Ինչպես հայտնի է՝ դեռեւս այս տարվա հուլիսի 15-ին ՀՀ առողջապահության նախարարությունը Հայաստանի բժշկական հաստատություններին կոչ էր արել նվազեցնել սրտի ստենտավորման գները: Բանն այն է, որ Հայաստանում սրտի ստենտավորման ծառայությունն ավելի բարձր գին ունի, քան հարեւան երկրներում, ինչի արդյունքում այսօր ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ նախընտրում են սրտի ստենտավորում անել հարեւան Վրաստանի Հանրապետությունում:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս խնդիրը կարգավորելու նպատակով առողջապահության նախարարությունը Երեւանում եւ մարզերում բազմաթիվ քննարկումներ է անցկացրել նման ծառայություններ մատուցող 11 սրտանոթային կենտրոնների հետ, ներկայացվել են տնտեսական հաշվարկներ, որոնց համաձայն այդ ծառայության գինն իջեցնելու հնարավորություն կա:
Նշենք, որ սրտի ստենտավորման պետական «Կյանքի համար ստենտ» ծրագրով այս տարվա սկզբից մինչ օրս բացառապես պետական միջոցների հաշվին կատարվել է ավելի քան 800 ստենտավորում: Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրով 2015 թվականին բժշկական օգնություն է ստացել 1516, իսկ 2016-ին՝ ավելի քան 866 քաղաքացի: Ըստ առողջապահության նախարարության՝ օրակարգային խնդիր կա, քանի որ ինվազիվ սրտաբանական ծառայություններ ստանալու նպատակով Հայաստանի հարյուրավոր քաղաքացիներ այլ երկրներ են մեկնում:
Ե՛ւ Երեւանում, ե՛ւ մարզերում սրտի վիրահատությունների գները մատչելի դարձնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը դեռեւս հուլիսին բուժօգնություն իրականացնող կազմակերպություններին եւ մատակարարներին կոչ արեց ուսումնասիրել եւ վերանայել սրտային վիրաբուժության գնային քաղաքականությունը: Ի դեպ, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի՝ հուլիսին կատարած մարզային այցի ժամանակ Գյումրու բժշկական կենտրոնի տնօրինությանը հանձնարարվել էր հնարավորինս սեղմ ժամկետում ներկայացնել գների վերանայման վերլուծություն: Իսկ արդեն օգոստոսի սկզբին Գյումրու բժշկական կենտրոնը հանդես եկավ հայտարարությամբ այն մասին, որ մտադիր են սրտի ստենտավորման համար հիվանդի կողմից վճարվող գումարի չափը նվազեցնել` մոտավորապես 300 հազար դրամի չափով: Ապա հայտնի դարձավ, որ սրտի վիրահատությունների մատչելիության ապահովման կոչին միացել է նաեւ «Աստղիկ» բժշկական կենտրոնը: Օրեր անց էլ այս կոչին միացան երեւանյան այլ բուժհաստատություններ՝ Նորք-Մարաշի սրտաբանական հիվանդանոցը, «Արամյանց» ԲԿ-ն, «Թիվ 1 համալսարանական» հիվանդանոցը եւ այլն: Այսինքն՝ սրտի ստենտավորման համար հիվանդի կողմից վճարվող գումարի չափը նվազեցվում է մինչեւ 1.1 մլն դրամ, իսկ կորոնարոգրաֆիայի արժեքը՝ մինչեւ 140 000 դրամ:
Իհարկե, բուժհաստատությունների այս քայլը ողջունելի է. չէ որ Հայաստանում մրցակցության արդյունքում ինչ-որ ծառայության սակագին նվազում է, ինչից օգտվում է ՀՀ քաղաքացին: Սակայն այստեղ հարց է առաջանում՝ ինչու ժամանակին չէր նվազեցվում սրտի ստենտավորման գինը, եթե իսկապես դրա հնարավորությունը կար: Իսկ եթե չկար, ապա այս ոոշման արդյունքում որքան կտուժեն բուժհաստատությունները:
Մեր տեղեկություններով՝ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մինչ բուժհաստատութունների՝ այս ակցիային միանալը, հանդիպել է նրանց ղեկավարության հետ, որոնց վրա ազդեցություն ունի, եւ արդյունքում ունենք այս պատկերը:
Իսկ առողջապահության նախարարը գնաց այս քայլին այն պատճառով, որ նախ Գյումրիում որեւէ մեկը ստենտավորում չէր անում, գալիս էին Երեւան, որովհետեւ թանկ էր: Բացի այդ՝ գյումրեցիներն ավելի շատ վստահում են երեւանյան բժիշկներին, քան մարզայիններին: Եւ հաշվի առնելով այս հանգամանքը՝ հենց Գյումրիի բժշկական կենտրոնն առաջինը գնաց էժանացման: «Աստղիկ» ԲԿ-ն ինքնակամ միացավ սրտի ստենտավորման էժանացման ակցիային, որին արդեն հաջորդեցին մյուսները:
Մյուս կողմից, իհարկե, ակնհայտ է, որ բուժհաստատություններն այս քայլին գնացին՝ իրենց շահույթը չկորցնելու նպատակով: Քանի որ այս ընթացքում պարզվեց, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ մեկնում են Վրաստան՝ սրտի ստենտավորումն այնտեղ ավելի էժան գնով անելու նպատակով: Սակայն այստեղ էլ որոշ մասնագետներ առաջ քաշեցին մեկ այլ խնդիր՝ պնդելով, որ Վրաստանում էժան եւ անորակ ստենտներով են վիրահատում, ինչի արդյունքում վիրահատվածը զուգահեռ պետք է մեծ քանակության դեղորայք ընդունի, այլապես որոշ ժամանակ անց անհրաժեշտություն կառաջանա կրկին ստենտավորում անել: Եւ որպեսզի ՀՀ քաղաքացիների հետ կապված այս խնդիրը լուծվի, առողջապահության նախարարությունը որոշել է հարցը քննարկել բուժհաստատությունների հետ եւ գնալ սրտի ստենտավորման գների նվազեցման:
Նկատենք, որ առողջապահության քաղաքականությունը ընթանում է այն ուղղությամբ, որպեսզի մենք ունենանք հնարավորինս էժան գներով որակյալ ստենտավորում: Իսկ թե ինչքանով դա էֆեկտիվ կլինի եւ իրական, ցույց կտա ժամանակը: Արդյունքների մասին, թերեւս, ճիշտ կլինի խոսել մի քանի ամիս անց:
Հ.Գ. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ստենտավորումից հետո հիվանդին անհրաժեշտ թանկարժեք դեղորայքի գներն էլ են իջել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ը ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ Է
Խաչվերաց տոնին հաջորդող երկուշաբթին մեռելոց է, եւ այդ պատճառով կառավարությունն անցած նիստում որոշել էր աշխատանքային օրը տեղափոխել սեպտեմբերի 17-ին: Սակայն, ինչպես գործադիրի երեկվա նիստում զեկուցեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված ավելի նպատակահարմար է աշխատանքային օրը տեղափոխել սեպտեմբերի 24-ին:
ԽԹԱՆՈՒՄ ԵՆ ՀՈԼԱՆԴԱԿԱՆ ՎԱՐԴԵՐԻ ԱՃԵՑՈՒՄԸ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը երեկ որոշում կայացրեց «Արմյանսկիյ Ուրաժայ» ընկերությանը թույլատրել օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից մինչ հաջորդ տարեվերջ:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ ներդրումային ծրագրի շրջանակներում ՀՀ Կոտայքի մարզում կառուցված 11 հա ջերմոցային տնտեսությունում ընկերությունը նախատեսում է զբաղվել բարձր որակի հոլանդական վարդերի աճեցմամբ: Դրա համար կներդրվի շուրջ 1.637 մլրդ դրամ, որից մոտ 1.337 մլրդը կուղղվի սարքավորումներ ձեռք բերելուն: «Վերոնշյալ ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի արտադրել տարեկան շուրջ 2.5 մլրդ ՀՀ դրամի արտադրանք (2016 թվական), որի գերակշիռ մասը կարտահանվի ՌԴ, Վրաստան, Բելառուս, Ղազախստան եւ այլ երկրներ»,- ասել է Մինասյանը: