Բագրատաշենի մաքսակետի կամուրջը նախատեսվում է շահագործման հանձնել 2018 թվականին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» անցակետի տարածքում տեղի ունեցավ Դեբեդ գետի վրա նոր կամուրջ կառուցելու նպատակով ստեղծված հայ-վրացական աշխատանքային խմբի հանդիպումը կամրջի շինարարության մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած մեկ տասնյակից ավելի ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են «Հյուսիս – հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ԾԻԿ» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանը, Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Նուգզար Գասվիանին, ոլորտի այլ մասնագետներ:

Հանդիպմանը ներկա չինական, իրանական, հայկական և այլ կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչները տեղում ծանոթացան կամրջի կառուցման տեղանքին և տեխնիկական առանձնահատկություններին վերաբերող խնդիրներին, որից հետո երկու երկրների մասնագետները պատասխանեցին նրանց հետաքրքրող հարցերին, պարզաբանեցին շինարարության հետ կապված առաջնահերթությունները։

«Հյուսիս – հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ԾԻԿ» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանն արդյունավետ գնահատեց քննարկումը, նշելով, որ տեղում կազմակերպված նմանատիպ հանդիպում-քննարկումները, մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած ընկերություններին կօգնի ավելի իրատեսական գնահատել աշխատանքի ծավալները. «Ըստ ժամանակացույցի` հաղթող ընկերության հետ պայմանագիրը նախատեսվում է կնքել մինչև դեկտեմբերի 28-ը: Կամրջի նախագծման աշխատանքներն իրականացվելու են 2017 թվականի հունվար-մարտ ամիսներին, որից հետո կմեկնարկի բուն շինարարությունը: Բարեկամության կամուրջը նախատեսվում է շահագործման հանձնել 2018 թվականին»,- նշեց Ա. Սարգսյանը:

Նոր կամուրջն ունենալու է երկու առանձին թռիչքային ծածկ, որոնք միացնելու են Դեբեդ գետի հայկական կողմի առկա սահմանային անցակետի ենթակառուցվածքը վրացական կողմի ենթակառուցվածքին։ Այն ունենալու է չորս երթևեկելի գոտի, որն ավելի կդյուրացնի երկու երկրների բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների սպասարկման որակը, կապահովի ժամանակի խնայողություն, անվտանգ ու հարմարավետ շարժ սահմանային անցակետերով։

Մրցույթի առաջին փուլը բաղկացած կլինի միայն տեխնիկական առաջարկից: Առաջին փուլի առաջարկները գնահատելուց հետո պատվիրատուն պարզաբանման հանդիպման կհրավիրի մրցույթի որակավորման չափանիշները բավարարող և տեխնիկապես համապատասխան հայտ ներկայացրած մասնակցին: Միայն որակավորված մասնակիցները, ովքեր առաջին փուլում ներկայացրել են տեխնիկապես համապատասխան և ընդունելի հայտ, կհրավիրվեն մասնակցելու երկրորդ փուլին:

Վրաստանի Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Նուգզար Գասվիանին այս նախագիծը որակեց որպես բացառիկ և յուրահատուկ: «Համոզված եմ, որ տարածաշրջանի համար բացառիկ նշանակություն ունեցող այս նախագիծը կիրականացվի սահմանված ժամկետներում: Հայ-վրացական Բարեկամության կամուրջը պետք է օրինակ ծառայի այլ երկրների համար»,- ասաց նա:

Կամրջի կառուցման, նախագծման և շինարարության արժեքը մոտ 9 միլիոն եվրո է, որի կեսը ֆինանսավորելու է վրացական կողմը:

Ծրագիրը իրականացվելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) վարկային միջոցներով:

Նշենք նաև, որ սահմանային անցակետի տարածքում նոր կամրջի կառուցման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված է հայ-վրացական միջկառավարական հանձնաժողով, որի անհատական կազմը հաստատել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարությունները։

Այլ մանրամասներ՝ տեսանյութում:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն




Լրահոս