«Դպրոցներում և մանկապարտեզներում շարունակվում է հսկողությունը դրամահավաքության դեպքերը բացառելու ուղղությամբ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարոն Մարգարյան. ««Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրերը հնարավորություն են ընձեռում բաց և թափանցիկ տեսնել, թե հանգանակված միջոցներն ինչպես ու ինչ նպատակների համար են ծախսվում»

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում շարունակվում է հսկողությունը դրամահավաքության դեպքերը բացառելու ուղղությամբ: Զեկուցվել է, որ նախորդ 2 շաբաթների ընթացքում այս մասով ստացվել է 2 ահազանգ: Ահազանգերից մեկի ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ դպրոցի ուսուցչական կազմը տնօրենի գլխավորությամբ դպրոցի նորոգման հարցում իրենց ներդրումն ունենալու նպատակով նախաձեռնել է դրամահավաք՝ բացառապես մանկավարժական կոլեկտիվի անդամների շրջանակում: Ընդ որում, բոլորը նշել են, որ դրամահավաքը կազմակերպել են կամավորության սկզբունքով ու որևէ ուսուցչի նկատմամբ պարտադրանք չի եղել: Հարցի առնչությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այնուամենայնիվ նկատել է, որ նույնիսկ նման դեպքերում պետք է դա կազմակերպվի ավելի թափանցիկ եղանակով, ինչի հնարավորությունն առկա է:

«Նպատակը բարի է, անշուշտ, բայց դա չի նշանակում, որ հանգանակությունը պետք է կազմակերպվի առձեռն եղանակով, ինչն արդարացիորեն կարող է այլևայլ խոսակցությունների տեղիք տալ: Գործընթացը բաց և թափանցիկ կազմակերպելու նպատակով մենք ունենք «Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրերը, որի շրջանակում էլ ցուցաբերվում է ֆինանսական աջակցությունը, ինչը նաև հնարավորություն է ընձեռում հստակ տեսնել, թե բարերարների կողմից հանգանակված միջոցներն ինչպես ու ինչ նպատակների համար են ծախսվում:

Մեկ անգամ ևս հիշեցրեք բոլորին այս մասին և հորդորեք բացառապես այդ եղանակով կատարել հանգանակությունները», – ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հանձնարարելով նաև խիստ հսկողություն սահմանել գումարների հավաքագրման գործընթացում պարտադրանքը բացառելու ուղղությամբ:

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի մշակույթի և տուրիզմի, հանրակրթության վարչություններին և 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է նախապատրաստվել և պատշաճ կերպով անցկացնել ՀՀ անկախության 25-ամյակի ծրագրով նախատեսված միջոցառումները:




Լրահոս