Աղավնաձորցիները կրկին դասադուլ են հայտարարել. բնակիչները դիմում են նոր վարչապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր վաղ առավոտից Վայոց ձորի Աղավնաձոր համայնքի խաղողագործները կրկին չեն թողել, որ իրենց երեխաները հաճախեն դպրոց և մանկապարտեզ: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց Աղավնաձորի բնակիչ Հայկազ Ասատրյանը:

Նրա փոխանցմամբ` իրենք անելանելի վիճակում են, քանի որ խոստացվել էր, որ մինչև սեպտեմբերի 15-ը պետք է վճարվեն աշխատավարձերը, սակայն կառավարություն է փոխվել, և իրենց հարցը մնացել է օդում կախված: Նա հույս հայտնեց, որ նորանշանակ վարչապետն ականջալուր կլինի իրենց խնդրին: Ասատրյանը նշեց, որ երեկ զանգահարել են Ազգային ժողով և իրենց խնդրի մասին հայտնել ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին:

ArmLur.am-ը զրուցեց  նաև գյուղապետ Աշոտ Գալստյանի հետ, ով ևս հաստատեց, որ դպրոցներ ու մանկապարտեզներ կրկին երեխաների չեն ուղարկել և ընդամենը իրենց գումարներն են ցանկանում` գոյատևելու համար:

Հիշեցնենք, որ «Վեդի Ալկո» ընկերության տնօրեն Մանվել Ղազարյանը դեռևս այս տարվա սկզբին բնակիչներին խոստացել էր, որ պարտքերը կմարի, սակայն երեկվա դրությամբ նման բան տեղի չի ունեցել:




Լրահոս