Գարեգին Բ կաթողիկոսը մասնակցել է Գևորգյան ճեմարանի նոր ուսումնական տարվա բացման արարողությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ սեպտեմբերի 10-­ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ ճեմարանի 2016­-2017 թթ. ուսումնական տարվա բացման արարողությունը: Այս մասին «Արմենպրես»­ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական
համակարգից:

Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Մայր Աթոռի հոգևոր­կրթական հաստատությունների տեսչական ու դասախոսական անձնակազմը, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները և այլ հրավիրյալներ: Միջոցառումը բացվեց
միասնական Տերունական աղոթքով, որից հետո կատարվեց ուսանողների օրհնության կարգ:

Հայաստանի Հանրապետության և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերից հետո 2016­-2017 թթ. ուսումնական տարվա կապակցությամբ ներկաներին իր խոսքն ուղղեց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:

«Այսօր մենք` ճեմարանականներս, այստեղ ենք եկել` հայցելու Հայոց Հայրապետի օրհնությունը և հաստատելու մեր պատրաստակամությունը` լծվելու աշխատանքի և ուսման, որ ի լրումն ժամանակի պիտի վերածվի ու թարգմանվի ծառայության:
Այս ամենն իրականացնելու համար մեզ առաջիկա տարվա ընթացքում սպասվում են մի շարք ծրագրեր, որոնց իրագործումը, հուսով ենք, էլ առավել պիտի զարգացնի ճեմարանի կրթական մակարդակը:

…Հուսով ենք, որ Աստուծո ողորմությամբ կկարողանանք իրականացնել մեր առջև դրված նպատակները, ինչի շնորհիվ Գևորգյան հոգևոր ճեմարանը պետք է շարունակի մնալ Հայ առաքելական սուրբ եկեղեցու ճրագն հանդիսացող աչքը,
որը պետք է լուսավորի ամբողջ մարմինը հանդիսացող եկեղեցին: Մեր համատեղ ջանքերով Գևորգյան հոգևոր ճեմարանը պետք է վերածվի մի կենդանի բարբառի, որը պետք է հուզի մարդկանց սրտերը, քրիստոնեական ոգին արծարծի` լիացած Ազգային Եկեղեցու սրբության վեհ սկզբունքներով»,-­ ասաց տեսուչ Հայր Սուրբը:

Վերջինս նշեց, որ 2016­-2017 թթ. ուսումնական տարվա ծրագրերի իրականացումն սկսվել է դեռևս ամռան ընթացքում, Ճեմարանի գիտական խորհրդի կողմից ակտիվորեն քննարկվել են նաև մի շարք ծրագրեր, որոնք նպատակ ունեն զարկ
տալու ուսումնական գործընթացի զարգացմանը: Այդ կարևոր ծրագրերից է Գևորգյան հոգևոր ճեմարանի կրթության վերածումը երկաստիճանից եռաստիճանի, ինչը շրջանավարտներին հնարավորություն կընձեռի պաշտպանելու
թեկնածուական ատենախոսություններ և ստանալու աստվածաբանության թեկնածուի աստիճան:

Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ և հովանավորությամբ ստեղծվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի Գիտական խորհրդին կից գործող աստիճանաշնորհման մասնագիտական հանձնաժողով, որի կազմում են Հայաստանի և արտերկրի մի շարք հայագետներ, պատմության և աստվածաբանության դոկտորներ:

Հայր Գարեգինը տեղեկացրեց նաև, որ առաջիկա տարում հրավիրվելու են մի շարք գիտաժողովներ աստվածաբանության, Սուրբ Գրքի, պատմության և այլ բնագավառներում: Հոկտեմբերի 6­8-­ն ընկած ժամանակահատվածում կանցկացվի Աստվածաշնչագիտական միջազգային գիտաժողովը՝ նվիրված Ոսկան Երևանցու տպագիր Աստվածաշնչի 350-­ամյակին:

Գիտական կյանքը զարգացնելու համար նախատեսվում են մի շարք հրատարակություններ, կկազմակերպվեն արտերկրից և Հայաստանից հրավիրված մեծանուն գիտնականների դասախոսություններ, այլ ուսումնական
հաստատությունների ուսանողների հետ համատեղ հանդիպումներ և քննարկումներ:

Հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կոնֆերանսների համար անհրաժեշտ տեխնիկայով վերազինված
ընթերցասրահը` Կոմիտասի դահլիճը, կդառնա նոր ու զարգացած ռեսուրսների կիրառմամբ սեմինար պարապմունքների ու արտադասարանային հանդիպումների կենտրոն:

Ավարտ տեսչի խոսքի ազգային երգերով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախումբը` ղեկավարությամբ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի: Հանդիսությունն ամփոփվեց Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով:

Նորին Սրբությունը, ողջունելով հոգևոր­կրթական հաստատության տարեմուտը, հույս հայտնեց, որ 2016-­2017 թթ. տարին կլինի բարեբեր ու արդյունավոր և կպարգևի արժանավոր շրջանավարտներ, Քրիստոսի լույս հավատքով զինված և
հայրենիքի սիրով վառված անձեր, ովքեր կհամալրեն եկեղեցականների շարքերը:
Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ նաև Արցախ կատարած այցին, ի մասնավորի` արցախահայության և Հայոց բանակի զինվորների քաջարի ոգուն և զորեղ հավատին:

Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց, որ այդ ոգու ձևավորման մեջ իր մասն ու բաժինը ունի նաև Հայոց Եկեղեցին` թեմերում սպասավորող հոգևորականներով և բանակում իրենց նվիրյալ ծառայությունն իրականացնող գնդերեցներով:
Կարևորելով եկեղեցականի նկարագրի կերտման գործում մեծ առաքելություն ունեցող ճեմարանի գործունեությունը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարի ընթացք մաղթեց հոգևոր­կրթական հաստատություններին: Հայրապետը հայցեց,
որ Տերը լուսավորի ճեմարանականների միտքը, զորացնի ոգին ու նախանձախնդրությունը` բարի արգասիքներով արդյունավորելու և նոր ձեռքբերումներով պսակելու իրենց ուսումնառությունը:

Տարեմուտի հանդիսությունը փակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Պահպանիչ» աղոթքով և Հայրապետական մաղթերգով:

Այս տարի Մայր Աթոռի հոգևոր­կրթական հաստատություններ ընդունվել է 72 սան, որոնցից 14-­ը` Գևորգյան ճեմարան, 25­-ը՝ Վազգենյան դպրանոց և 21-ը Հառիճավանքի Թրբանճյան ընծայարան: Քահանայից պատրաստման լսարանը համալրվել է 12 ուսանողներով:




Լրահոս