Այս տարվա հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների նկատմամբ կիրառված բռնության դեպքերով «խոշոր ձկները» դեռ չեն հայտնվել ուռկանում: Համենայնդեպս, մինչ այս պահը հրապարակված պաշտոնական հաղորդագրություններում չեն նշվել այն անձանց անունները, որոնք երեւում են օրվա տեսանյութերում եւ համարվում են գործընթացի ակտիվ նախաձեռնողները:
Խոսքը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի, թիկնազորի անդամ Գագիկ Զոհրաբյանի (Նասկի), քրեական հեղինակություն Սարգիս Հախանումյանի՝ Տլեի եղբոր՝ Դավիթ Հախանումյանի, Տիգրան Մելոյանի եւ մյուս՝ թիկնապահ հիշեցնող կերպարների մասին է:
Ովքեր են «մանրները»
ՀՀ հատուկ քննչական ծառայության հաղորդմամբ` նշված օրը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ նախաքննությամբ հիմնավորվել է, որ քաղաքացիներ Սեյրան Կարապետյանը, Վլադիմիր Մխիթարյանը, Դավիթ Սարգսյանն ու Կարեն Գրիգորյանը կատարել են բռնության գործադրմամբ զուգորդված խուլիգանություն եւ խոչընդոտել օպերատոր Ալբերտ Գալստյանի մասնագիտական օրինական գործունեությանը:
Ապա հիշյալ անձինք հարձակվել են Գալստյանի վրա, պահանջել, որ վերջինս չտեսանկարահանի իրենց, իսկ Վ. Մխիթարյանը օպերատորի ձեռքից խլել է «Պանասոնիկ» ապրանքանիշի տեսախցիկը, որից հետո վերջինիս գցել են գետնին եւ սկսել ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցնել նրան: Այնուհետեւ նկատելով մոտեցող ոստիկանության աշխատակիցներին` դիմել են փախուստի՝ իրենց հետ տանելով տուժողից վերցված տեսախցիկը՝ դրանում առկա իրենց վերաբերյալ տեսաձայնագրությունը վերացնելու նպատակով: Այսպիսով՝ Ս. Կարապետյանին, Վ. Մխիթարյանին, Դ. Սարգսյանին ու Կ. Գրիգորյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 164-րդ հոդվածի 1-ին մասով: Այս քրեական գործից անջատված մասի՝ խմբով խուլիգանություն կատարած ու լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտած 4 անձանց վերաբերյալ գործի նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան: Ի դեպ, մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Ինչպես հայտնվեցին Սարի թաղում
Այս պատմության մեջ ամենատարօրինակն այն է, թե ինչպես են օպերատորին ծեծի ենթարկած անձինք հայտնվել իրադարձությունների կիզակետում: «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել մեղադրյալների նախաքննական ցուցմունքների որոշ մանրամասներ: Այսպես՝ իրավապահ մարմիններին մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ սույն անձինք քննիչին ասել են, թե շատ պատահաբար լսել են Սարի թաղում տեղի ունեցող դեպքերի մասին եւ որոշել գնալ, տեսնել` ինչ է այնտեղ կատարվում:
Այստեղ հարկ ենք համարում հիշեցնել, որ սա այն օրն էր, երբ բուն բախումներից ժամեր առաջ արդեն իսկ ոստիկանական ուժերը փակել էին Գլինկա փողոց մուտք գործելու բոլոր հնարավոր ճանապարհները: Ու խաղաղ երթի մասնակից քաղաքացիները ստիպված էին փոխել ճանապարհային քարտեզը, քանի որ նշված հատվածում խոչընդոտներ էին առաջացել: Սակայն շատ տարօրինակ պատահականությամբ բռնարարներին հաջողվել էր հայտնվել հենց այն վայրում, որտեղ իրադարձություններն աննախադեպ արագ էին զարգանում:
Ինչեւէ, շարունակելով «մանր ձկների» պատմությունը` նշենք, որ նրանք իրենց ցուցմունքներում գրել են, որ Սարի թաղում վիճաբանության են բռնվել անհայտ ինչ-որ մարդկանց հետ, ապա նկատել, որ ընթացքը նկարահանվում է: Մոտեցել են իրենց նկարահանող օպերատորին (խոսքը Ալբերտ Գալստյանի մասին է) եւ պահանջել են, որ ջնջի իրենց վերաբերող հատվածները: Բացասական պատասխան ստանալուց հետո անցել են ձեռքի ուժի:
Եվ ինչպես պաշտոնապես հաղորդվեց` տեսնելով դեպի իրենց եկող ոստիկաններին` փախուստի են դիմել:
Պատասխան չստացած հարցերը
Թե որքանով է մեղադրյալների ներկայացրածը ճշմարտանման, դեռեւս վաղ է ասել: Այդուհանդերձ, կան որոշ դրվագներ, որոնք հարցերի տեղիք են տալիս: Բանն այն է, որ Սարի թաղում տեղի ունեցած դեպքերը հուլիսի 29-ին չէ, որ սկսվել են: Այլ հուլիսի 17-ից, երբ «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների կողմից գրավվեց ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը, նրանց սատարող մի խումբ քաղաքացիներ ինքնաբուխ ակցիաներ կազմակերպեցին` ի նշան աջակցության: Ակցիաներն ավելի մարդաշատ եւ լարված էին դառնում, իրադրությունն էլ` անվերահսկելի:
Իսկ արդեն հուլիսի 30-ին, երրորդ ոստիկանի սպանությունից հետո, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն արդեն վերջնաժամկետ էր ներկայացրել խմբավորմանը` խոստանալով կտրուկ քայլերի դիմել պահանջը չկատարելու դեպքում:
Եվ զարմանալի զուգադիպությամբ մի խումբ քաղաքացիական հագուստով մարդիկ հենց այդ օրն են որոշել գնալ Սարի թաղ եւ «ձեռքի հետ ծեծել» իրենց վիճաբանությունը նկարահանած լրագրողներին:
Հուսով ենք՝ դատաքննության ընթացքում կստանանք բոլոր հարցերի պատասխանները:
Ի՞նչ իմանաս, գուցե նրանց «ականջին շշնջացե՞լ են», որ հենց հուլիսի 30-ին է պետք հայտնվել այնտեղ…
Ինչ է պատմում տուժած օպերատորը
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց այս գործով որպես տուժող անցնող օպերատոր Ալբերտ Գալստյանի հետ: Մեր զրուցակիցը ներկայացրեց նույն իրավիճակը, ինչ պատմել էին մեղադրյալները. ինքը նկատել է վիճաբանող անձանց, մոտեցել է` նկարահանելու, ապա իրեն ծեծի են ենթարկել: Նրան քննիչները երկու անգամ են հարցաքննության հրավիրել:
Եվ այստեղ հարց է առաջանում` ինչո՞ւ օպերատորին ծեծի ենթարկողները բռնություն չէին գործադրել միմյանց նկատմամբ` վիճաբանելիս, այլ ուժերը փորձել են օպերատորի վրա. նշանակում է` նրանք չեն էլ վիճաբանել, այլ ինչ-որ բան են բեմադրել, որը օպերատորը «ֆիքսել» է:
Իսկ մյո՞ւս բռնարարները
Ըստ նախաքննություն իրականացնող մարմնի հատուկ քննչական ծառայության հաղորդագրության` հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի հետեւանքով ենթադրաբար տուժել է 99 քաղաքացի, որոնցից 23-ը՝ լրագրող:
Նրանցից 63-ը ճանաչվել է տուժող, իսկ 11 անձ հարցաքննվել է որպես վկա: Հարցաքննվել են նաեւ զանգվածային տարբեր լրատվամիջոցների 23 լրագրողներից 21-ը: Նրանցից 19-ը ճանաչվել է տուժող, 2-ը հարցաքննվել է որպես վկա, իսկ 2-ը հրաժարվել են ներկայանալ վարույթն իրականացնող մարմին: Եվ այսպես՝ դեպքից անցել է արդեն մոտ երկու ամիս, սակայն բացահայտված է համարվում դեպքերից միայն մեկը:
Վերջում հարկ ենք համարում հիշեցնել, որ մեդիադաշտի ներկայացուցիչների ներկայացրած վերջնաժամկետը` ուղղված ՀՀ իշխանություններին կատարվածը հանգամանալից բացահայտելու պահանջով, լրանում է հոկտեմբերի 10-ին:
Հուսով ենք` հերթական հիասթափությունն ապրելու առիթ չի լինի: Քանի որ, ինչպես հայտարարել են ԶԼՄ ներկայացուցիչները, քայլերը կոշտ են լինելու:
Տաթեւ Հարությունյան