«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանը Երեւան-Սեւան ավտոմայրուղու հարակից տարածքում կոնյակի գործարան է կառուցում: Գործարանը գտնվում է Եւեւան-Սեւան մայրուղու հանրահայտ արծվի արձանի դիմացի հատվածում:
Լուրը ճշտելու համար «Ժողովուրդ»-ը զրուցեց Մելիք Մանուկյանի հետ, ով հաստատեց. «Դա «Մանուկյան կոնյակի գործարան» ՍՊԸ-ի շենքն է: Կոնյակի գործարան եմ կառուցում, վա՞տ բան եմ անում: Ես շատ սիրուն կոնյակի գործարան եմ կառուցելու: Բացումը մյուս տարի կլինի, լրագրողներին էլ եմ հրավիրելու: Մեծ, սիրուն շենքեր են: Իմ գործարանը կսկսի աշխատել մյուս տարի` հուլիսին կամ օգոստոսին: Աշխատում եմ` սիրուն սարքեմ, տեսնենք»: Նկատենք, որ Մելիք Մանուկյանն այն գործարար պատգամավորների թվին է պատկանում, որի ներկայացվածության հարցը ապագա խորհրդարանում բավականին մշուշոտ է: Նախորդ ընտրություններում նա պատգամավոր է դարձել մեծամասնական ընտրակարգով` թիվ 26 ընտրատարածքից:
Բայց եթե նախկինում ՀՀԿ-ական իշխանությունները կարող էին իրենց թույլ տալ մեծամասնական ընտրակարգով մի քանի գործարարների մանդատ բաժին հանել, նոր ԸՕ-ով ամեն ինչ այդքան հեշտ չէ: Հավանաբար նաեւ առանց մանդատ մնալու հեռանկարն է Մանուկյանին դրդել, որպեսզի նա սկսի իր բիզնեսների զարգացման մասին ավելի խորը մտածել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: