«Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի կառուցման ավարտի ուշացումը պայմանավորված է ֆինանսական խնդիրներով: Այս մասին սեպտեմբերի 6-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը: «Թանգարանի կառուցման ծրագիրը կա, բայց դա իրականացնելու համար բազմաթիվ պայմաններ են պետք եւ առաջինը հենց ֆինանսական»,-նշել է փոխնախարարը:
Հիշեցնենք` դեռեւս 2015-ին պարզ դարձավ, որ ՀՀ կառավարությունը 50 մլն դրամ կհատկացնի Հրանտ Մաթեւոսյանի թանգարանի շինարարության մեկնարկի համար:
Համապատասխան որոշումն ընդունվել էր կառավարության` 2015-ի հունիսի 18-ի նիստում: ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն էլ նշել էր, որ թանգարանի շինարարության ծախսերը կկազմեն 140 մլն դրամ: Այնինչ՝ «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի գործադիր տնօրեն, գրողի որդի, ռեժիսոր Դավիթ Մաթեւոսյանը ավելի քան 1 տարի առաջ մեզ հետ զրույցում նշել էր, որ նախարարի ներկայացրած գումարը կազմում է թանգարանի շենքի ճարտարապետի ներկայացրած նախագծի նախահաշվային արժեքի ընդամենը 1/3 մասը (մոտավոր հաշվարկներով):
Մենք Դ. Մաթեւոսյանից հետաքրքրվեցինք` փոխնախարարը, խոսելով ֆինանսական խնդիրների մասին, կոնկրետ ինչ է նկատի ունեցել, եւ դեռ որքան գումար է պակասում` Աբովյան պուրակի հարակից տարածքում մշակութային կենտրոն-թանգարանի շենքի կառուցման աշխատանքները ավարտին հասցնելու համար:
«Մշակութային կենտրոն-թանգարանի կառուցման համար գումարի` պարբերական բնույթ կրող հատկացում-ընդհատումների հետեւանքով ավելանում են շինարարական ծախսերը: Շինարարի փոխանցմամբ` եթե մենք ռեալ ֆինանսավորում ունենայինք, շենքը (առանց ներքին հարդարանքի եւ էքսպոզիցիայի) մինչեւ նոյեմբեր կկարողանայինք հանձնել: Բայց հատկացվող գումարների ծավալները, ըստ երեւույթին, բավարար չեն: Մենք հիմա տեղեկություն ունենք, որ շինարարը մինչեւ տարեվերջ, այսպես ասած, պարապ չի մնա. կտարվեն աշխատանքներ` ռեալիզացնելով հատկացված գումարները: 2017-ի սկզբից էլ շինարարության համար գումար կհատկացվի, եւ բոլոր համապատասխան պայմանների պահպանման դեպքում ակնկալում ենք, որ մինչեւ ամառ (թերեւս` ամառն էլ ներառյալ) շինարարությունը կավարտվի»,-մեկնաբանեց նա:
Անդրադառնալով այն հարցին, թե որքան գումար է պակասում շինարարության ավարտի համար, Դ. Մաթեւոսյանը պատասխանեց. «Այսպես ասեմ` զուտ շենքի շինարարության համար (առանց ներքին հարդարանքի, կահավորման ու էքսպոզիցիայի) հատկացվել է անհրաժեշտ գումարի` 1 միլիոն դոլարին համարժեք դրամի ընդամենը 25 տոկոսը (250 հազար դոլարին համարժեք դրամ): Կարող ենք ենթադրել, որ մինչեւ տարեվերջ կտրամադրվի գումարի եւս 15 տոկոսը, իսկ մինչեւ հաջորդ տարվա կեսն էլ` մնացած 60 տոկոսը (այսինքն` միասին վերցված` 750 հազար դոլարին համարժեք դրամ դեռ պակասում է-հեղ.): Այդպիսով` կկառուցվի միայն շենքը, բայց մենք ունենք Հրանտ Մաթեւոսյանի անվամբ փողոց անվանակոչելու, բուսաբանական այգի ստեղծելու եւ դրա տարածքը բարելավելու նպատակ («Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամը կառավարությանը ներկայացրել է հայեցակարգ` կենտրոնի շրջակա այգում Լոռվա բնությունը մոդելավորելու եւ մաթեւոսյանական միջավայր ստեղծելու վերաբերյալ-հեղ.), որը եւս ֆինանսական խնդիրների հետ է կապված եւ այդ ամենի նախահաշիվը դեռեւս արված չէ: Կենտրոն-թանգարանի ներքին էքսպոզիցիոն աշխատանքների եւ կահավորման համար համապատասխան նախահաշիվ եւս արված չէ»:
Իսկ այն հարցին, թե արդյոք մշակութային կենտրոն-թանգարանի կառուցման համար դիմել են հովանավորների, թե՞ հույսը միայն պետբյուջեի հատկացումների վրա է, Դ. Մաթեւոսյանը պատասխանեց. «Մենք դիմել ենք տարբեր այլընտրանքային աղբյուրների, մեկենասների հետ դրական բանակցություններ ենք ունեցել, սակայն առայժմ բանակցություններից զատ` կոնկրետ արդյունքներ չունենք: Այնպես որ, ողջ ծանրությունը շարունակում է մնալ բյուջեի վրա»:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ