ եթե ընտրյալս դերասանուհի լինի, ապա նրա կարիերան կտուժի»,-եզրափակեց Լեւսը:
Աննա Բաբաջանյան