ՀՈՒՅՍՆԵՐՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ակնհայտ է, որ Գյումրիի եւ Վանաձորի ավագանու ընտրությունները քաղաքական ուժերի համար` խորհրդարանական ընտրություններին ընդառաջ փորձություն է լինելու, սակայն ակնհայտ է, որ իշխանություններն այս ընտրություններում նաեւ փորձում են նոր մեխանիզմներ կիրառել` դրանց արդյունավետությունը գնահատելու համար:

Այս երեւույթը հատկապես ուրվագծվում է Գյումրիի ավագանու ընտրություններում: Այստեղ ավագանու անդամի թեկնածու են առաջադրել 10 կուսակցություններ եւ մեկ դաշինք: Փաստորեն, իշխող ՀՀԿ-ն իր ցուցակում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի` ՀՔԴՄ կուսակցության մի քանի անդամների ընդգրկելով՝ դաշինք է կազմավորել: Այժմ ՀՀԿ-ն ոչ թե իր անունով է հանդես գալիս, այլ որպես «Բալասանյան» դաշինք: Այլ կերպ ասած՝ իշխող կուսակցությունը Գյումրիում փորձում է գործող քաղաքապետին` Սամվել Բալասանյանին օգտագործել իբրեւ «բրենդ»՝ ցանկանալով քողարկել իշխանությունների վերարտադրվել ցանկանալու փաստը:
Իսկ ինչ վերաբերում է ավագանու թեկնածու առաջադրած տասը կուսակցություններին, նրանցից ութը քաղաքական դաշտի գործող դերակատարներ են: Այսինքն՝ դրանք կուսակցություններ են, որոնք անկախ իրենց իշխանամետ կամ ընդդիմադիր լինելուց, մինչ այս էլ քաղաքական դաշտում իրենց ուժերի ներածին չափով ակտիվություն են դրսեւորել: Իսկ առաջադրվածներից երկուսը` «Գյումրեցու ոգի» եւ «Գործարար» կուսակցությունները, որոնք գրանցված են հենց Գյումրիում առաջադրվելուց երկու շաբաթ առաջ են գրանցվել: Մասնավորապես, «Գործարար» կուսակցությունը գրանցվել է օգոստոսի 10-ին, իսկ «Գյումրեցու ոգի» կուսակցությունը` օգոստոսի 9-ին: Ավելին՝ նրանցից առնվազն մեկի` «Գյումրեցու ոգի» կուսակցության կապը Գյումրիի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ի ցուցակը, այն է՝ «Բալասանյան» դաշինքը գլխավորող Սամվել Բալասանյանի հետ, արդեն իսկ «Ժողովուրդ»-ը հրապարակել է: Բանն այն է, որ նշված կուսակցության հիմնադիրը` Սահակ Սահրադյանը, Սամվել Բալասանյանի խորհրդականն է եւ նրա մերձավոր անձանցից մեկը:
Այստեղ բնական հարց է ծագում. իսկ իշխանությունների ինչի՞ն էր պետք «դրածո» կուսակցություններ խաղի մեջ մտցնել, ի վերջո, դրա համար նրանք նաեւ ստիպված են ծախս կատարել, առնվազն երկուական միլիոն դրամի չափով: Հաշվարկը բավական պարզ է. իշխանությունները հույս ունեն իրենցից դուրս մնացած քաղաքական դաշտն այնպես լղոզել, որ շունը տիրոջը չճանաչի: Սա իշխանությունների համար ընտրություններին հաջողության հասնելու միակ տաբերակն է: Բանն այն է, որ իշխանության պոտենցիալը ինչպես ողջ հանրապետությունում, այնպես էլ Գյումրիում շատ կոնկրետ է, եւ ՀՀԿ-ում այդ թվին շատ լավ տիրապետում են:
Մասնավորապես գյումրիում իշխանությունների քվեները կարող են 14-ից 16 հազար կազմել: Վերջին` 2012-ի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն ստացել է 14 հազար 658 քվե, իսկ ընդամենը ինն ամիս առաջ՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ «այո»-ի, այսինքն՝ իշխանությունների օգտին քվեարկել է 16 հազար 701 ընտրող: Ի դեպ, այս երկրորդ թվից եթե հանենք զինվորականներին, որոնք Գյումրիի ավագանու ընտրություններին չեն մասնակցում, ապա կրկին կստացվի, որ իշխանությունները Հայաստանի երկրորդ քաղաքում մինչեւ 14 հազար քվեի ակնկալիք կարող են ունենալ: Սա այն դեպքում, երբ Գյումրիում սովորաբար ընտրություններին մասնակցում է 45-ից 50 հազար ընտրող: Ակնհայտ է, որ հոկտեմբերի 2-ի ընտրությունները ընտրողների մասնակցության տեսանկյունից պասիվ չեն լինելու:
Ուստի իշխանություններին օդ ու ջրի պես անհրաժեշտ է, որ ընդդիմադիր գյումրեցիների ձայները հնարավորինս մանր մասերի բաժանվեն եւ «փոշիանան»: Այլ կերպ ասած՝ անհրաժեշտ է, որպեսզի 4-ից 5 կուսակցություններ մինչեւ 2 հազար 500 քվե ստանան: Այդ դեպքում նրանք ավագանու տեղեր չեն ստանա իսկ նրանց օգտին տրված քվեները մանդատների բաշխմանը փաստացի չեն մասնակցի: Ավելի կոնկրետ՝ իշխանություններին անհրաժեշտ է, որ «դրածո» կուսակցությունների եւ իրենց վարկաբեկած ընդդիմադիր քաղաքական ուժերի միջոցով առնվազն 15 հազար քվե փոշիանա: Նման պայմաններում, եթե իշխանություններին հաջողվի իրենց ունեցած ռեսուրսը` մոտ 15 հազար քվեները, ամբողջությամբ հավաքագրել, ապա Գյումրիի ավագանու մանդատները բաշխելիս ՀՀԿ-ի «Բալասանյան» դաշինքի մանդատների թիվը կգերազանցի 40 տոկոսը եւ օրենքով նախատեսված բոնուսի հաշվին մեծամասնություն կստանա:
Իսկ եթե ընդդիմադիր գյումրեցիների ձայները չփոշիանան եւ, օրինակ, երկու կամ երեք կուսակցությունների միջեւ բաշխվեն, ապա ՀՀԿ-ի «Բալասանյան» դաշինքը կարող է անգամ ետնապահի դերում հայտնվել, իսկ ընդդիմադիրները կոալիցիա կազմելով՝ կարող են Գյումրիի կառավարումը իշխանությունների ձեռքից խլել:
Բնականաբար, հարցերի հարցն այն է, թե ընդդիմադիր կուսակցություններն ինչ մարտավարություն պետք է դրսեւորեն, որպեսզի ընդդիմադիր ընտրողների ձայները չփոշիանան: Առաջին հայացքից կարող է թվալ, թե ճիշտ կլինի, եթե ընդդիմադիրները միմյանց չքննադատեն եւ թիրախավորեն միայն իշխանություններին: Սա Հայաստանում վերջին տարիներին կիրառվող ավանդական դարձած մարտավարությունն է, որի վրա էլ իշխանություններն իրենց հույսը դրել են: Բանն այն է, որ այդ դեպքում «դրածո» կուսակցությունների եւ իշխանությունների հովանու ներքո գործող կեղծ ընդդիմադիր քաղաքական ուժերի քվեներ «թռցնելու» հնարավորություններն ավելի են մեծանում: «Դրածո» կուսակցությունները, կեղծ եւ իսկապես ընդդիմադիր քաղաքական ուժերը, բոլորը կհայտնվեն հավասար հարթությունում` այստեղից բխող հետեւանքներով: Փոխարենը առանց պայմանավորվածությունների եւ կեղծ համերաշխության դրսեւորումների քարոզարշավի դեպքում իշխանությունների հաշվարկները կարող են տապալվել: Քանի որ «դրածո» կուսակցությունները եւ կեղծ ընդդիմադիրները կզրկվեն «ձայն խլելու» հնարավորությունից, մյուս կողմից էլ ակնհայտ կդառնա, թե գյումրեցիներն իսկապես ընդդիմադիր կուսակցություններից ում են ավելի շատ վստահում:
Սեպտեմբերի 9-ից հետո, երբ կմեկնարկի քարոզարշավը, կարծում ենք՝ կարճ ժամանակ անց ակնհայտ կդառնա, թե իրադարձությունները որ սցենարով են զարգանում, եւ ինչպիսի արդյունքներ կարելի է ակնկալել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԱԱԾ-Ն ՆԵՐՍ ԹՈՂԵՑ
ՀՀ ԱԱԾ-ի կողմից նոյեմբերի 25-ին վնասազերծված հանցավոր խմբի գործով արդեն 9 ամիս կալանքի տակ է գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը, որը մեղադրվում է հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեջ: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Շիրխանյանի գործին ծանոթանալու նպատակով եվրոպացի փաստաբան է ժամանել Հայաստան, սակայն նրան թույլ չէին տվել նախկին փոխնախարարի հետ հանդիպել: Մեր տեղեկություններով՝ նշված փաստաբանին` Աննա Մարալյանին, այնուամենայնիվ, թույլատրել են Վահան Շիրխանյանի հետ տեսակցել` ԱԱԾ աշխատակիցների ներկայությամբ: Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է՝ այս գործով նախաքննությունը, կարելի է ասել, կանգ է առել:

 

 

ՌՈՒՍԱԿԱՆ ՅՈԳՈՒՐՏԻ ԽԵՐԸ
Հայաստանում այս տարվա հունվար-հուլիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, յոգուրտի արտադրության ծավալները 5 տոկոսով նվազել են: Իսկ մայոնեզի արտադրության ծավալները նույն ժամանակահատվածում նվազել են 52.5 տոկոսով: Ստացվում է, որ այս տարվա 7 ամիսների ընթացքում արտադրվել է 310 տոննա յոգուրտ՝ նախորդ տարվա 327 տոննայի փոխարեն: Իսկ մայոնեզ այս տարվա հունվար-հուլիսին արտադրվել է 47 տոննա՝ նախորդ տարվա 99-ի փոխարեն: Նշված սննդատեսակների արտադրության ծավալների նվազումը որոշ մասնագետներ պայմանավորում են Ռուսաստանից էժան յոգուրտ եւ մայոնեզ ներկրելու փաստով: Բանն այն է, որ ռուսական սննդամթերքները ներկվում են առանց մաքսավճարի: ՀՀ-ում արտադրվող յոգուրտի, մայոնեզի արտադրության ծավալները այդքան մեծ չեն, որ իրենց ինքնարժեքով կարողանան մրցել ռուսականների հետ: Արդյունքում, տեղական արտադրանքը անհավասար մրցակցային պայմաններում հայտնվելով՝ ստիպված է լինում շուկան զիջել ներկրված ապրանքներին, որոնց որակը մեր տեղականների համեմատ երբեմն շատ ցածր է, բայց այդ հանգամանքը երկրորդական պլան է մղվում:

 

 

«ԴԱԲՐՈ» ԲԱԺԱՆՈՂԸ
Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանն օրերս իր աշխատասենյակ է կանչել Արարատի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարի թեկնածուներին եւ տեղեկացրել, թե ով պետք է մնա, իսկ ով ինքնաբացարկ ներկայացնի: Մասնավորապես, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին ասել է, որ Բաղրամյանի գործող գյուղապետ Սոսիկ Բենիամինյանը պետք է «վերընտրվի»: Այլ կերպ ասած՝ «դաբրոն» գործող գյուղապետն է ստացել: Արդյունքում, գյուղապետի թեկնածուներ Հրայր Հարությունյանը եւ Վարդան Սաֆարյանը ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ու ընտրապայքարից դուրս եկել: «Ժողովուրդը» փորձեց խնդրի առնչությամբ մեկնաբանություն ստանալ Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանից: Ի պատասխան՝ նա ասաց. «Արգամ Աբրահամյանը ընտրություններով չի զբաղվում, մանավանդ գյուղերի»:

 

 
ՀԵՏ ՉԻ ԿԱՆԳՆՈՒՄ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը իր «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարին ասել է, որ հետ չի կանգնում Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւից, որը Գերմանիայի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել:
Հիշեցնենք՝ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն որպես գերմանացի օրենսդիրներին Ինջիրլիքի ռազմակայան այցելելու հնարավորություն ընձեռելու պայման նշել էր Բունդեսթագի բանաձեւից Գերմանիայի կառավարության հրաժարումը:

 

 

ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ՉՈՒՆԵՆ
ՄԻՊ Արման Թաթոյանը երեկ արձագանքել է «Սասնա ծռեր» խմբի գործունեության ընթացքում ՄԻՊ-ի աշխատանքից դժգոհություններին՝ նշելով, որ քննադատություններին նորմալ է վերաբերվում: «Դրանք մեզ օգնում են էլ ավելի կատարելագործելու մեր աշխատանքը, այստեղ երկրորդ կարծիք չկա: Ինչ վերաբերում է վերջնական արդյունքին, ապա հիմա աշխատանքներ են տարվում արտահերթ զեկույցի պատրաստման ուղղությամբ, որտեղ հստակ տրվելու են գնահատականներ հուլիսի 17-ից սկսած բոլոր իրադարձությունների վերաբերյալ»,- ասել է ՄԻՊ-ը: Նա նաեւ ընդգծել է, որ ռեսուրսների խնդիր ունեն: Օրինակ՝ արագ արձագանքման վարչությունում ընդամենը 5 աշխատակից ունեն: «Ինչեւիցե, մենք այլ ռեսուրսներ էլ ենք փորձում ներգրավել, բայց հույս ունեմ, որ նոր օրենսդրական կարգավորումներով այդ հարցերը լուծումներ կստանան»,- ասել է Թաթոյանը:

 

 

ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ
Բակո Սահակյանը եւ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 2-ին մասնակցել են ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: Հայկական երկու պետությունների ղեկավարներն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել Արցախի անկախության ու ազատության համար զոհված ազատամարտիկների, Ազգային ժողովի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմներին:




Լրահոս