Արդեն մի քանի օր է՝ լայն հնչեղություն է ստացել «Քոչվորների համաշխարհային խաղեր» փառատոնին մեր երկրի մասնակցության փաստը, որին «Ժողովուրդ» օրաթերթն արդեն իսկ անդրադարձել է ծավալուն հրապարակումներով: Արձագանքներն ամբողջացնելով` «Ժողովուրդը» զրուցեց սպորտի եւ երիտասարդության հարցերի այլեւս ժամանակավոր պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանի հետ:
-Պարո՛ն Ղազարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք այդ փառատոնին մեր մարզիկների մասնակցությունը:
-Իրենց ֆեդերացիան /Մասռեսթլինգի Վ.Հ./ ՀԿ է:
-Բայց մի՞թե որեւէ կերպ հնարավոր չէ վերահսկել. յուրաքանչյուր մեկը կարող է երկրի անունից գնալ եւ ինչ-որ քոչվորական մրցույթի մասնակցե՞լ:
-Շատ բան են արել, իրենք գնացել են այնտեղ, ինչքան ես տեղեկություն ունեմ, այդ մարզաձեւի աշխարհի առաջնությանը մասնակցելու, սրանք երեւում է՝ համոզել են, որ այդ փառատոնին էլ մասնակցեն: Հարցը դա չի, բայց չգիտեմ՝ տեղյա՞կ եք, թե՞ չէ, որ մենք այսօր արդեն լուրջ գործընթաց ենք սկսել:
-Ի՞նչ գործընթացի մասին է խոսքը:
-Պաշտոնապես էլ եմ ասում, որպեսզի նման բաները իսպառ վերացնենք, արդարադատության նախարարության հետ համատեղ՝ օրենքի փոփոխություն ենք ներկայացնում կառավարություն, հետո` ԱԺ: Հետո ինչ անենք՝ ՀԿ է, գնում են, Հայաստանն են ներկայացնում, դրոշ են բարձրացնում, հիմն է հնչում: Տեսնելով այդ ամեն ինչը` մենք այդ օրենքի փոփոխությունն ենք նախաձեռնում:
Ի՞նչ է դա իրենից ներկայացնում. այսինքն՝ յուրաքանչյուր մարզական ՀԿ պարտավոր է տեղյակ պահել, եւ նույնիսկ եթե ինքը դուրս է մեկնում, մեր կողմից տվյալները տրվի դեսպանատան, որ ինքը կարողանա մեկնել:
-Փաստորեն պետք է նման աղմկոտ դեպք լիներ, որ նոր միայն սկսեիք այդ ուղղությամբ աշխատանք տանե՞լ:
-Դա նոր չի, անցած տարվանից մենք գործընթացը սկսել ենք: Այսինքն՝ փաստը եղել է, մենք տեսել ենք, արձանագրել ենք:
-Այսինքն՝ նման դեպքեր էլի՞ են եղել:
-Էլի են դեպքեր եղել, որ գնացել են, մեզ տեղյակ չեն պահել, այնտեղ խնդիրներ են եղել: Մեզ առանց տեղյակ պահելու գնում են այն ֆեդերացիաները, որոնք չեն ֆինանսավորվում պետական բյուջեից, ոչ օլիմպիական մարզաձեւեր են դրանք: Մասռեսթլիգի ֆեդերացիան երիտասարդ մարզաձեւ է, իրենց կողմից է ստեղծվել, այդ քոչվոր ցեղերի կողմից է ստեղծվել:
-Կապ հաստատե՞լ եք ֆեդերացիայի տնօրենի հետ` հասկանալու՝ ինչո՞ւ են այդպիսի բան արել:
-Բացարձակ, ինչի համար:
-Հասկանալու, թե ինչու են ինքնագլուխ նման որոշում կայացրել:
-Այն ֆեդերացիաները, որոնք օլիմպիական մարզաձեւեր են եւ ընդունված են միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից, բնականաբար, մեզ տեղյակ են պահում, համագործացկում ենք: Այս գործընթացը, որ սկսում ենք, լուրջ աշխատանք է:
-Իսկ մտահոգի՞չ չէ, որ այդ ՀԿ-ները առանց հաշվի առնելու սպորտի նախարարության գործոնը, կարելի է ասել, չկարեւորելով, գնում են…
-Բոլոր ֆեդերացիաները պետք է լիցենզավորվեն եւ որպես մարզական ՀԿ պետք է պետական այդ ուժը զգան, վերջիվերջո, պետության դրոշ է բարձրացվում:
-Համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո ի՞նչ պատժամիջոցներ են սահմանվելու:
-Պատժամիջոցները ընթացքում պարզ կլինեն: Իրենք դեռ գալու են, դեռ կկանչենք, խորհրդակցություն կանցկացնենք` տեսնելու համար, թե ինչու են նման բան արել:
Զրուցեց Վահագն Հակոբյանը