ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ԱՐՑԱ՛Խ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշում է իր Անկախության 25-ամյակը: Արցախի անկախության այս տարվա տարեդարձի տոնակատարություններն առանձնահատուկ նշանակություն ունեն: Պատճառը ոչ այնքան հոբելյանական թվով է պայմանավորված, որքան ապրիլի քառօրյա պատերազմից հետո հայկական երկրորդ պետության հզորությունը թշնամուն ի ցույց դնելու մղումը:
Այսօր կարծիքներ են հնչում, որ Արցախի անկախության հռչակումը մարտավարական սխալ քայլ է եղել, եւ ավելի ճիշտ կլիներ Արցախը Հայաստանին միավորելու գործընթացը ավարտին հասցնելը: Սակայն իրավիճակի նրբությունն այն է, որ անկախ այն հանգամանքից, թե ով ինչ կարծիք ունի, մեր անելիքի էությունը չի փոխվում: Իսկ բոլորիս անելիքը մեկը պետք է լինի` հայկական երկու պետությունների՝ Արցախի եւ Հայաստանի շենացում եւ հզորացում: Հայկական երկու պետությունները պետք է հայի համար դառնան աշխարհի երեսին ամենացանկալի ապրելու վայրը: Հայը, լինի Հայաստանում, թե Արցախում, պետք է օրենքով պաշտպանված լինի, պետք է համոզված լինի, որ իր երեխայի ապագան որոշվելու է բացառապես նրա օրինապահ կենսակերպ վարել-չվարելով, իսկ եկամուտի չափն էլ որոշվելու է աշխատասիրությամբ:
Ու այս ճանապարհին չի կարող որեւէ խոչընդոտ լինել:
Հ.Գ. Հայաստանի իշխանություններից Արցախի Անկախության տոնակատարություններին կմասնակցի Սերժ Սարգսյան, որը երեկ արդեն մեկնել է Ստեփանակերտ:

 

 
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանի նկատմամբ կատարված անարդարությունը ոչ մեկի անտարբեր չթողեց. բարկացան ու արտասվեցին ոչ միայն հայերը: Բայց պետության գործառույթն իր քաղաքացիներին պաշտպանելն է, կլինեն նրանք մարզիկ, թե այլ մասնագիտության տեր: ՀԱՕԿ-ը եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը պետք է ամեն ինչ անեն, որ Հարությունյանի մենամարտի մրցավարները որակազրկվեն: Այդ դեպքում այլ մրցավարներ ձեռնպահ կմնան մեր մարզիկների նկատմամբ նման քայլ անելու մտքից անգամ: Հակառակ դեպքում մեր մարզիկները պարբերաբար կհայտնվեն «որբի» կարգավիճակում: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գեւորգ Ղազարյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ Միհրան Հարությունյանի մենամարտի մրցավարությունը բողոքարկելու մտքից իրենք չեն հրաժարվել: «Թիմը եկել է, շուտով խորհրդակցություն կարվի զուտ այդ առումով, եւ մեր քայլերը շատ հստակ կլինեն եւ շատ կոշտ: Վստահ ասում եմ՝ պետությունը կանգնած է մարզիկի կողքը»,- ասաց նախարարը:

 

 
Հայաստանն այլեւս այնպիսի երկիր է, որտեղ սեփական քաղաքացին իր երկրում դիտարկվում է որպես զբոսաշրջիկ: Բանն այն է, որ պաշտոնական վիճակագրությամբ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելի մեծ է, քան մեր երկիր եկած օտարերկրացիներինը: Պաշտոնական վիճակագրությունից «Ժողովուրդ»-ը տեղեկանում է, որ այս տարվա առաջին կեսին Հայաստան է ժամանել 501 հազար 118 զբոսաշրջիկ: Սա այն դեպքում, երբ, կրկին ըստ պաշտոնական տվյալների, նույն այդ վեց ամիսներին Հայաստան եկած օտարեկրացիների թիվը կազմել է 499 հազար 980 մարդ: Այսինքն՝ ստացվում է, որ ՀՀ քաղաքացիների մի մասը եւս պաշտոնական վիճակագրության տեսանկյունից Հայաստանում որպես զբոսաշրջիկ է դիտարկվում: Մեթոդաբանության տեսանկյունից այս երեւույթն, իհարկե, ունի իր բացատրությունը, սակայն առավել կարեւոր է այն փաստը, որ բուն պատճառն անընդհատ շարունակվող արտագաղթն է, քանի որ ՀՀ քաղաքացու համար Հայաստանն այլեւս մշտական բնակության երկիր չէ:

 

 
ՀՀ Վայոց ձորի Աղավնաձոր գյուղի բնակիչների հետ տեղի ունեցածը ամբողջությամբ բնորոշում է Հայաստանի տնտեսական եւ քաղաքական կյանքի թշվառությունը: Խոշոր գինի արտադրող ընկերություններից մեկը` «Վեդի Ալկո»-ն, անցած տարի ՀՀ իշխանությունների հորդորով պահանջարկից ավել խաղող մթերելու պատճառով այդպես էլ չի կարողանում գյուղացիներից ընդունած խաղողի դիմաց վճարել եւ սնանկացման վտանգի առջեւ է հայտնվել: Աղավնաձորցիները հնարավոր բոլոր դռները թակել են: Երեկ էլ իրենց դպրոցն էին պաշարել, որ եւս մեկ անգամ իշխանությունների ուշադրությանն արժանանան: Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ երեկ ինքը «Վեդի Ալկո»-ի սեփականատեր Մանվել Ղազարյանի հետ գնացել է Աղավնաձոր եւ հանդիպել բնակիչներին, պայմանավորվել են մինչեւ սեպտեմբերի 15-ը խնդիրը լուծել: «Կփորձենք նույնիսկ երաշխավորներ գտնել, որպեսզի «Վեդի Ալկո»-ի սեփականատիրոջը կարողանան վարկ տրամադրել»,- ասաց մարզպետը:

 

 
ԳՆՈՂՈՒՆԱԿՆԵՐՈՎ
Սեպտեմբերի 18-ին եւ հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից առաջ արդեն իսկ սկսվել են գործընթացներ, որոնք ցույց են տալիս, որ Հայաստանում տարիներ ի վեր արմատավորված ընտրապայքարի կեղտոտ, անբարո տեխնոլոգիաները չեն փոխվել: Դրանցից, բնականաբար, առաջնահերթ եւ համատարած օգտվում են իշխանությունները, թեեւ երբեմն լինում են բացառություններ նաեւ ոչ իշխանական դաշտում:
Նախօրեին հայտնի դարձավ, որ Արարատի մարզի Մասիսի քաղաքապետի ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրած թեկնածուն՝ Կարապետ Օհանյանը, որը նաեւ ԲՀԿ տարածքային խորհրդի նախագահն էր, անսպասելիորեն ինքնաբացարկ է հայտնել: ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այդ կապակցությամբ հայտարարեց, որ իրենց արդեն նախկին կուսակցին /նրան նույն օրը հեռացրին ԲՀԿ-ից/ գնել են, նա մինչ այդ 10 ժամով անհետացել է, ապա վերադառնալով՝ հայտնել, որ հրաժարվում է ընտրությունների մասնակցությունից, քանի որ թե՛ իրեն, թե՛ իր որդիներին բարձր պաշտոններ են խոստացվել իր մրցակցի՝ ՀՀԿ թեկնածու Դավիթ Համբարձումյանի կողմից:
Նշենք, որ Կ. Օհանյանը դա ասել է ոչ հրապարակային, իսկ, ահա, հրապարակավ նա հավաստիացնում է, որ իր նկատմամբ որեւէ ճնշում չի եղել, եւ ինքը հրաժարվել է ընտրապայքարից իր շանսերի փոքր լինելու պատճառով: Այսպիսով՝ ստացվում է, որ ֆորմալ առումով իշխանություններին մեղադրելու հիմքեր չկան: Նմանօրինակ կերպով «գնվող» թեկնածուների կուսակիցները բողոքում են, որ իշխանությունն իր ունեցած հսկայական ռեսուրսներով կարող է գնել ցանկացած ընդդիմադիր թեկնածուի, եւ իրենք անզոր են լինելու դրա դեմ պայքարել:
Սա, իհարկե, շատ լուրջ խնդիր է: Սակայն մյուս կողմից էլ ոչ պակաս խնդիր է այն, որ մեր ընդդիմադիր դաշտում այդքան շատ են «գնվողները»: Ի դեպ, իշխանական գործիչները բողոքող ընդդիմադիրներին հակադարձում են՝ ասելով՝ իսկ դուք մի գնվեք: Սա, իհարկե, շատ ցինիկ մոտեցում է, սական միեւնույն ժամանակ ինչ-որ տեղ նաեւ՝ արդարացի: Ի վերջո, եթե որեւէ քաղաքական ուժ ընդդիմադիր հարթակներից հանդես է գալիս «փրկչի» կերպարով եւ ժողովրդից քվե խնդրում՝ խոստանալով իշխանության գալու դեպքում երկիրն ազատել այս կեղեքիչ «ռեժիմից», ապա այդ ուժը պարտավոր է իր շարքերը նախ մաքրել բոլոր «գնվողներից» եւ «հաճախորդներից»: Այլապես այդ ուժը նախ՝ երբեք չի կարողանա հաղթել իշխանությանը, ապա եւ՝ եթե մի հրաշքով հաղթի, շատ արագ կվերածվի ավելի վատ ռեժիմի՝ իր շարքերում առկա «գնվողների» ախորժակի բավարարման համար իշխանական լծակների օգտագործման արդյունքում:
Այնպես որ, քանի կան «հաճախորդներ», կլինեն նաեւ գնորդներ, եւ ընդհակառակը: Փակ շղթա է, որից արդեն 20 տարի է՝ ոչ մի կերպ չենք կարողանում դուրս գալ:




Լրահոս