Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժէէնբեկովը շնորհավորական ուղերձ է հղել Կարեն Կարապետյանին` Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
«Անկեղծորեն ուրախ եմ Ձեզ շնորհավորելու Ղրղզստանի Հանրապետության կառավարության և իմ անունից անձամբ Ձեր` Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ:
Վստահ եմ` տարբեր բնագավառներում հետագա փոխշահավետ երկկողմ համագործակցությունը, այդ թվում` Եվրասիական տնտեսական միությունում ամբողջապես կբխեն մեր հանրապետությունների շահերից: Մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն, բարեկեցություն և հաջողություններ այդչափ պատասխանատու պաշտոնում»,- ասվում է ղրղզական կառավարության ղեկավարի շնորավորական ուղերձում:
Հ.Գ. Հարկ ենք համարում նկատել, որ Կարեն Կարապետյանը պաշտոնապես չի նշանակվել որպես ՀՀ կառարավության ղեկավար: Համենայնդեպս, նրան վարչապետ նշանակելու հրամանագիր երկրի ղեկավարի կողմից չի ստորագրվել օրենքով սահմանված կարգով:
Եվ Կարեն Կարապետյանը, կարծես թե, մի փոքր շտապել է ինքնագովազդի հարցում. դեռ չնշանակված` շնորհավորանքների տարափ է սկսվել: Միանշանակ, հասկանալի է, որ Ղրղզստանի վարչապետի շնորհավորանքին նա «արժանացել է» ի´ր նախաձեռնությամբ:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն էլ հինգշաբթի օրը կայացած ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ հայտարարեց Կարեն Կարապետյանի թեկնածությունն առաջադրելու մասին, ապա` րոպեներ անց, շնորհավորեց նրան վարչապետի պաշտոնը զբաղեցնելու առթիվ: