Նոր ուղիներ` հայ-վրացական կրթական համագործակցության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:

Շնորհավորելով նորանշանակ դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ` նախարարը համոզմունք է հայտնել, որ կրթության բնագավառում բարեկամ Վրաստանի հետ մեր հարաբերությունները զարգացման նոր մակարդակ կարձանագրեն:

Վրաստանի հետ մեր բարեկամական հարաբերությունները ոչ միայն աշխարհագրական դիրքով է պայմանավորված, այլ դարերի ընթացքում մեր երկու ժողովուրդների համատեղ պատմական  ընթացքով, որն իր արտացոլում է գտել նաև կրթության ոլորտում,-նշել է Լևոն Մկրտչյանը: Նախարարը հարևան Վրաստանի հետ հարաբերություններում  կարևորել է  ընդհանուր կրթական տարածքում գործունեության ակտիվացումն ու հույս հայտնել, որ առաջիկայում նոր ուղիներ կմշակվեն համատեղ ծրագրեր իրականցնելու համար:

Շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ` դեսպան Գիորգի Սագանելիձեն կարևորել է  մեր երկու երկրների հարաբերությունների դինամիկ զարգացման գործում կրթության դերը:
Կրթության համակարգում երկու երկրների հետագա համագործակցության ուղիները քննարկելու նպատակով առաջիկա շաբաթվա ընթացքում նախատեսվում է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի պաշտոնական այցը Վրաստան: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև այդ այցի հետ կապված կազմակերպչական հարցեր:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Վրաստանում գործող հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստմանը, տեղեկատվության փոխանակմանը, միջբուհական համագործակցությանը, դասագրքերին, օտար  լեզուների խորացված ուսուցման, ինչպես նաև կրթության և գիտության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերվող հարցերին:




Լրահոս