Գեղարքունիքում թեժ մարտեր են. ովքեր են ՏԻՄ ընտրությունների թեկնածուները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանը թեւակոխել է ընտրական բուռն գործընթացների փուլ: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները փոթորկել են գրեթե բոլոր մեծուփոքր համայնքները: Իհարկե, այդ ընտրությունները քաղաքական նորարարության մասին չեն վկայում, բայց ամեն դեպքում լոկալ իմաստով փոփոխությունների ձգտումը նկատելի է բոլոր բնակավայրերում: Սկսենք Գեղարքունիքից:

Սեւան

Սեւան քաղաքում իրավիճակը անպատկերացնելի խճճված է: Այստեղ ինքնառաջադրվել են միանգամից 3 ՀՀԿ-ականներ՝ գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը՝ հայտնի Ուդոն, նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանը, որը համարվում է բավականին թույլ թեկնածու ի տարբերություն մյուս մրցակցի: Բանն այն է, որ այստեղ առաջադրվել է նաեւ Սեւանի մեկ այլ նախկին քաղաքապետ Գեւորգ Մալխասյանը, որը համակիրներ ունի քաղաքում:

Սեւանի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել նաեւ «ՌԱՖ ԵՎ ԷԼ» ՍՊԸ տնօրեն Արա Սմբատյանը, որը վայելում է տեղի երկրապահների աջակցությունը: Ու դեռ ընտրապայքարը չսկսված՝ Սեւանում «խաղից դուրս է եկել» ՀՀԿ Սեւանի շրջանային կառույցի ղեկավար Ալիկ Պետրոսյանի՝ Լոբի Ալիկի որդին՝ անկուսակցական Մհեր Պողոսյանը: Նա «Գազպրոմ Արմենիա»-ում ավագ մասնագետ է, եւ հայրը հորդորել է չխառնվել ներկուսակցական գզվռտոցի վերածված Սեւանի ընտրապայքարին:

Ավանդաբար Սեւանի ընտրությունների ժամանակ իր դերակատարումն է ունեցել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ դեռեւս ՌՈ պետ եղած ժամանակներից…

Վարդենիս

Վարդենիս քաղաքում թեեւ թեկնածուները քիչ են, բայց իրավիճակը պակաս խճճված չէ: Այստեղ 3 թեկնածուներ են առաջադրվել, որոնցից երկուսը Հանրապետական են. քանի որ Վարդենիսի քաղաքապետը նաեւ ՀՀԿ շրջանային կառույցի ղեկավարն է, ուստի կառույցը որոշել է ՀՀԿ-ի անունից առաջադրել գործող քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի թեկնածությունը, սակայն ՀՀԿ-ն դեռեւս պաշտոնապես դիրքորոշում չի հայտնել: Երկրորդը ՀՀԿ-ական մեկ այլ թեկնածու, «ԼիկաԱլեն» ՍՊԸ տնօրեն, մասնագիտությամբ քաղաքագետ Կարեն Մկրտչյանն է: Երրորդ թեկնածուն անկուսակցական է՝ «Էյ.Ի. ջի սերվիս» ՍՊԸ ծառայության պետ Գնել Խչեյանը:

Տեղեկացնենք, որ Վարդենիսի քաղաքապետը 14 տարի է՝ աշխատում է այդ պաշտոնում, սակայն արված աշխատանքը Վարդենիսում այդպես էլ չի երեւում»…:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս