ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, հնարավոր չէ՞, որ քահանան մկրտություն կատարի առանց քավորի, թե՞ պարտադիր է քավորի ներկայությունը: Եվ կցանկանայի իմանալ, թե, ընդհանրապես, ի՞նչ պարտականություններ ունեն մկրտության կնքահայրը եւ կնքամայրը։
Աննա Պետրոսյան (28 տարեկան, թարգմանչուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Մկրտության համար անպայման քավոր պետք է: Քավորը մկրտության վկան է եւ հոգեւոր դաստիարակը: Շատերն ասում են, որ եթե մկրտվողը չափահաս է ինքն արդեն պատասխանատու է իր համար եւ քավորի կարիք չկա: Սխալ է, քանի որ անկախ մկրտվողի տարիքից, անձը, եթե մկրտված չէ հոգեւոր առումով կոչվում է «երեխա»:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մեր եկեղեցին ընդունում է միայն կնքահոր դերը: Կնքամայրն այս դեպքում ձեւական մի պաշտոն է, քանի որ իրականում մկրտվողի «կնքամայրը» հանդիսանում է եկեղեցին, որտեղ ծնվում է քրիստոնյան: Եկեղեցին է հոգեւոր առումով մայրը յուրաքանչյուր մկրտվողի: Այդ պատճառով պետք է խոսել միայն կնքահոր պարտականությունների մասին, կնքամայրը հոգեւոր առումով ոչ մի պարտականություն չունի:
Կնքահոր հիմնական պարտականությունն իր սանիկի հոգեւոր դաստիարակությունն է` նախ իր օրինակով, ապա` իր փորձառությամբ եւ հոգեւոր գիտելիքներով: Այսինքն` կնքահայրը պետք է լինի իր սանիկի դաստիարակը, պատասխանատու է մկրտվողի առաքինի եւ բարոյական ընթացքի համար, պետք է օգնի եւ հորդորի, որ սանիկը եկեղեցի հաճախի, պատարագին մասնակցի, հաղորդություն ստանա:
Արարատյան հայրապետական թեմ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե միանգամայն հասկանալի է, որ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդների համար առաջնային նշանակություն ունի կնքահոր դերը, սակայն այս դեպքում, կարծում ենք, որեւէ վատ բան չկա, եթե կնքամայրերն էլ ավելի ակտիվ լինեն իրենց սանիկներին հոգեւոր, պարկեշտ ու քրիստոնյային հարիր դաստիարակություն տալու առումով: