Մեդիամագնատը նահանջում է. ինչ վերադասավորումներ են կատարվում նախագահականում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 8-ին ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը, անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականին, առանձնահատուկ անդրադարձ կատարեց նաեւ մոտ ապագայում սպասվող կադրային «վերադասավորումներին»` նշելով, որ «փոփոխություններ կլինեն կառավարման ողջ համակարգում` սկսած նախագահի աշխատակազմից մինչեւ դատաիրավական համակարգ»:
Եվ արդեն լուրեր են շրջանառվում, որ քաղաքական ու լրատվական դաշտի համար անակնկալ կերպով խաղից դուրս են գալիս հենց Սերժ Սարգսյանի աշխատակազմից նրա երիտասարդ թիմի ներկայացուցիչները:

ArmLur.am-ն արդեն տեղեկացրել է, որ աշխատանքից ազատվել է Սերժ Սարգսյանի օգնական Սեւակ Լալայանը: Մարդ, որ 2013 թվականին ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալով՝ ունեցավ այնպիսի կարգավիճակ, ում վրա հենվում էին Սերժ Սարգսյանը եւ նրա փեսան` մեդիամագնատ Միքայել Մինասյանը:
Սեւակ Լալայանը նախագահական պալատում զբաղվում էր հանրային խնդիրներով, երբեմն նախագահի ելույթի տեքստերի շարադրմամբ, երբեմն էլ իշխանական լրատվամիջոցների վերահսկողական աշխատանքներով եւ, իհարկե, ներպալատական խարդավանքների «կնքահոր» իմիջ ուներ: Բայց հանուն արդարության պետք է նշենք, որ Սեւակ Լալայանն ինտելեկտուալ անձնավորություն է եւ իր գործում պրոֆեսիոնալ:

Ու այս առումով շատ հետաքրքիր էր, որ նման բնութագիր ունեցող անձնավորությունը, որը միեւնույն ժամանակ կարողանում էր ամբողջապես վերահսկել իշխանական մեդիադաշտը, հանկարծ առանց որեւէ պարզաբանման ազատվում է աշխատանքից:
Լալայանից պարզաբանումներ լսել չհաջողվեց, արդեն «նախկին» օգնականը մեր հեռախոսազանգերին համառորեն չպատասխանեց: Գուցե սրտնեղած է իրեն բաժին հասած ճակատագրի համար:

«Ժողովուրդը» հարցի առնչությամբ փորձեց պարզաբանումներ ստանալ ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանից: Ի պատասխան մեր հարցմանը` Հակոբյանը նշեց. «ՀՀ նախագահի կողմից կադրային նշանակումների մասին հրամանագրերը հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության կողմից հրապարակվում են պատշաճ կարգով եւ ժամանակին»: Ասել է թե` պարոն Հակոբյանը, ըստ էության, չպատասխանեց մեր հարցին, ինչը ավելի է խորացնում կասկածները, թե ինչ պատճառով կարող էր Սերժ Սարգսյանն առաջինը զոհաբերել իր երիտասարդ թիմին:

Տեղեկացնենք, որ այս օրերին խոսք է գնում նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ»-ի լուծարման կամ այնտեղ սկսված լուրջ կադրային փոփոխությունների մասին: Սակայն ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Սաղաթելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ. «ՊՈԱԿ-ը չի լուծարվում եւ շարունակում է աշխատել բնականոն հունով: Անգամ այսօր աշխատում ենք, մենք շուրջօրյա ենք աշխատում»:

Իր ազատման մասին լուրերին անդրաառնալով՝ Արա Սաղաթելյանը եւս բացասական արձագանք տվեց. «Այս պահին ես կառավարում եմ, կատարում եմ իմ պաշտոնական աշխատանքը: Մեր ՊՈԱԿ-ը իր վրա դրված բոլոր խնդիրները կատարել է, կատարում է եւ կատարելու է, դժգոհություններ էլ չկան, որ լուծարեն: Կարող են լինել կադրային փոփոխություններ եւ տեղաշարժեր, դրանց մեջ ոչ մի տարօրինակ բան ես եւ դուք պետք է չտեսնենք, որովհետեւ որեւէ մեկը որեւէ պետական պաշտոն իր տնից չի բերել»:

Իսկ ի՞նչը կարող էր նախագահի քարոզչական թիմին փոխելու կամ ընդհանրապես ասպարեզից հեռացման առիթ դառնալ: Ի վերջո, նույն թիմը տարիներ շարունակ Սերժ Սարգսյանի շրջապատի քրեական եւ ոչ քրեական տարրերին մեկուսացրեց` այդպես փորձելով բարձրացնել ՀՀԿ առաջնորդի իմիջը, բայց միաժամանակ թշնամացրեց բոլորի հետ: Ու հիմա նրանք գնում են: Ինչո՞ւ:

Վարկածներից մեկը ապրիլյան պատերազմի, ապա հետագայում՝ ՊՊԾ գնդի գրավման օրերին մերձիշխանական լրատվամիջոցների գործունեության ոչ պատշաճ կատարումն է: Մեդիադաշտում «վերահսկողություն» իրականացնող ուժերը, որոնց տնօրինումը վստահված է նաեւ Սեւակ Լալայանին, ամեն անգամ նախագահին այս ոլորտում տիրող վիճակի մասին զեկուցելիս ամեն ինչ կատարյալ են նեկայացրել, փորձել հավատացնել, որ ամեն բան իսկապես վերահսկվում է, կատարված ներդրումները իզուր չեն, սակայն այդ «կատարյալը» ի ցույց դնելու պահին նրանք սայթաքեցին: Այս մասին Սերժ Սարգսյանին ասել են բազում գործիչներ:

Մեկ այլ վարկածով հիմնական պատճառը մեր երկրի արտաքին քաղաքականության կողմնորոշմանն հակասող գործունեությունն է, որը ծավալել է երիտթեւը` ընդհատակից, «չերեւացող մասով», ինչը, սակայն, բացահայտվել է եւ իր լուրջ ազդեցությունն ունեցել իշխանությունների եւ արտաքին ուժերի հարաբերակցության գործում` հանգեցնելով արտաքին ճնշումների:
Հիշեցնենք, որ տարիներ շարունակ նախագահականի երիտթեւի ներկայացուցիչներից շատերն իրենց պալատական խարդավանքների միջոցով շատ անգամ ստվերային ճնշումների եւ հալածանքների են ենթարկել նաեւ շատ «անցանկալի» պաշտոնյաների: Սա էլ վարկածներից մեկն է, որ ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը որոշել է «շահել» իրենից նեղացածների «սիրտը»:
Իսկ իրենք` հենց երիտթեւի ներկայացուցիչները, ինֆորմացիոն արտահոսք են ապահովում այն մասին, որ ոչ թե իրենց հեռացրել են, այլ իրենց ծրագիրն է այս փուլում խմբով եւ մեծ շուքով հեռանալը, որպեսզի առավել անկաշկանդ ու ագրեսիվ քարոզչություն իրականացնեն ում դեմ որ ցանկանում են: Այդ դեպքում որեւէ մեկը չի կարող ասել, թե Սերժ Սարգսյանի փեսան ինչ-որ մեկին «սեւացնելու» պատվեր է իջեցրել, կամ էլ Սերժ Սարգսյանը փորում է իր թիմից որեւէ ներկայացուցչի ոտքի տակը: Հիմա իշխող ուժերն ավելի անկաշկանդ կլինեն նման քննադատություններին պատասխանելու հարցում:

Վերջում տեղեկացնենք, որ իշխանական «Պանարմենիան մեդիա գրուպ» ընկերությունում արդեն անհանգստություն է զգացվում, կրճատումների ալիքն արդեն հասել է «Պանարմենիա»-ի մեջ ընդգրկված լրատվամիջոցներին:
Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով՝ «Պանարմենիան մեդիա գրուպում» ընդգրկված են «Արմենիա Թի-Վի» ՓԲ, «Ա-ԹիՎի» ՍՊ, «Արմնյուզ» ՓԲ, «Ռադիո 107 ՖՄ» ՍՊ, «Ռադիո ՊՌՈ» ՍՊ ընկերությունները, իսկ ոչ պաշտոնական տվյալներով նաեւ` «Blognews.am», «Panorama.am», «Aysor.am», «Tert.am» եւ տասնյակ այլ հայտնի ու անհայտ կայքեր:

Վահագն Հակոբյան




Լրահոս