ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ՝ ՍԹՐԵՍԻ ՄԵՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ողջ օրը ՀՀ գրեթե բոլոր նախարարները սրտատրոփ սպասում էին, թե ինչ է լինելու իրենց ճակատագիրը։ Նույնիսկ շատերը բռերով հանգստացնող դեղեր էին խմում՝ սթրեսը հաղթահարելու համար։ Սերժ Սարգսյանն էլ մինչեւ վերջին պահը ինտրիգը պահում էր՝ պաշտոնյաներին չհայտնելով իրենց ճակատագրի մանրամասները։

Իշխանական շրջանակներից ստացվող լուրերի համաձայն՝ Կարեն Կարապետյանը վարչապետ է նշանակվելու լայն լիազորություններով: Նրան փաստացի իրավունք է տրվելու ինքնուրույն ընտրել իր գլխավորած կառավարության կազմին` մի քանի բացառություններով: Բացառություններից երկուսը արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների պորտֆելներն են: Վերջիններիս նշանակելու է Սերժ Սարգսյանը:
Այս պահին շրջանառվող լուրերի համաձայն՝ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նոր կառավարությունում տեղ չի զբաղեցնի եւ առաջիկայում կվերադառնա իր նախկին` Ֆրանսիայում ՀՀ դեսպանի պաշտոնին:
Ըստ լուրերի` ՀՀ արտաքին գործերի նոր նախարար կնշանակվի Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւս, ըստ լուրերի, չի վերանշանակվի իր պաշտոնում:
ՀՀ պաշտպանության նոր նախարարի ամենահավանական հավակնորդը համարվում է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը:

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի անունը եւս շրջանառվում է որպես «գնացողի»:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը եւս, ամենայն հավանականությամբ, նոր կառավարությունում տեղ չի զբաղեցնի:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի դեպքում եւս չար լեզուները կանխատեսում են, որ նախարարական կարիերան ավարտված է:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը կշարունակի պաշտոնավարել, քանի որ ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիան պահպանվելու է:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանի ճակատագիրը եւս անորոշ է: Չնայած նա համարվում է Սերժ Սարգսյանի մերձավոր անձանցից մեկը, բայց կասկածներ կան, որ նոր վարչապետը հնարավոր է՝ ցանկանա, որ այդ պատասխանատու պաշտոնում ավելի բանիմաց անձ նշանակվի:

ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն առնվազն իր նախարարական պորտֆելը կպահպանի: Նրա պորտֆելը ՀՀ կառավարության ամենաանշուք եւ իրենից ոչինչ չներկայացնող պաշտոններից է:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր պաշտոնը պահպանելու շատ փոքր շանսեր ունի: Եթե նրա բախտը չբերի, եւ մինչեւ իր նշանակումը Կարեն Կարապետյանը ցանկանա իր հետ մոտիկից ծանոթանալ, ապա նոր վարչապետը դժվար թե ցանկանա նրան իր կառավարությունում տեսնել: Կարապետյանը, այսպես կոչված, «դրայվ» սիրող կառավարիչ է, իսկ Ասատրյանը հայտնի է իր անհաղորդ դինջ բնավորությամբ:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ճակատագիրը եւս անորոշ է եւ առավելապես կախված է կաթողիկոս Գարեգին Բ-ի ցանկությունից: Մյուս կողմից, ակնհայտ է, որ Մուրադյանը եւ Կարապետյանը կարող են շատ շուտ լեզու գտնել, նրանք ոճային առումով նմանություն ունեն։

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նույնպես տեղ կզբաղեցնի նոր կառավարության կազմում:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը եւս կպահպանի իր պաշտոնը:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի ճակատագիրը առավելապես կախված կլինի նրանից, թե նրա պաշտոնին որքան շատ հավակնորդներ կլինեն եւ ինչպիսի համառություն կդրսեւորեն: Հիշեցնենք, որ նրա նախարար դառնալու գործում առանցքային դերակատարություն է ունեցել Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը թերեւս կպահպանի իր պաշտոնը, որովհետեւ ֆինանսական եւ իշխանական ազդեցության տեսանկյունից այն առանձնապես հետաքրքրություն չի ներկայացնում:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի դեպքում եւս առավել հավանական է, որ նա կշարունակի պաշտոնավարել:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետագա ճակատագիրը որոշելու է Սերժ Սարգսյանի կինը` Ռիտա Սարգսյանը: Եթե Պողոսյանը վերջին օրերին չի հասցրել իր «ընկերուհու» հետ գժտվել, ապա նրա պաշտոնավարմանը ոչ մի վտանգ չի սպառնում:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի ճակատագիրն էլ որոշելու է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ռիոյում տեղի ունեցած օլիմպիական խաղերից հետո նրա դիրքերը բավականին ամրապնդվել են, եւ այդ պորտֆելը կրկին թողնվել է նրա տնօրինմանը, ինչպես նախկինում էր:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր պաշտոնը կկորցնի մի դեպքում, եթե նրա ղեկավարած նախարարությունն ընդհանրապես լուծարելու որոշում կկայացվի:

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի ներկա կարգավիճակում եւս դժվար թե էական փոփոխություններ լինեն: Նա եւս, ամենայն հավանականությամբ, կշարունակի պաշտոնավարել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
«ՍԵՎ ԹՈՒՂԹ»՝ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՑ
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպարի համայնքապետարանի աշխատակիցները Տավուշի մարզպետարանից նամակ են ստացել այն մասին, որ Ոսկեպարի համայնքապետարանի աշխատողները, համաձայն աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածի, 2016թ. նոյեմբերի 1-ից կարող են ազատվել իրենց աշխատանքից:
Ոսկեպարի համայնքապետարանի աշխատողներն այդ նամակն անվանում են «սեւ թուղթ»: Մինչդեռ, հիշեցնենք, մեկ ամիս առաջ, երբ Ադրբեջանին սահմանակից 8 գյուղերը միանում էին Նոյեմբերյան քաղաքին, տարբեր պաշտոնատարներ վստահեցնում էին, որ խոշորացված համայնքի մաս կազմող սահմանամերձ համայնքապետարաններից աշխատողների մեծ թվով կրճատումներ չեն լինի:

 

 

ԱՆԶԳՈՒՇՈՒԹՅԱՄԲ ՄԱՀ Է ՊԱՏՃԱՌԵԼ
Հայկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2016թ. ապրիլի 11-ին՝ ժամը 15:35-ի սահմաններում, «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենայի անվադողերը լիցքավորելու նպատակով իրեն ամրակցված «ՈՒրալ-4320» մակնիշի ավտոմեքենայով ծածկարան մուտք գործելիս թույլ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետին հակասող գործողություններ: Դրա հետեւանքով նա վրաերթի է ենթարկել ավտոմեքենայի առաջ կանգնած Գառնիկ Ավետիսյանին եւ անզգուշությամբ վերջինիս մահ պատճառել: Դեպքը տեղի է ունեցել Դիլիջան քաղաքում: Գ. Ավետիսյանը մնացել է 2 ավտոմեքենաների արանքում: Նա Դիլիջանի բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին մահացել է: Հ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 377 հոդվածի 2-րդ մասով (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոններ խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Սույն հոդվածով բնութագրվող գործողությունները պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա: Հ. Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է Լոռու կայազորի զինվորական դատախազությունը: Այս գործով դատավարությունը նշանակված է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս