Մեր պրոբլեմները անձերի մեջ չեն, մեր պրոբլեմները համակարգի մեջ են. Արամ Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանն անդրադարձավ Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետի պաշտոնից հրաժարականին եւ հետագայում սպասվող փոփոխություններին՝ մասնավորապես նշելով, որ փոփոխություններ կլինեն կառավարման համակարգի գրեթե բոլոր ոլորտներում` սկսած նախագահի աշխատակազմից մինչեւ դատաիրավական համակարգ: Ըստ այդմ, սպասվում են կադրային վերադասավորումներ:

«Ժողովուրդը» այդ փոփոխությունների մեկնարկի եւ դրա արդյունքում սպասվող պաշտոնների վերադասավորումների մասին զրուցեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ:

-Պարո՛ն Մանուկյան, Սերժ Սարգսյանն ասաց, որ անհրաժեշտ է փոփոխություններ իրականացնել եւ վերականգնել վստահությունն իշխանությունների հանդեպ: Ինչո՞ւ առաջացավ այդ անհրաժեշտությունը:

-Այդ նույն բանը ասել է չորս տարի առաջ, նույն բանը ասել է երեք տարի առաջ, այդ փոփոխությունները տեսնում ենք, որ միայն բացասական են, այդ փոփոխությունների արդյունքում, եթե մարդիկ արտագաղթում են մեծ չափերով, ինչի համար են այդ փոփոխությունները, բյուջեն աճե՞լ է, ո՛չ, համախառն ներքին արդյունքն աճե՞լ է, ո՛չ, արտաքին պարտքը մեծացե՞լ է, այո՛, մեծացել է, ապրանքաշրջանառությունը փչացե՞լ է, այո՛, փչացել է, առեւտուրը պակասել է, այո՛, պակասել է, ինչ փոփոխությունների մասին է խոսքը: Դուք ասեք մի հատ դրական փոփոխություն, ես ոչ մի բացասական փոփոխություն չներկայացնեմ: Ոչ մի բան անձերի փոփոխությունով չի իրականացվում: Մեր մոտ համակարգն է հիվանդ:

-Ամեն դեպքում, ի՞նչ կարելի է սպասել այդ փոփոխություններից:

-Ոչ մի փոփոխություն չի եղել, ոչ մի հուսադրող բան չկա: Մեր պրոբլեմները անձերի մեջ չեն , մեր պրոբլեմները համակարգի մեջ են: Հովիկ Աբրահամյանն էլ եկավ, լուրջ խոստումներ տվեց՝ կոռուպցիայի, տնտեսության, հարկային դաշտ վերադառնալու… եղա՞վ այդ ամենը, թե՞ ավելի վատացավ: Ես որեւէ հուսադրող բան չեմ տեսնում: Համակարգը պետք է փոխվի, մեր խնդիրը համակարգային է, ոչ թե անձերի մեջ:

-Այնուամենայնիվ, ըստ Ձեզ, ո՞ր նախարարները պետք է փոխվեն:

-Եթե նախորդ հարցի պատասխանը տալիս ասացի, որ անձերով ոչինչ չի որոշվում, համակարգն է կոռումպացված, մենաշնորհացված, գողականը քրեականի հետ սերտաճած, ինչ կապ ունի, որ նախարարը կփոխվի, որը չի փոխվի: Եթե վարչապետի փոփոխմամբ համակարգը չի փոխվում, նախարարի փոփոխվելով ոնց կարող է փոփոխվել: Եթե նախարար փոխվեց, մաֆիոզ կամ օրենք խախտող պատգամավորներով լեցուն խորհրդարանը կփոխվի՞, ոնց կփոխվի, եթե դուք ասեք, որ մեկ տոկոս հավատում եք, որ կոռուպցիան Հայաստանում կքչանա, ես կասեմ՝ շատ լավ, ես ջատագովն եմ: ՀՀ-ին անձերի փոփոխություն պետք չէ, Հայաստանին համակարգային փոփոխություն է պետք: Հայաստանին պահելու քաղաքականություն է պետք, մեզ մոտ դեռ հակառակն է:

Վահագն Հակոբյան




Լրահոս