Ակնհայտ է, որ իշխանական վերնախավում լուրջ վերադասավորումներ են ունենում, որոնց արդյունքում, ի վերջո, պետք է գծագրվի, թե ՀՀԿ-ն ինչ դասավորությամբ է մասնակցելու 2017 թվականի ապրիլի 2-ի Աժ ընտրություններին:
Բնականաբար իշխանական վերնախավի դասավորության ամենաառաջնային ցուցիչն այն է, թե ով կլինի ՀՀԿ-ի ընտրական շտաբի ղեկավարը: Իշխանությունների ընտրական շտաբի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրա ղեկավարը չի կարող սովորական կառավարիչ լինել: Այդ պաշտոնը սովորաբար վստահվում է այն անձին, որն իշխանական բուրգում ռեալ «երկրորդն» է, կամ առնվազն հավակնում է այդպիսին լինել:
2007 թվականից սկսած բոլոր համապետական ընտրություների ժամանակ ՀՀԿ-ի շտաբը ղեկավարել է Հովիկ Աբրահամյանը: Այս ընթացքում տեղի են ունցել երկուական խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ ու մեկ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե եւ մշտապես հենց Հովիկ Աբրահամյանն է եղել ՀՀԿ-ի շտաբի պետը:
Դիտարկենք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբի կառուցվածքը. ղեկավարը Հովիկ Աբրահամյանն էր, որն այդ պահին զբաղեցնում էր ՀՀ վարչապետի պաշտոնը: Նրա տեղակալներն էին նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը (այդ ժամանակ նա զբաղեցնում էր ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալի պաշտոնը), ՀՀ ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը (նա այդ պահին նախագահի վերահսկողական ծառայության պետի պաշտոնն էր զբաղեցնում), ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Կարապետյանը:
Արդյոք Հովիկ Աբրահամյանը կհամաձայնի 2017-ի ԱԺ ընտրություններում եւս լինել ՀՀԿ-ի շտաբի պետը: Եթե նրան հաջողվեր պահպանել ՀՀ վարչապետի պաշտոնը, ապա կարելի էր վստահաբար ասել, որ հենց նա էլ կլինի ՀՀԿ-ի շտաբի պետը: Սակայն ներկա վիճակում ՀՀԿ շտաբի պետ լինելը նրա դեպքում ինչ-որ առումով նվաստացուցիչ կլինի, քանի որ կստացվի, որ նրան այդ «պաշտոնն» առաջարկում են, որ «պարապ» չմնա: Թերեւս միայն մեկ դեպքում Հովիկ Աբրահամյանի համար շտաբի պետի պաշտոնը նվաստացուցիչ չի լինի, եթե Սերժ Սարգսյանը նրան խոստանա, որ նա միաժամանակ լինելու է ՀՀԿ-ի համամասնական ցուցակի երկրորդ համարը եւ ապագա խորհրդարանում մեծամասնություն կազմելու դեպքում հենց ինքն է լինելու ԱԺ նախագահը: Սակայն նման տարբերակը Սերժ Սարգսյանի համար ռիսկային է, այն պարզ պատճառով, որ 2018-ի ապրիլի 9-ից հետո, երբ կավարտվի Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետն, իշխանության ղեկը կհայտնվի Հովիկ Աբրահամյանի ձեռքում: Նման տարբերակը անձամբ Սարգսյանի համար լի է ռիսկերով:
Գործող վարչապետ Կարեն Կարապետյանի դեպքում ՀՀԿ շտաբի պետ լինելու տարբերակը կարող ենք ի սկզբանե բացառել: Ինչպես հայտնի է՝ նորանշանակ վարչապետը պարբերաբար արձանագրում է, որ ինքը քաղաքական գործիչ չէ: Նա այդպիսով փաստացի իրեն հեռու է պահում ապագա ընտրական գործընթացներից:
ՀՀԿ-ի ընտրական շտաբի պետի հաջորդ հավակնորդը կարող է լինել Վիգեն Սարգսյանը: Սակայն նրան այդ «պաշտոնում» նշանակելով՝ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի ճակատագիրն ամբողջությամբ կվստահի իշխանության երիտթեւին: Շատ փոքր է հավանականությունը, որ նա նման ռիսկի կգնա: Ի վերջո, շտաբի ղեկավարը պետք է կարողանա ոչ միայն ՀՀԿ-ի ֆորմալ կառույցներին կառավարել, այլ նաեւ պետք է այնպիսի մարդ լինի, որը իշխանությունների քրեական թեւի կարկառուն ներկայացուցիչների վրա ազդեցություն կունենա: Վիգեն Սարգսյանը իշխանական համակարգում, երբեւէ նման դիրք ու ազդեցություն չի ունեցել: Մյուս կողմից էլ, եթե իսկապես նա առաջիկայում նշանակվի ՀՀ արտաքին գործերի նախարար, ապա նրա նոր պաշտոնը եւս կխանգարի, որպեսզի նա կարողանա ՀՀԿ-ի շտաբը ղեկավարել: Վիգեն Սարգսյանի՝ ՀՀԿ շտաբի պետ լինելու տարբերակ, թերեւս, մեկ դեպքում է հնարավոր, եթե ի սկզբանե որոշվի, որ նրա նշանակումը ձեւական բնույթ է կրելու հանրության ներկայացնելու նպատակով: Իսկ իրականում ՀՀԿ-ի շտաբի ղեկավարումը Սերժ Սարգսյանն անձամբ կստանձնի:
Տեսականորեն ՀՀԿ շտաբի պետ կարող են լինել նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը կամ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Սակայն նշված անձինք ՀՀԿ-ում ունեցած իրենց դիրքով եւ ազդեցությամբ շտաբի պետի տեղակալից ավելին չեն ձգի: Նրանց նշանակելով եւս Սերժ Սարգսյանը ստիպված է լինելու բոլոր հիմնական հարցերն անձամբ «լուծել»: Մի խոսքով, շտաբի պետի հետ կապված ՀՀԿ-ում ակնհայտ «կադրային սով» է սպասվում: Իսկ ինչպես այն կլուծվի, պարզ կդառնա մոտ ապագայում` ամենաուշը երկու ամսից:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ