Ի ՎԵՐՋՈ, ՈՎ ԿԱՐՈՂ Է ԿՈՆԿՐԵՏ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու դեպքերի քննության վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը երեկ հերթական հաղորդագրությունն է տարածել, որում վիճակագրական տվյալներ են ներկայացված: Մասնավորապես նշվում է, որ եւս մեկ հոգու` Ա.Կ.-ին, մեղադրանք է առաջադրվել լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար: Ըստ ՀՔԾ-ի՝ Սարի թաղի դեպքերի հետ կապված 6 անձի մեղադրանք է առաջադրվել, որոնցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: Իսկ ովքեր են այդ մեղադրյալները, նրանցից ում են կալանավորել, ՀՔԾ-ն շարունակում է գաղտնի պահել: Երեկ «Ժողովուրդ»-ը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից փորձեց պարզել՝ կարո՞ղ է արդյոք օմբուդսմենը երաշխավորել, որ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու համար ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը, թիկնազորի անդամ Գագիկ Զոհրաբյանը, քրեական հեղինակություն Սարգիս Հախանումյանի՝ Տլեի եղբայրը՝ Դավիթ Հախանումյանը, ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդու՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Սեդրակյանի վարորդ Տիգրան Մելոյանը եւ մյուս թիկնապահ հիշեցնող կերպարներն ու քրեական տարրերը կպատժվեն: «Հիմա քննություն է ընթանում, եւ այդ հարցերին քննությունը պետք է պատասխանի: Այն, որ կար անհանգստություն, որ քաղաքացիական համազգեստով ոստիկաններ էին կամ տարբեր, բռնության գործադրման հարցերում ոստիկաններ էին ներգրաված եղել, այդ տեղեկությունները մենք էլ ունենք եւ դրա համար մենք էլ ենք ուղարկել քրեական հետապնդման մարմիններին: Ինչ վերաբերում է պատժվելու են, թե չէ, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, քննության ընթացքում պետք է պատասխանը ստանանք»,- պատասխանեց Թաթոյանը:

 

 

 
2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը որոշել է փոխել իր թիմը եւ կրկին հենվում է «ղարաբաղյան կլանի» վրա: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախորդ ամիս Սերժ Սարգսյանը իր հավատարիմ շրջապատում (Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան, Բարսեղ Բեգլարյան, Զորի Բալայան եւ այլք) քննարկել է իր իշխանության պահպանման անհրաժեշտ տարբերակները` հայտարարելով, որ առաջիկայում իրեն լայն աջակցություն է անհրաժեշտ լինելու: Ու հենց այդ հանդիպումից հետո նա հայտարարեց «ազգային համաձայնության» կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին: Հիմա «ղարաբաղյան կլանի» ներկայացուցիչները Երեւանում սկսել են իրենց շրջապատում տարածել հետեւյալ միտքը, թե Սերժ Սարգսյանից բացի այլընտրանք չկա, ուստի բոլորը 2017-ին ընդառաջ պետք է միավորվեն հենց նրա շուրջ: Այս քարոզչությունը շուտով կդառնա «պետական ուղղվածություն» եւ կհնչի ամենուր: Իսկ թե ինչով կավարտվի, ժամանակը ցույց կտա:

 

 

 

ՀՀ իշխանությունները ծրագրում են սեպտեմբերի 21-ին Հայաստանի Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ մեծ զորահանդես անցկացնել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս զորահանդեսն իր ծավալներով աննախադեպ մեծ է լինելու: ՀՀ պաշտպանության նախարարության առջեւ խնդիր է դրված զորահանդեսի ընթացքում Հայաստանի զինված ուժերի ողջ հզորությունը ցուցադրել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ զորահանդեսին կմասնակցի մոտ տասը հազար զինվորական, որոնց զորամիավորումները դեռեւս մեկ ամիս առաջ` օգոստոսի սկզբից սկսել են շքերթին պատրաստվել: Ենթադրվում է, որ զորահանդեսի հաջողվելու դեպքում այն Հայաստանի թշնամիների համար զսպող դերակատարություն կարող է ունենալ: Բոլորը գիտակցում են, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո այս զորահանդեսը Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունի:

 

 

 
Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը երեկ արդեն ՀՀԿ նիստում ելույթ է ունեցել` խոսելով վարչապետ նշանակվելուց հետո կատարելիք իր ծրագրերի մասին: Ու այսօր ամենաշատ հնչող հարցն այն է, թե ինչու Հայաստանից նեղացած, հեռացած Կարեն Կարապետյանը վերադարձավ: Ինչպես հայտնի է՝ ապրիլին կայանալիք ԱԺ ընտրություններից հետո նոր վարչապետը պետք է նշանակվի ՀՀ նոր Սահմանադրությամբ սահմանված կարգով: Եթե անգամ ՀՀԿ-ն խորհրդարանում պահպանի մեծամասնությունը, ապա միեւնույն է՝ Կ. Կարապետյանն այլեւս չի կարողանա նշանակվել ՀՀ վարչապետ, քանի որ նոր Սահմանադրությամբ վարչապետը պետք է լինի միայն ՀՀ քաղաքացի եւ վերջին չորս տարին մշտապես բնակված լինի Հայաստանում: Իսկ նա 2011-ից չի բնակվում Հայաստանում, ինչը նշանակում է, որ լավագույն դեպքում 7 ամիս է պաշտոնավարելու, որից հետո պետք է հրաժարական տա: Հետեւաբար, հարց է առաջանում, թե ինչու է նա համաձայնել: Ըստ ամենայնի, նրան անհրաժեշտ է վարչապետի պաշտոնն օգտագործել եւ բացի «Գազպրոմի» նախագահ Ա. Միլլերից, կապեր հաստատել ՌԴ բարձրագույն ղեկավարության հետ: Ու երբ նրան բարձր աշխատավարձով աշխատանք առաջարկվի, չի բացառվում՝ կրկին լքի Հայաստանը: Հիշեցնենք` Տիգրան Սարգսյանի համար էլ ՀՀ վարչապետի պաշտոնը լավ «տրամպլին» դարձավ` ՌԴ էլիտայում տեղավորվելու համար որպես ԵՏՄ վարչապետ:

 

 

 
ԱՆԲԱՐԵՓՈԽՈՒՄ
Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը երեկ ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում ունեցած ելույթում նոր ձեւավորվելիք կառավարության առաջ խնդիր է դրել՝ «վերականգնել իշխանությունների նկատմամբ ամենալայն վստահությունը»: «Առանց բաց կառավարման, հասարակական լայն վստահություն ապահովելը անհնարին է, եւ այդ պատճառով էլ անհնարին է երկրի որակական նոր զարգացումը: Նոր կառավարության հիմնական խնդիրը ես տեսնում եմ թափանցիկության, հրապարակային գործընթացների արդյունքում տնտեսական այնպիսի բարեփոխումների իրականացման մեջ, որոնք կամրապնդեն կայուն, ազատ մրցակցային տնտեսություն ունենալու հիմքերը»,- ասել է Սարգսյանը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ առանց քաղաքական բարեփոխումների տնտեսական բարեփոխումների արդյունքները միշտ էլ մեզ չեն բավարարելու: «Այսօր արդեն բոլորն են տեսնում քաղաքական բարեփոխումների անհրաժեշտությունը»,- ասել է նա: Եվ որպես այդպիսիք խոստացող գործընթաց՝ նշել է ընտրական օրենսգրքի շուրջ 4+4+4 ձեւաչափով քննարկումները.«Վերջին օրինակը ընտրական օրենսգրքի շուրջ ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ այն աննախադեպ համագործակցությունն էր, որ ընթանում էր վերջին ամիսներին, եւ հույս ունենք, որ մոտակա երկու-երեք օրերի ընթացքում այն բարեհաջող ավարտ կունենա»,-ասել է ՀՀԿ ղեկավարը:
Այդպիսով՝ Սերժ Սարգսյանը որպես քաղաքական բարեփոխումներին ուղղված զարգացում մատնանշում է մի գործընթաց, որը այլ կերպ, քան խաբեություն դժվար է որակել: Փաստորեն, երկուսուկես ամիս շարունակ /հունիսի 16-ից՝ համաձայնության կայացումից ի վեր/ ոչինչ չանելու, ԸՕ փոփոխությունների շուրջ ձեռք բերված համաձայնությունը կյանքի կոչելու ուղղությամբ հնարավոր բոլոր տարբերակները ձախողելու եւ վերջում էլ այդ ամենը տեխնիկական խնդիրներով արդարացնելու գործելաոճը Սերժ Սարգսյանը ներկայացնում է որպես դրական օրինակ, եւ դեռ հույս հայտնում, որ այն բարեհաջող ավարտ կունենա: Հարց է ծագում՝ ո՞ւմ համար: Եթե իշխանության, ապա միանգամայն հնարավոր է: Իսկ եթե խոսում ենք ժողովրդի մասին, ապա այդ գործընթացն այլեւս ակնհայտ է, որ բարեհաջող ավարտ չի ունենալու, քանի որ մինչ այդ ընդունված ԸՕ փոփոխությունները կյանքի չկոչելու դեպքում թափանցիկ եւ բաց ընտրական գործընթացի ակնկալիքները կարելի է արդեն այսօրվանից թաղված համարել:
Եվ եթե Սերժ Սարգսյանը խոսում է տնտեսական բարեփոխումների անհնարինության մասին, առանց քաղաքական բարեփոխումների, ապա նշանակում է, որ արդեն այսօրվանից համոզված է, որ այս նոր կառավարությունն էլ ոչ մի տնտեսական բարեփոխում չի կարողանալու անել, քանի որ դրա համար անհրաժեշտ քաղաքական բարեփոխման գործիքը՝ ընտրական օրենսգիրքը, իշխանությունների անթաքույց եւ բավականին ցինիկ ջանքերով «փչացվեց»:




Լրահոս