Սեպտեմբերի 18-ին կայացած համայնքային ընտրություններում Հանրապետական կուսակցության շատ թեկնածուներ պարտվեցին` իրենց տեղը զիջելով ոչ միայն ինքնառաջադրված թեկնածուներին, այլեւ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին: «Ժողովուրդ»-ը այս առիթով զրուցեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանի հետ:
-Պարո՛ն Թադեւոսյան, սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում բազմաթիվ ՀՀԿ-ական գյուղապետեր չվերընտրվեցին: Ըստ Ձեզ, ո՞րն էր հիմնական խնդիրը:
-Ես Ձեզ հետ համաձայն չեմ, հանրապետական շատ գյուղապետեր հաղթել են: Համայնքների քանակն էր շատ, դրա համար է Ձեզ այդպես թվում: 237 համայնքներում տեղի ունեցած ընտրություններից 161-ում մեր թեկնածուները հաղթել են: Ինչպե՞ս կգնահատեք ցուցանիշը, ավելի շատ է պարտությու՞նը, թե՞ հաղթանակը: Նշեմ նաեւ, որ ունեցել ենք մոտ 20 համայնքներ, որտեղ մեր թեկնածուները իրոք պարտություն են կրել: Բայց դա մրցակցություն է, ընտրություններ են:
-Այսինքն՝ չկա՞ր որեւէ խնդիր, որն էլ հանգեցրեց պարտության:
-Պարզապես ուժեղ մրցակցություն կար, երեւի մեր թեկնածուները ճիշտ մարտավարություն չէին ընտրել կամ իրենց ծրագրերով այնքան էլ չէին արժանացել ժողովրդի վստահությանը:
-Առջեւում հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններն են: Արդյո՞ք հետեւություններ արել եք, որպեսզի ավելի շատ հաղթանակներ ունենաք:
-Դեռ այսօր է լրանում բողոքարկման ժամկետները, մենք ունենք վիճարկելի տեղամասեր: Վերջնական տվյալներից հետո, իհարկե, կամփոփենք եւ անհրաժեշտ հետեւություններ կանենք, համապատասխան գնահատականներ կտրվեն:
-Այս ընտրությունների արդյունքները Ձեզ չեն անհանգստացնո՞ւմ:
-Չենք անհանգստանում, պարզապես մեր ծրագրերը, մոտեցումներն ու մարտավարությունը որոշ ուղղորդման կարիք կունենան` հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները, ժողովրդի ցանկություններն ու մոտեցումները: Ես համաձայն չեմ մամուլում հնչող կարծիքների հետ, թե հանրապետականները պարտվել են: Թվեր կան, համեմատեք: Համեմատեք այլ քաղաքական կուսակցությունների մասնակցության հետ` իրենց թեկնածուների քանակով եւ ունեցած հաջողություններով: Մենք միշտ էլ ունեցել ենք թե՛ հաջողություններ, թե՛ ձեռքբերումներ: Ի դեպ, մենք առաջադրել ենք նաեւ շատ անկուսակցական թեկնածուների, որոնք նաեւ հաղթանակ են տարել:
-Իսկ հնարավո՞ր է, որ հաղթանակից հետո նրանք էլ համալրեն ՀՀԿ շարքերը:
-Դա իրենց որոշելիքն է:
-Այսինքն՝ նախապես համաձայնություն չի՞ եղել, որ օգնելու դեպքում պետք է համալրեն ձեր շարքերը:
-Չէ, ինչ եք ասում, իրենք են որոշում, դա այդպես չէ, մենք, պարզապես գնահատելով իրենց հնարավորությունները, ժողովրդի կողմից ընդունված լինելը, ունակությունները եւ պատրաստակամությունը, առաջարկել ենք եւ առաջադրել ենք այդ թեկնածուներին: Կան նաեւ համայնքներ, որտեղ ընդհանրապես թեկնածու չէինք առաջադրել:
-Ո՞րն է պատճառը:
-Շուտով ես Ձեզ կներկայացնեմ ամփոփ տվյալները:
Վահագն Հակոբյան