Հայաստանին հանգստացնում են վարչապետի հրաժարականով. «Կոմերսանտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց իր հրաժարականի մասին: Նրան կփոխարինի Երևանի նախկին քաղաքապետ և «Գազպրոմ» ընկերության նախկին թոփ-մենեջեր Կարեն Կարապետյանը, ում առավելությունն այն է, որ ի տարբերություն կառավարության նախորդ ղեկավարի` նա այդքան էլ չի ասոցացվում երկրի ներկայիս ղեկավարության հետ. դեռևս հուլիսին Երևանում ամեն օր ցույցեր էին կազմակերպվում, որոնց ժամանակ իշխանության փոփոխության պահանջներ էին հնչեցվում, գրում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը:

«Ես որոշել եմ հրաժարական տալ և հնարավորություն տալ նախագահին նոր կառավարության ձևավորել»,- պարբերականը հիշեցնում է Հովիկ Աբրահամյանի հրաժեշտի խոսքը:

«Կոմերսանտ»-ի հետ զրույցում Երևանում Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը նշել է, որ Հովիկ Աբրահամյանն իր հրաժարականի մասին որոշումն ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: «Նախագահական հանրապետություններում, ինչպիսին Հայաստանն է, վարչապետերն իրենց կամքով հրաժարական չեն տալիս: Այդ իսկ պատճառով ակնհայտ է, որ որոշումը կայացվել է նախագահի և նրա մոտ շրջապատի հետ համատեղ: Վարչապետի պաշտոնում Սարգսյանի հնարավոր նշանակման մասին խոսվում էր դեռևս օգոստոսին` ոստիկանական բաժանմունքի գրավման ավարտից հետո»,- ասել է փորձագետը:

Պարբերականը նշում է, որ ՀՀ կառավարությունը կղեկավարի 53-ամյա Կարեն Կարապետյանը, ում թեկնածության մասին հինգշաբթի երեկոյան հայտարարվեց իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի նիստի ժամանակ:

«Համոզված եմ, որ Կարապետյանը կարող է Հայաստանում փոփոխությունների խորհրդանիշ դառնալ»,- պարբերականը մեջբերում է ՀՀ նախագահի խոսքը:

«Գազպրոմ»-ի համակարգում Կարեն Կարապետյանի նախկին գործընկերները, ինչպես գրում է պարբերականը, նրան բնութագրում են որպես «եռանդուն» և «նորարարական ոգի» ունեցող մարդու, սակայն միևնույն ժամանակ՝ իմպուլսիվ:

«Իշխանությունները գիտակցում են, որ հանրության ակնկալիքները կարելի է արդարացնել միայն խորը բարեփոխումների ճանապարհով: Սակայն համակարգ մտած մարդը չի կարող փոխել այն: Այդ իսկ պատճառով Կարապետյանի գլխավոր առավելությունն այն է, որ նա այդ համակարգ չի մտել»,- «Կոմերսանտ»-ին պարզաբանել է Սերգեյ Մինասյանը:

 

Քրիստինե Պողոսյան




Լրահոս