Յաղդանից հույների մեծ մասը հեռացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանի հունաբնակ Յաղդան գյուղում 25 հույն է մնացել: Տարիներ առաջ այստեղ ավելի շատ հույներ էին բնակվում, քան հայեր: Սակայն տարիների ընթացքում հույները տարբեր պատճառներով հեռացել են գյուղից: 271 բնակիչ ունեցող գյուղի մի մասն է միայն գազաֆիկացված, խնդիրներ կան նաեւ էլեկտրական հոսանքի հետ, ինչի մասին համայնքի ղեկավարը բարձրաձայնել է իրենց ընտրատարածքից ընտրված պատգամավորի մոտ, ով էլ խոստացել է ուշադրության կենտրոնում պահել խնդիրը:

Տարիներ առաջ գյուղում սովորել է 26 աշակերտ, նրանց թիվն այսօր հասել է 51-ի: Վերջին տարիներին համայնքի ղեկավարը որոշում է կայացրել վերաբնակեցնել գյուղը՝ ոչ միայն մարզի տարբեր համայնքներից բնակիչներ հրավիրելով, այլ նաեւ՝ Վրաստանի Հանրապետությունից եկած բնակիչներով: Դատարկ տներն այսօր կրկին վերաբնակեցվում են:
Նշված ծրագրով Յաղդանում 15 ընտանիք է տեղավորվել արդեն: Գյուղն ունի դպրոց, ճանապարհները վերջերս են նորոգվել, սակայն մանկապարտեզ չունենալը խնդիրներ է առաջացնում բնակչության համար: Խնդիրներ կան նաեւ լուսավորության հետ կապված:

Համայնքի ղեկավարն ասում է, որ տեղադրված տեխնիկական սարքավորումները թույլ են, ինչի պատճառով հոսանքի տատանումներ հաճախ են գրանցվում՝ մեծ վնաս հասցնելով բնակիչներին. «Դիմել ենք մեր պատգամավորին, ինքը խոստացել է հանձնարարել կարգավորել խնդիրը»,-ասում է համայնքի ղեկավարն ու հավելում, որ համայնքում լուծված է նաեւ խմելու եւ ոոգման ջրի հարցը /Նկատենք, որ ԱԺ պատգամավորը չի կարող նման հանձնարարականներ տալ, առավելագույնը՝ կարող է գործադիրի ուշադրությունը հրավիրել այդ խնդրի վրա Լ. Ա./: Անասնապահությամբ ու հողագործությամբ զբաղվող համայնքի բնակչության մեծ մասն իրենց հողատարածքները վարձակալությամբ տրամադրել են Յաղդանի կոլեկտիվ տնտեսությանը, որն էլ մշակում է հողատարածքները: Սրա արդյունքում գյուղի բնակչությունը սեզոնին նաեւ աշխատանք է ունենում:
Եվ չնայած որոշակի դրական առաջընթացին՝ համայնքի ղեկավարի խոսքով՝ Յաղդանից Հունաստան տեղափոխված համագյուղացիերը դժվար թե մշտական բնակության վերադառնան գյուղ:

Լիլիթ Ավետիսյան
Վանաձոր




Լրահոս