Հարց քաղաքացիներից` սահմանվո՞ւմ է արդյոք տուգանք` բնակարանում ջրի հաշվիչի անսարքությունը թաքցնելու դեպքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Բնակարանումս երկու հաշվիչ կա, մեկը` խոհանոցում, մյուսը` լոգարանում: Մոտ մեկ ամիս առաջ հայտնաբերել եմ, որ լոգարանի հաշվիչը փչացել է ու չի պտտվում: Այս դեպքում  ինձ տուգանք կամ տույժ հասնո՞ւմ է, եթե չեմ տեղեկացրել ու սպասել եմ, մինչ տեսուչն ինքն այցելի:

Ելենա Պետրոսյան, 72 տարեկան, թոշակառու

ՊԱՏԱՍԽԱՆ. Յուրաքանչյուր ջրաչափ բնակչի սեփականությունն է: Եթե ինքը նկատում է, որ ջրաչափի հետ խնդիրներ կան, կարող է դիմել ընկերություն, զանգահարել 1-85, ներկայացնել խնդիրը: Եթե կարիք կա ջրաչափը փոխելու կամ տանել լաբորատորիա` վերանորոգելու, ստուգելու, ապա այդ դեպքում օպերատորը պիտի դիմում վերցնի կապարակնիքի հեռացման համար: Ի դեպ, կապարակնիքն էլ իրավունք ունի հեռացնել միայն ընկերության աշխատակիցը:

Կապարակնիքը հեռացվելու դեպքում  բաժանորդը կարող է տանել վերանորոգման կամ գնել նոր ջրաչափ, տեղադրել այն, որից հետո նորից դիմել 1-85 ծառայություն կապարակնքման համար: Սա մասնավոր դեպք է, պիտի ուսումնասիրենք, յուրաքանչյուրին անհատական մոտեցում պիտի ցուցաբերենք: Եթե բարխիղճ բաժանորդ է, վճարումները նորմալ կատարում է ու ծախսերը կասկածի տեղիք չեն տալիս, այդ դեպքում մոտեցումը մեկ այլ կարող է լինել:

Որպեսզի բաժանորդի  խնդրին կարողանանք ընթացք տալ, ապա նա պետք է դիմի մոտակա սպասարկման կենտրոն կամ զանգահարի 1-85, բացատրի խնդիրը, որից հետո մասնագետը 3 աշխատանքային օրվա ընթացքում կներկայանա: Իսկ տուգանքի հետ կապված` պիտի ուսումնասիրություն կատարվի` բաժանորդի վարքը եւ վերաբերմունքը ընկերության նկատմամբ, հնարավոր է նաեւ տուգանք հասնի, եթե բարեխիղճ բաժանորդ չի:

«Երեւանջուր» տեղեկատվական  ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այստեղ էլ գործ ունենք անհատական մոտեցման հետ: Այսինքն` հստակ կարգ չկա, եթե հաշվիչը չի աշխատում, եւ բաժանորդն էլ չի ահազանգում, ո՞վ է պատժվելու այդ դեպքում: Իրավիճակն այնպիսին է, որ բարեխիղճ մոտեցումն է հաղթում:




Լրահոս