Հայաստանի ղեկավարությունը Կարեն Կարապետյանի ընտրության հարցում խորհուրդներ է ստացել Կրեմլից. Վլադիմիր Եվսեև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հաստատեց «Գազպրոմբանկ»-ի փոխնախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի նշանակումը երկրի վարչապետի պաշտոնում: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ մեկնաբանելով այդ իրադարձությունն, ասաց. «Կարեն Կարապետյանը կարող է Հայաստանում փոփոխությունների առաջնորդ դառնալ»:

Կարեն Կարապետյանի նշանակումը նոր թափ կհաղորդի հայ-ռուսական հարաբերություններին: Նման կարծիք է հայտնել ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը:

«Այժմ Հայաստանում բարդ ներքաղաքական իրավիճակ է, բարդ է նաև սոցիալ-տնտեսական առումով: Այդ առումով ճիշտ կլիներ հետևել ռուսամետ վեկտորին: Առաջին հերթին, Հայաստանին դա անվտանգություն կերաշխավորի, երկրորդ հերթին, ապագա կստեղծի: Խոսքը Եվրամիության երկրների հետ համագործակցությունից հրաժարվելու մասին չէ: Հակառակը, Հայաստանը կարող է դրական օրինակ ցուցաբերել ԵՄ և ԵՏՄ հարաբերությունների կառուցմանը՝ որպես հնարավոր փոխզիջում: Եվ դրա համար անհրաժեշտ է իրավիճակը հասկացող մարդ, ինչպիսին Կարեն Կարապետյանն է»,-Rusarminfo-ի հետ զրույցում ասել է Վլադիմիր Եվսեևը:

Հայաստանի ղեկավարությունը Կարեն Կարապետյանի ընտրության հարցում խորհուրդներ է ստացել Կրեմլից, վստահ է փորձագետը:

«Այժմ Հայաստանում սահմանադրական բարեփոխումներ են անցկացվում: Այդքան էլ հասկանալի չէ, թե ինչպես է նա ինտեգրվելու այդ բարեփոխումներին, այն առումով, որ կլինի լիազորությունների վերաբաշխում: Մեծ հավանականությամբ նրա պաշտոնավարությունը կավարտվի 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո»,-եզրափակել է Եվսեևը:

Քրիստինե Պողոսյան




Լրահոս