ԳՆԱՆԿՈՒՄ՝ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՆԱՌՈՂՋ ՎԻՃԱԿԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում արձանագրվել է 1.6 տոկոս գնանկում: Սակայն ուրախանալ պետք չէ, քանի որ ըստ մասնագետների՝ ԱՎԾ-ի կողմից արձանագրված գնանկումը խոսում է տնտեսության անառողջ վիճակի կամ լճացման մասին:

Գնանկման պատճառը հիմնականում պահանջարկի անկումն է` պայմանավորված բնակչության գնողունակության նվազմամբ, արտագաղթով կամ այլ գործոններով: Գնանկումը նույնիսկ կենցաղային խոսակցություններում կարող է դրական համարվել միայն այն դեպքում, երբ բնակչության գնողունակությունը աճել է, իսկ գները՝ նվազել: Սակայն իրականում այդպես չէ:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ սպառման ապրանքների գները վերոնշյալ ժամանակահատվածում նվազել են 3.2, պարենային ապրանքներինը՝ 4.1, ոգելից խմիչքի, ծխախոտի գները՝ 0.8, ոչ պարենային ապրանքների գները՝ 1.9 տոկոսով: Իսկ, ահա, ծառայությունների սակագները 2.3 տոկոսով թանկացել են:
Այս օգոստոսին բանջարեղենի եւ կարտոֆիլի շուկայում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 12 տոկոս գնանկում: Այսինքն՝ 62.9 տոկոսով էժանացել է սմբուկը, 35.7 տոկոսով՝ ծաղկակաղամբը, 25.7 տոկոսով՝ լոլիկը: Էժանացել են նաեւ կանաչ պղպեղը, ճակընդեղը, գլուխ սոխը, վարունգը, սխտորը, խառը կանաչին եւ այլն: Ի դեպ, նշենք, որ վերոնշյալ ժամանակահատվածում 7.3 տոկոսով նվազել է նաեւ կարտոֆիլի գինը: Կարտոֆիլի գնանկման պատճառ է դարձել ապրիլին Ռուսաստանից մեծ քանակությամբ կարտոֆիլի ներկրումը, ինչը լուրջ վնաս է հասցրել կարտոֆիլի մշակությամբ զբաղվող ֆերմերներին: Բանն այն է, որ նրանք մեծ ծախսեր են կատարել եւ հիմա կարտոֆիլը էժան գնով վաճառելու դեպքում չեն կարողանում իրենց կատարած ծախսերը հետ բերել: Բացի կարտոֆիլի գնանկումից՝ բանջարեղենի շուկայում գրանցվել է գազարի 0.7, սնկի 1.1, կաղամբի 2, կանաչ լոբու 6.9 տոկոս գնաճ:
Այս տարվա օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, թանկացել է նաեւ խաղողի գինը՝ 2.7 տոկոսով: Վերջինիս թանկացման պատճառն այն է, որ այս տարի կարկուտը վնասեց բերքը, եւ մեծ քանակությամբ խաղող չհավաքվեց, ինչպես նախորդ տարի: Բացի այս, որոշ մարզերում դեռ չի սկսվել խաղողի բերքահավաքը:
Խաղողի շուկայից անցում կատարենք դեպի առաջին անհրաժեշտության սննդատեսակների շուկա: Կաթնամթերքի շուկայում այս տարվա օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է 3.5 տոկոս գնանկում: Իսկ, ահա, ձուն նշված ժամանակահատվածում 12.7 տոկոսով թանկացել է: Ըստ ԱՎԾ-ի՝ հանրապետության բոլոր քաղաքներում այս տավա օգոստոսին, հուլիսի համեմատ, ձվի գինն աճել է 7.3-28.9 տոկոսով: Ի դեպ, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Արարատի մարզի Արտաշատ քաղաքում: Իսկ մայրաքաղաք Երեւանում ձվի գինն աճել է 17.7 տոկոսով:
Շաքարավազի գինը եւս բարձրացել է՝ 4.4 տոկոսով: ՀՀ բոլոր քաղաքներում գրանցվել է շաքարավազի 1.6-3.4 տոկոս գնաճ: Երեւանյան խանութներում եւ սուպերմարկետներում շաքարավազի գինն աճել է 1.7 տոկոսով:
Փոխարենը ձկնամթերքի գներն են շարունակում նվազել: Այս օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ձկնամթերքի շուկայում արձանագրվել է 3.9 տոկոս գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է «Իշխան» եւ «Ստերլետ» ձկնատեսակների 0.6 եւ 0.5 տոկոս գնանկմամբ: Ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսվարողների համոզմամբ ձկնամթերքի գնանկման միակ պատճառը դեպի ՌԴ արտահանման ծավալների նվազումն է եւ մարդկանց գնողունակության անկումը:
Մսամթերքի շուկայում նույնպես գնանկում է արձանագրվել՝ 4.3 տոկոս: Սակայն այս օգոստոսին, հուլիսի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է նրբերշիկի, թռչնամսի, եփած եւ բարձր տեսակի ապխտած երշիկեղենի, խոզի մսի գնաճ: Իսկ, ահա, ոչխարի մսի գինը նվազել է 3.3 տոկոսով, հավի բդինը՝ 1.5 տոկոսով: Տավարի մսի գինը չի փոխվել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՕԳՆԵՔ ՀՐԱՇԱՄԱՆՈՒԿԻՆ

8-ամյա վանաձորցի հրաշամանուկը գրանցվել է համաշխարհային ռեկորդների գրքում, սակայն նրա գավաթն ու հավաստագիրը չեն կարողանում Հայաստան բերել:

Վանաձորցի Արեն Մոսինյանը 4 երեխայի հայր է, երկու տղաները չնայած փոքր տարիքին՝ 4 եւ 8 տարեկան, արդեն իսկ հասցրել են դառնալ Հայաստանի եւ աշխարհի ռեկորդակիրներ: Վերջին ռեկորդը Արենի որդին՝ Սարիբեկ Մոսինյանը, 2014թ. է գրանցել՝ կատարելով հրում-ձգում վարժությունը 60 վայրկյանում 83 անգամ: Ռեկորդը գրանցվել է նաեւ Հայաստանի դյուցազնագրքում, այժմ արդեն իսկ համաշխարհային ռեկորդների Ռաջիլաշ կենտրոնում:
Ու թեեւ կենտրոնն արդեն երկու ամիս է, ինչ գրանցել է Սարիբեկի ռեկորդը, սակայն նրա գավաթն ու համաշխարհային ռեկորդների գրքում գրանցված լինելը փաստող հավաստագիրրը Հայաստան ուղարկելու եւ Սարիբեկին հասցնելու համար գումար է պետք, որն ընտանիքը, ցավոք, չունի. «Կենտրոնից հաշվեհամար են ներկայացրել, շուրջ 300 դոլարի պատմություն է, պետք է փոխանցենք այդ հաշվեհամարին, որ տղայիս գավաթն ու հավաստագիրը 3 շաբաթվա ընթացքում հասնի մեզ»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց փոքրիկ հրաշամանուկի հայրը՝ Արեն Մոսինյանը:
Նկատենք, որ Սարիբեկ Մոսինյանը Հայաստանում միակ երեխան է, ով այդ տարիքում արդեն իսկ գրանցվել է համաշխարհային ռեկորդների Գինեսի գրքում:
8-ամյա Սարիբեկը իր տարիքայինների մեջ նաեւ հանրապետությունում առաջին տեղն է զբաղեցրել կարատե մարզաձեւում, ներկայումս զբաղվում է ձյուդո մարզաձեւով: Հայաստանի Հանրապետության յոթակի ռեկորդակիր է. «Կքանիստ, մեքենայի հրում, մատերով հենում-ձգում վարժություն: Տարբեր ժամանակներում իր իսկ կողմից սահմանած ռեկորդների ավելացում է գրանցել, որոնք գրանցվել է դյուցազնագրքում, իսկ վերջինն էլ արդեն գրանցվել է համաշխարհային ռեկորդների գրքում»:
Մոսինյանների ընտանիքը բաղկացած է 6 անձից՝ ամուսիններն ու 4 տղա երեխաները, որոնցից երկուսը արդեն իսկ հասցրել են այս տարիքում ռեկորդներ սահմանել:
Սարիբեկը իր ուժերն առաջին անգամ ցուցադրել է 5 տարեկանում: Իսկ 5-ամյա Ալենը ռեկորդը գրանցել է 4 տարեկան հասակում՝ մեքենայի հրում կատարելով. «ԼԱԴԱ 21-15 մակնիշի ավտոմեքենան առանց ուղեւորների հրել է 40 մետր տարածություն ու գրանցվել Հայաստանի դյուցազնագրքում»:Հրաշամանուկների հայրը բարերարներից, պետական մարմիններից մի խնդրանք ունի՝ օգնել իրենց Հայաստան տեղափոխել որդու՝ համաշխարհային ռեկորդների գրքում գրանցված լինելու փաստաթուղթն ու գավաթը:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Վանաձոր




Լրահոս