Համագյուղացուն սպանած քաղաքացու պատիժն խստացրել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015թ. սեպտեմբերի 18-ին Մովսես գյուղի 41-ամյա բնակիչ Արթուր Մկրտումյանը հրացանի կրակոցով սպանել է համագյուղացի, Բերդի զինկոմ,1966թ. ծնված Դերենիկ Պապյանին: Սպանության պատճառը եղել է այն, որ զինկոմը Ա. Մկրտումյանին դիտողություն է արել Մովսեսում ավտոմեքենան արագ, բարձր երաժշտությունը միացրած վարելու համար: 2013թ. հունիսի 23-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը Ա. Մկրտումյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քր. օր. 104 հոդ. 1-ին մասով եւ դատապարտել 11 տարվա ազատազրկման:

Դատավորը Ա. Մկրտումյանի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանքներ է համարել նախկինում արատավորված չլինելը, խնամքին անչափահաս 3 երեխաների առկայությունը, ծանրացնող հանգամանք՝ հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել Ա. Մկրտումյանի պաշտպան Աննա Մեջլումյանը եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վարդան Զուռնաչյանը:

Պաշտպանը խնդրել է ամբողջությամբ բեկանել Զ. Զաքինյանի կայացրած դատավճիռը եւ գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը խնդրել է բեկանել դատավճիռը, Ա. Մկրտումյանի արարքը վերաորակել ՀՀ քր. օր. 104 հոդ. 2-րդ մասի 6-րդ եւ 10-րդ կետերով, չվերաորակելու դեպքում փոխել դատավճռի պատժի մասը եւ նշանակել ավելի խիստ պատիժ: Սեպտեմբերի 14-ին քրգործերով ՀՀ վերաքննիչ դատարանը՝ Սեւակ Համաբարձումյանի նախագահությամբ, որոշել է մասնակի փոփոխել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատական ակտը, նշանակված պատիժը խստացնել եւ Ա. Մկրտումյանի ազատազրկման ժամկետը դարձնել 14 տարի:

Ոսկան Սարգսյան




Լրահոս